Հոգնած ու հոգնեցրած

Հոգնած ու հոգնեցրած
Միացնում եմ հեռուստացույցը, մի ալիքով խոսում է արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը: Խելոք մտքեր է ասում, երկար՝ առանց պատկերի խոսք է: Գուցե ռադիոյով հնարավոր լիներ լսել, ասենք, ճաշ պատրաստելիս, երբ ձեռքերդ ու աչքերդ զբաղված են: Մի ուրիշ ալիքով խոսում է Արտյոմ Երկանյանը՝ "Շանթի" ունիվերսալ փորձագետն ամեն ինչի գծով: Նրա զրուցակիցը նույնպես "հարազատ" դեմք է՝ Նվերը: Մյուս ալիքով մի ամբողջ եռյակ է խոսում՝ Ստեփան Գրիգորյան, Ստեփան Սաֆարյան, Արտակ Զաքարյան կազմով: Թեման Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են ու Մեդվեդեւի առաջիկա այցը: Նորից փորձում են խելոք մտքեր հայտնել: Նրանց "խոսեցնողն" էլ մի 6-7 տարի եթերից մեր աչքերը "մազոլ" արած նույն դեմքն է: Ցավալի է, բայց "երկնագույն էկրանը" ոչ մի անակնկալ մեզ չի մատուցում: Եվ ոչ մի նոր դեմք: Ընդհանրապես՝ երբեմն թվում է ժամանակը կանգ է առել հայկական լեռնաշխարհում: Ոչինչ չի փոխվում ոչ միայն տարեցտարի, այլեւ տասնամյակների կտրվածքով եւ անգամ դարի փոփոխությամբ: Էկրանին ու ասպարեզում գտնվող մարդիկ մեր աչքի առաջ ծերանում են, վաղուց մեզ հայտնի մտքեր արտահայտում, խոսք ու զրույցի թեմաներն էլ են նույնը, հասարակության առաջ ծառացած խնդիրները՝ եւս: Ինչպե՞ս հաղթահարել այս տաղտուկը, որտեղի՞ց գտնել այն նոր խոսքը, միտքը, հայացքը, որ կարող է բալասանի դեր խաղալ: Մեզ հանել այս ճահճից, նոր լուծումներ ու նոր շունչ հաղորդել հանրությանը: Որտե՞ղ է այն երիտասարդ, նոր սերունդը, որ ասելիք ու անելիք ունի այս երկրում եւ որը պետք է փոխարինի Հենրիկ Հովհաննիսյանին, Ստեփան Գրիգորյանին, Նվեր Մնացականյանին եւ մյուսներին: Թե՞ մենք դատապարտված ենք նրանց լսելու եւս 10-20 տարի, իսկ հետո կգան նորերը, բայց նրանց նմանությամբ ու կերպարով: