Քաղաքական շոու` աշխարհի աչքին թոզ փչելու համար

Քաղաքական շոու` աշխարհի աչքին թոզ փչելու համար
Թուրքիայի իշխանությունները թույլատրել են, որ սեպտեմբերի 19-ին պատարագ անցկացվի Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում: Մեծ թվով հայեր Հայաստանից եւ սփյուռքից պատրաստվում են մասնակցել մատուցվող պատարագին: Սակայն շատերը պնդում են, որ դա զուտ քաղաքական խաղ է՝ կազմակերպված թուրքերի կողմից, եւ բնավ էլ պետք չէ մասնակցել այդ քաղաքական շոուին եւ պետք չէ հերթական անգամ կուլ տալ թշնամու խայծը: Հատկապես կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել "Վասպուրական" հայրենակցական միությունը: Շատերն այդ օրը պատարագին գնալը անգամ դավաճանություն են համարում: Դավաճանություն չէ, բայց որ գնալ պետք չէ, համոզված է նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:



Նա համոզված է, որ "այդ ամբողջը թուրքերի կողմից կազմակերպված քաղաքական շոու է: Թուրքերը միշտ էլ կարողանում են իրենց համար հարմար պահ ընտրել ու աշխարհին ցույց տալ, թե իրենք լավ հարաբերությունների մեջ են հայերի հետ, բայց դրանով նրանք ընդամենը աշխարհի աչքին թոզ են փչում: Այս քայլը հստակ միտված է հայկական տարրի դեմ",- երեկ հրավիրված ասուլիսում ասաց Էդիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին՝ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում կայանալիք պատարագի օրը, եկեղեցու գմբեթին մեկ օրով խաչ կտեղադրվի, իսկ ընդհանրապես եկեղեցին հիմա վերածվել է թանգարանի եւ իր նպատակին չի ծառայում: Պատարագից հետո խաչը նորից հանվելու է, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ այս ամենը ընդամենը լավ մշակված ու ծրագրված խաղ է Թուրքիայի կողմից:



Էդիկ Մինասյանը, որը վերջերս է վերադարձել Աղթամար կղզուց, փաստեց, որ իրենց թույլ չեն տվել անգամ աղոթել եկեղեցում: Ի դեպ, եկեղեցին օծված էլ չէ, եւ ըստ եկեղեցական կարգի՝ չօծված եկեղեցում պատարագ մատուցելն արգելվում է: Եկեղեցին պատարագ մատուցելուց մեկ օր առաջ պետք է օծել՝ գինով ու մեռոնով, եւ օծելու ժամանակ եկեղեցու գլխին պարտադիր պետք է խաչ լինի: Ինչը ենթադրում է, որ խաչը պետք է տեղադրվի մեկ օր շուտ եւ եկեղեցու գմբեթին մնա 2 օր: Կթույլատրե՞ն արդյոք թուրքական իշխանությունները, որ խաչը տեղադրվի պատարագի նախորդ օրը՝ դեռ պարզ չէ:



Ասուլիսի մյուս բանախոսը՝ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը, կարծում է, որ պետք չէ հարցը այդ աստիճան քաղաքականացնել. "Վերջիվերջո մի մոռացեք, որ սա հոգեւոր հարց է: Պատարագը մնում է պատարագ, ու հարցը այդքան քաղաքականացնել պետք չէ: Պետք չէ այս հարցում ագրեսիվ, մերժողական դիրքորոշում որդեգրել: Եթե մենք չմասնակցենք այդ պատարագին, ապա կմեկուսացվենք: Բոյկոտելով՝ աշխարհի աչքին կերեւանք ագրեսիվ եւ անհանդուրժող ազգ":  Ամեն դեպքում այն հայերը, որոնք այդքան շատ են ուզում եւ պատրաստվում են սեպտեմբերի 19-ին մեկնել Աղթամար կղզի, կարող են շատ հանգիստ ուխտի գնալ մեկ ուրիշ օր, միայն թե ոչ այդ օրը՝ հորդորում էին երեկվա բանախոսները:



ՀԳ - Իրավիճակը շատ դիպուկ ու հետաքրքիր է բնութագրել նաեւ "Մոդուս Վիվենդի" կենտրոնի ղեկավար Արա Պապյանը. "Թուրքերը լավ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնույթն ու իրավունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճվալից մասնակցության իմաստը: Իբր աշխարհը կիմանա, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանա, արդեն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանա: Սակայն վստահեցնում եմ ձեզ` դա չի լինելու աշխարհի մեծագույն լրատվականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականության գովքն է լինելու: Թույլ մի տվեք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ստորացումը մեզ մի քանի տասնամյակ հերիք է: Ինչո՞ւ եք ուզում նորից աղ ցանել մեր վերքերին":