Անձրեւի ու արեւի տակ

Անձրեւի ու արեւի տակ
Ձմերուկի եւ սեխի սեզոնային առեւտուրն սկսվելուն պես  Վանաձորի տարբեր հատվածներում սկսվում է դրանց բացօթյա վաճառքը: Վաճառակետեր կարելի է հանդիպել թե քաղաքի կենտրոնական, թե ծայրամասային փողոցներում, այգիների ու սրճարանների, խանութների ու կանգառների հարեւանությամբ: Վաճառքը կազմակերպելու մի քանի պարտադիր պայման կա, այն է՝ վաճառողը պարտավոր է ապահովել ապրանքի որակը, ձմերուկը եւ սեխը պետք է պահել կույտերով` փայտե արգելքներով առանձնացված հարթակներում: Վաճառակետը պետք է լինի մաքուր ու կողքին դրված լինի աղբարկղ:



Բայց պահպանվո՞ւմ են այս կանոնները: Քաղաքի կենտրոնական հատվածներում նկատեցինք, որ բացակայում են աղբարկղերը, մի մասն էլ ձմերուկն ու սեխը վաճառում են անմիջապես գետնին դրված: Վաճառողներից փորձեցինք ճշտել՝ ունե՞ն վաճառքի թույլտվություն: Բոլորն ասացին՝ ունենք, իսկ երբ խնդրեցինք ցույց տալ, պատասխանեցին՝ հիմա մոտս չի, տանն եմ թողել, եւ այլն: Իսկ ինչ են մտածում վանաձորցիները արեւի ու անձրեւի տակ, մեքենաների արտանետած գազերի կողքին ու փոշու մեջ վաճառվող մթերքի մասին: Պատասխանները տարբեր էին. տիկին Մարգարիտան, օրինակ, նշեց, որ ինքը ձմերուկը գնում է միայն փակ վաճառակետերից. "Ես ամեն տեղից չեմ առնում, անցած տարի սաղ ընտանիքով թունավորվեցինք, դա մեզ դաս եղավ": Իսկ 40-ամյա Մարինեն վստահեցնում է. "Ես տարբերում եմ հին ձմերուկը թարմից, ինձ համար նշանակություն չունի որտեղ է այն վաճառվում":



Ինչպես նշում է Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ տրանսպորտի բաժնի պետ Ազատ Իսպիրյանը, այս տարի եւս նախորդ տարվա նման մայիս ամսից նախօրոք տրվել են հայտարարություններ, սակայն վաճառքի տեղերը տրամադրվել են առանց մրցույթի. "Նախատեսված էր 21 տեղ, այնպես ստացվեց, որ յուրաքանչյուր տեղի համար դիմել էր կոնկրետ անձնավորություն, որոնց էլ հնարավորություն տրվեց վաճառքն իրականացնել": Նրա հավաստմամբ՝ իրենց կողմից բոլորին բաժանվել են սանիտարահիգիենիկ կանոններն ու պահպանման կարգը: Իսկ երբ հարցրինք, թե ինչպես է վերահսկվում դրանց պահպանումը, եւ պայքարո՞ւմ են արդյոք անօրինական տարածքների դեմ, բաժնի պետը պատասխանեց. "Մեր ստուգայցերն ամենօրյա  են, հենց հիմա էլ կարող է դուրս գանք ու տեսնենք մի նոր տեղ ավելացել է":



Այդ դեպքում "անմիջապես զգուշացվում են, տեղն ազատվում է կամ կազմվում է համապատասխան արձանագրություն ու ներկայացվում վարչական հանձնաժողովին": Բաժնի կողմից ստուգայցերն իրականացվում են ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ: Ազատ Իսպիրյանի խոսքով՝ տրամադրված տարածքները նախօրոք համաձայնեցվում են քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի հետ ու տրվում են քաղաքապետի թույլտվությամբ: "Մենք գնում ենք բացօթյա առեւտրի սահմանափակմանը, դեպի քաղաքակիրթ առեւտուր: Այսօրվա սոցիալական վիճակից ելնելով, շատ քաղաքացիներ դիմում են բացօթյա առեւտրին ու շատերն էլ դրանից են օգտվում, դրա համար առայժմ չենք կարողանում լրիվ վերացնել, բայց գնում ենք սահմանափակման",-ասում է նա:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ