Հաշվի կառնե՞ն Սեւանա լճի հանձնաժողովի կարծիքը

Հաշվի կառնե՞ն Սեւանա լճի հանձնաժողովի կարծիքը
ՀՀ նախագահին կից Սեւանա լճի հարցերի հանձնաժողովը Վլադիմիր Մովսիսյանի ստորագրությամբ իր վերջնական եզրակացությունն ուղարկել է բնապահպանության նախարարություն, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակից Եղեգնաձորի Աղնջաձոր համայնք պետք է իրականացվի 20-25 լ ջրառ: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի հինգ գյուղերի բնակիչները երկու ամիս առաջ ահազանգեցին պատկան մարմիններին, թե վտակի հունը փոխում են դեպի Աղնջաձոր՝ ՀԷԿ կառուցելու նպատակով:



Նշենք, որ այս բացատրությունը պատահական չէր:  Աղնջաձորի համայնքապետը 2006 թվականին 71 հա ոռոգելու նպատակով կարողացել էր կորզել 86 լ ջրի  թույլտվություն: Այս ժամանակահատվածում ձեռք էր բերվել նաեւ ՀԷԿ կառուցելու թույլտվություն, որից հետո, անցած տարվանից Գայլաձորի մոտ շինարարական աշխատանքներ էին ծավալվել՝ հանցավոր նպատակն իրականացնելու համար: Նշենք նաեւ, որ եթե հաջողվեր 86 լ ջուր տանել, ապա կջրազրկվեին հինգ գյուղերն ու Սեւանա լիճը: Բնապահպանության նախարարությունում բնակիչների ահազանգից հետո կազմվեց համապատասխան աշխատանքային խումբ, որը դեպքի վայրում ուսումնասիրություններ կատարելուց հետո բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկում կազմակերպեց նախարարությունում, որի ընթացքում էլ առաջարկեց 39 լ ջրի թույլտվություն տալ, իսկ համայնքապետերն առաջարկում էին մշտապես ոռոգվող ջրի քանակ՝ մոտ 20 լ:



Այդ առաջարկությունների փաթեթն ուղարկվեց  նախագահին կից Սեւանա լճի հանձնաժողով, որտեղ էլ վերջնականապես հաստատեցին իրենց կարծիքը՝ տալով 25 լիտրի թույլտվություն: Բնապահպանության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ փուլում է խնդրի լուծումը: Մամուլի պատասխանատու Արծրուն Պեպանյանը փոխանցեց, որ եզրակացությունը ստացել են բնապահպանական տեսչությունը եւ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, պետք է քննարկեն ու հաշվի առնեն այն, իսկ վերջնական լուծումը երկու կառույցների քննարկումից հետո կլինի: Նշենք, որ թեեւ հանձնաժողովի կարծիքը հօգուտ բնության պահպանության ու գյուղացիների է, սակայն ջրառի թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման գործակալության իրավասության մեջ է մտնում: