Պահանջատերը պետգույքի վարչությունն է

Պահանջատերը պետգույքի վարչությունն է
Ես` Արտակ Մարդանյանս, 28 տարեկան եմ, 3-րդ կարգի հաշմանդամ: Գոյատեւում եմ պատահական եկամուտներով: Հայտնվել եմ դատական քաշքշուկների մեջ եւ հույս ունեմ, որ այս նամակը տպագրելը կապահովի իմ ապրելու սահմանադրական իրավունքը:



Զրկվելով հորից, 8 տարեկանից մշտապես բնակվել եմ պապիս եւ տատիս հետ Երեւանի Լեփսիուսի փողոցի 39 շենքի 6-րդ բնակարանում: Մեզ հետ էին բնակվում նաեւ հորեղբայրս, նրա կինը եւ երեք երեխաները: Քանի որ ընտանիքը բազմանդամ էր, պապս ու տատս կարողացել էին ԺԷԿ-ի թույլտվությամբ մեր շենքի նկուղային հարկերից մեկը, որն իրենց համար ցախանոց էր, նորոգել ու հարմարեցնել բնակության համար:



Ահա այդ տարածքում էլ, սկսած 1991թ., բնակվում էինք ես, պապս ու տատս, իսկ ընտանիքի մյուս անդամները` վերը նշված 6-րդ բնակարանում: Այժմ ինձ զբաղեցրած տարածքից վտարելու հարց է դրվում, եւ պահանջատերը ՀՀ ԿԱ պետական գույքի վարչությունն է: 2004 թ.փետրվարի 13-ին մանկատների շրջանավարտների համար մեկ սենյականոց բնակարանների ձեռքբերման պետական ծրագրի շրջանակներում ոմն Ա. Բայաթյանից վարչության համար գնել են Երեւանի Լեփսիուսի փ. 39 շ. 2ա բնակարանը: Գնորդը կանխիկ վճարել է նախատեսված գինը, իսկ վաճառողը պայմանագրով նախատեսված վաճառքի առարկա բնակարանը գնորդին չէր հանձնել: Այդ նույն վաճառողը մինչ այդ՝ 2002թ. նոյեմբերին հաջողել էր առանց այն ստանալու "գնել" այդ նույն շենքի թիվ 2 բնակարանը իր անվամբ ձեւակերպված սեփականության վկայականով: Դա անելու գործում նա ոչ մի արգելքի չէր հանդիպել, անգամ այդ բնակարանի տերը տեղյակ չէր գործարքից: Դրանից հետո առաջ է գալիս "2"-ը "2ա" սարքելու փաստաթղթի ապահովման խնդիրը, որը հաջողությամբ իրականացվում է:



Անհրաժեշտ է նշել, որ 2ա կոչվող բնակարանը տնատիրությունում հաշվառված չէ, այլ 2-րդ բնակարանի տակ գտնվող նկուղային տարածք է, որը ընդհանուր օգտագործման կարգավիճակ ունի: Այսպես կոչված 2ա բնակարանը երբեք վաճառքի առարկա չի հանդիսացել: Չէր կարող հանդիսանալ, որովհետեւ այն սեփականության վկայական չուներ, գոյություն չուներ այն սուբյեկտը, որը կարող էր դա վաճառել քաղ. Ա. Բայաթյանին: Այդ բոլորից հետո 2004թ. մարտին վարչության անվամբ դուրս է գրվում վկայական, որ նա հանդիսանում է 2ա բնակարանի սեփականատերը: Վարչությունը, ընդունելով այդ վկայականը, նախարարությունից չի պահանջում բնակարանը: Ի՞նչը պետք է տնօրիներ, ի՞նչ պետք է հանձներ մանկատան շրջանավարտներին:



Չգիտեի՞ն օրենքի պահանջը, որ գույք ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, իսկ այն հանձնված է համարվում ձեռք բերողի փաստացի տիրապետմանն անցնելու պահից: Գիտեին, բայց արդեն ուշ էր` թղթի կտորի համար պետբյուջեից վճարված 5 մլն. դրամն իր տերերին գտել էր:



Հարգելի խմբագրություն, վարչությունը, սկսած 2004-ի մարտից մինչեւ 2007-2008թթ. նոյեմբեր ամիսը, երբեք տատիս ու պապիս, նաեւ ինձ չի անհանգստացրել, մեր նկատմամբ որեւէ պահանջ չի դրվել: Ոչ ոք կասկածի տակ չէր դնում մեր իրավունքը, մենք պատշաճ գրանցված (հաշվառված) ենք մեր նկուղում: Միայն 2008թ. նոյեմբերին մենք իմացանք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը առանց պատասխանողի մասնակցության քննել է վարչության հայցն ընդդեմ Աստղիկ Մկրտչյանի (տատիս) եւ Արտակ Մարդանյանի` ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին, եւ, հենվելով միայն այն հանգամանքի վրա, որ վարչությունն ունի տվյալ "բնակարանի" սեփականության վկայականը, վճռել է հայցը բավարարել եւ վտարել մեզ: Մենք վերաքննիչ բողոք ներկայացրեցինք, որը 27.02.2009թ. բավարարվեց եւ գործն ուղարկվեց նոր քննության:



Նոր քննությամբ էլ դատարանը վճռեց վարչության հայցը մերժել: Այս անգամ էլ չբավարարված զգաց վարչությունը եւ վերաքննիչ բողոք ներկայացրեց վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն էլ նոր "քննությամբ", հաշվի չառնելով վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված բոլոր հանգամանքները, գտավ, որ այդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է վարչությանը եւ 30.06.2010թ. կայացված որոշմամբ որոշեց ինձ վտարել բնակարանից:



Ես չգիտեմ ինչ անուն տալ այս բոլորին: Բախվել են իրար մարդը` օրենքի ու բարոյականության նորմերին համապատասխան իրավունքներով, ու պետական մի կառույց, կեղծիքների եւ չարաշահումների հիման վրա ձեռք բերված թղթակտորով: Ով կհաղթի` կորոշի ՀՀ վճռաբեկ դատարանը, որի վարույթում է գտնվում իմ ներկայացրած վճռաբեկ բողոքը: Թեեւ կա նաեւ Եւրոպական դատարան դիմելու հնարավորությունը:



Արտակ ՄԱՐԴԱՆՅԱՆ

Լեփսիուսի փողոց, 39 շենք, բնակարան 2 ա