Չալաղաջի պաշտամունքը Սեւանի ափին

Չալաղաջի պաշտամունքը Սեւանի ափին
Հանգստյան օրերին Երեւան-Սեւան մայրուղին գերբեռնված էր: Ով մեքենա ուներ, մեքենայով, ով չուներ, ընկերների, ծանոթների մեքենայով, ով էլ ընկեր ու ծանոթ ուներ, բայց մեքենա չունեին, երթուղային տաքսիներով ու բրածո "Պազ"-երով գնում էին Սեւան՝ հանգստանալու: Մինչեւ Սեւանի ափին խոյացած "Հարսնաքարը" փռած թարմ ասֆալտը անասելի հրճվանք էր պատճառել մորեխի պարսի պես դեպի լիճը սուրացող մեքենաների վարորդներին: "Օրհնվի, օրհնվի Մեդվեդեւի ոտքը, որ պիտի դիպչի այս ասֆալտին, ու նրա մահանայով մենք էլ առանց փոսն ընկնելու կարում ենք հասնենք մեր գեղատեսիլ լճի ափը",-ասում էին շատերը կես լուրջ, կես կատակ:



Անցած տարվա համեմատ Սեւանն այս տարի առավել պաշարված էր: Այն վայրերում, որտեղ ափն ուղղակի զառիթափ է, լիճը բախվում է բնական արգելապատնեշի, սակայն  դա նրա ապահովությունն է նաեւ: Իսկ ահա մարդուն հասանելի ափերը աներեւակայելի վտանգ էին պարունակում: Նունիսկ նա, որի կարդացած միակ գիրքը Վախթանգ Անանյանի "Սեւանի ափինն" է եղել, պետք է հիշի, թե ափամերձ տարածքում որքան թռչուն է եղել ժամանակին, որոնք ձվադրել, բազմացել ու հարստացրել են ոչ միայն լճի էկոհամակարգը, այլեւ ազգաբնակչության հոգեկան պաշարները, երեւակայությունն ու հետեւաբար՝ գրականությունը:



Մի խոսքով, հասարակության արժեհամակարգն ու կապը հայրենի բնության հետ: Այսօր Սեւանի շուրջն ամայություն է ու կեղտ, կեղտ, կեղտ: Ամայացած ու կեղտոտ է  նաեւ հասարակության հոգին: Նրանք, ովքեր կարողացել են հասարակական նոր "արժեքների"՝ թալանի, խարդախության, կեղծավորության ու քծնանքի հաշվին կուտակել իրենց նյութական բարիքը, ապարանքներ են կառուցել ֆաունայի- ֆլորայի երբեմնի տիրույթներում եւ հաստատել, ժողովրդական լեզվով՝  իրենց հոր գինը՝ լճափի ավազների վրա: Ովքեր վերջիններիս համեմատ պակաս "հաջողակ" են գտնվել, բայց շուստրիության տարրեր, այնուամենայնիվ, պարունակել է նրանց բնավորությունը, ընդամենը գնել են ափի կտորներ կամ վարձակալել ու տեղադրել աղքատ խավին մատչելի հայտնի դոմիկները:



Այդպիսի դոմիկում մեկ օր անցկացնելու գինը տատանվում է 10-15 հազար դրամի սահմաններում: Այդ գումարով, ի դեպ, կարելի է վրացական Քոբուլեթիում 10 օր բնակարան վարձել: Նույնքան արժի ափին հարմարեցրած երկաթե "բիսեդկան", եթե մեկ օրով ես եկել ու դոմիկի կարիք չունես, բայց սեղանի կարիք ունես: Զուգարանն այդ "քեմփինգներում" ընդհանուր է: Ճիշտ է, դեռ ոչ ոք չի ֆայմել այն սեփականացնել ու դարձնել վճարովի, բայց հանգստացողների համար դա կծծի գարշահոտի մեջ խորհելու, մեկուսանալու միակ վայրն է: Թեպետ հանուն արդարության պիտի նշեմ նաեւ, որ փոքր կարիքները հոգալու համար Սեւանն էլ է հարմար հին մշակութային ազգիս ներկայացուցիչներին: "Մա՜մ, չիշիկ ունեմ",-թնկթնկում էր մի փոքրիկ տղա, անհանգիստ քաշելով խորոված բադրիջանի ու բիբարի վրա կենտրոնացած մոր փեշը:



"Գնա մտի ջուրը՝ չիշիկ արա",-խորհուրդ տվեց կերակրի պատրաստություն տեսնող փափկասուն տիկինը: Երեխան կողքերը նայելով, մտավ ջուրն ու մանկան անմիջականությամբ ուշադիր հետեւում էր քթի տակ պղպջակներ բաց թողնող ջրերին: Կողքին հաստավիզ մի պապա պլպլան տուփից արեւածաղկի սերմ էր չրթում ու թքում ոտքերի տակ փրկօղակով չփչփացնող իր փոքրիկի գլխին: Ազգս հանգստանում էր: Սեւանի մշտական կլիենտները գիտեին ափի ամեն մի թուփը: "Ահա էս դոմիկները Էջմիածնի տերտերներինն են, նրանք են գալիս ստեղ հանգստանում",-տեղեկացրեց, ցույց տալով երկաթե ցանցով իրենց հատվածից առանձնացված փայտե տնակները, որոնց զուգարանն ընդհանուր չէր, այլ յուրաքանչյուր "դոմիկին" կիսակցված քարե շինություն էր:



Մեր հարցին, թե չի՞ կարելի արդյոք բիոզուգարաններ գնել ու տեղադրել, տարածքի տերերից մեկը պատասխանեց. "Ա՜յ քուր ջան, ինչի՞ հետեւից ես ընկել, զուգարան ա, էլի, գնացեք օգտվեք, զարգացել եք, գյուղի զուգարանները ձեզ արդեն լայաղ չեն": Անմիջապես ափին նստելու, Սեւանի տեսարանն ու հատկապես լճից փչող մաքուր օդը կամ, ինչպես սիրում է կատակել ընկերներիցս մեկը, "մեղմ հովիկին" վայելելը նույնպես անհնար է: Ափին այնքան  մոտ, որ անիվները ջրերի մեջ էին սպիտակ "Նիվա" մեքենաների, ու մի քիչ հեռու, խառնիխուռն կանգնեցրած այլ փոխադրամիջոցների երեք սերնդի շոֆերներն ու նրանց կանայք,  սիրուհիները, ընկերուհիները, կոլեկտիվներն այնպիսի մոլուցքով էին տարված խորովածի պատրաստությամբ, որ նույնիսկ երեկոյան ժամին չհաջողվեց որսալ "մեղմ հովիկի" շունչը:



Ամբողջ ափն ու մինչեւ "բույոկը" հասնող ջրի հատվածը պարուրված էր սրտխառնուք հարուցող խորովածի ծխով: Ջրային զվարճալիքների շարքը աղքատների ափին սահմանափակված էր ջրային երկու հեծանիվների ու "Սկուտեր" տեսակի մի մոտոցիկլի վարձակալությամբ: "Սկուտերի" մեկ րոպեն արժեր 1000 դրամ, հեծանիվինը՝ նույնքան, բայց քսան րոպեն: Արեւածաղկի սերմ չրթողն իր ընկերախմբով հասցրեց "Սկուտեր" քշել: Ու քանի որ րոպեն փող արժեր, կատաղի արագություն էին ծավալում ու լողացողների գլուխների վրայով քշում մինչեւ լճի կենտրոնն ու ետ դառնում: Ոչ փրկարարներ էին երեւում, ոչ էլ զգուշացնող ցուցանակներ: Ի դեպ, անցած տարի Քոբուլեթիում "Սկուտեր" քշող մի հայ պապա ջնջխել էր երիտասարդ մի աղջկա գլուխը, ու աղջիկն ընկղմվել էր ծովի հատակը:



Հանգստացողների ունայնությունը չափազանց գծային ու պրիմիտիվ է: Ում խորովածը երբ պատրաստ էր լինում, ուտում էին այդ պահին: Ու քանի որ տարբեր ժամերի էին գալիս, այդ գործընթացը թվում էր անվերջանալի: Ուտելիս էլ զրուցում էին հանգստի, լճի մասին. "Երեկ մի տասներեք տղա երեխայի դիակ են գտել", "Բա երկու օր առաջ էլ երկու քույրերի դիակն են գտել...",- այս ու այն կողմից նման պատմություններ էին լսվում իրենց բոլոր մանրամասներով ու դատողություններով: Կրկին ի դեպ՝ խորովածակերությունն ու հարակից պատմություններն ընթանում էին ծառերից մեկին փակցված միակ ցուցանակի տակ, որի վրա նկարված էր չաղ, տկլոր, բեղավոր արական սեռի մի մարդակերպ, որի տակ էլ գրված էր. "Գազանը կեղտոտում է Սեւանը":