Արցախի նախագահը քուն ու դադար չունի

Արցախի նախագահը քուն ու դադար չունի
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ամառվա տապին անգամ շարունակում է աշխատել ողջ ծանրաբեռնվածությամբ։ Օգոստոսի սկզբներին ընդունելով "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին, նա բարձր է գնահատել Արցախում հիմնադրամի կատարած աշխատանքը եւ այն համարել "ինչպես մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող, այնպես էլ հայրենիք-սփյուռք կապերն ամրապնդող կարեւոր օղակներից մեկը":



Հետո նա Շուշիում մասնակցել է "Արցախի հայորդիներ" սկաուտական շարժման բանակումի փակման արարողությանը, նշել, որ այն "կնպաստի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու կապերի խորացմանը":



Այնուհետեւ նախագահ Բ. Սահակյանը օգոստոսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք հիմնախնդիրների: Լսելով գյուղնախարարի զեկուցումը բերքահավաքի ընթացքի վերաբերյալ, փրկարար ծառայության պետի, Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի եւ այլոց զեկույցները, կոնկրետ հանձնարարականներ է տվել վերոհիշյալ գերատեսչությունների ղեկավարներին եւ, ԼՂՀ նախագահի տեղեկատվական ծառայության վկայությամբ, նշել, որ անձամբ "ամենայն ուշադրությամբ հետեւելու է աշխատանքների պատշաճ իրականացմանը":



Արցախի նախագահի օգոստոսյան գործունեությունը սրանով չի ավարտվել։ Օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ: Այնտեղ եւս թեւավոր խոսքի արժեք ունեցող կարեւոր ընդհանրացում է կատարել՝ գյուղացիներին բացատրելով, որ "գյուղի զարգացումը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, որից մեծապես կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը": Ի դեպ, այդ հանդիպման ժամանակ նախագահին ուղեկցում էր Արցախի հերոս Զորի Բալայանը: Թե վերջինս ինչու էր Ղարաբաղ եկել եւ ինչի համար էր ուղեկցում Արցախի ղեկավարին, հայտնի չէ։ Այն դեպքում, երբ տեղի նախագահը նման "ճամփորդությունների" համար ուղեկիցների պատկառելի շքախումբ ունի։



Նույն օրը Բ. Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին եւ փոխնախարար Վահե Դանիելյանին ու նրանց հետ քննարկել երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր՝ "առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ փորձի փոխանակման հարցերին":



Աչքի առաջ ունենալով երկրի ղեկավարի այսօրինակ լարված գործունեությունը, արցախցիներն անկասկած հասկանում են, որ երկիրն ու իրենք ամենեւին անտեր չեն՝ հանուն երկրի զորացման, մարդիկ, քուն ու հանգիստ կորցրած, հանդիպում են, զրուցում, թեւավոր խոսքերի զորություն ունեցող հանճարեղ մտքեր հայտնում, պաշտոնական շքեղ ավտոմեքենաներով ճամփորդում շրջաններ՝ հարազատ ժողովրդի նմուշներին այնտեղ տեսնելու եւ բացատրելու, որ "գյուղի զարգացումը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն"։ Այլապես գյուղացիները, չիմանալով դրա մասին, հարազատ օջախները լքում-գալիս են Ստեփանակերտ, հաճախ այստեղից էլ մեկնում օտար ափեր:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ