Օհանյանն Արցախ էր ժամանել այլ նպատակով

Օհանյանն Արցախ էր ժամանել այլ նպատակով
Արցախի ղեկավար Բակո Սահակյանը երկուշաբթի օրն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկատվությամբ, այդ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, "քննարկվել է բանակաշինությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ եւ երկուստեք նշվել, որ երկու հայկական պետությունների զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումն ու այդ ոլորտում համագործակցության խորացումը հանդիսանում են ամբողջ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը"։



Արցախի ղեկավարի իրավասությունների շրջանակին քաջածանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ կան հարցեր, որ դուրս են նրա իրավունքների ուղեծրից։ Գաղտնիք չէ, որ ղարաբաղյան խնդիրը վաղուց սեփականաշնորհված է, եւ Արցախի փոխարեն Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշում են ՀՀ նախագահները։ Բ. Սահակյանն ամենեւին էլ դեմ չէ նմանօրինակ "աշխատանքի բաժանմանը" եւ դա չի թաքցնում, գտնելով, որ Ղարաբաղի հարցում "Հայաստանը պատասխանատվություն է կրում միջազգային հանրության առջեւ: Մենք դժգոհություն չենք հայտնում այդ հարցում..."։ Ասել է թե՝ նա միանգամայն համամիտ է, "դժգոհություն չի հայտնում" Արցախի հարցում Ս. Սարգսյանի վարած քաղաքականությանը, նաեւ իրեն միանգամայն լավ է զգում, որ իր փոխարեն ՀՀ նախագահն է բանակցում հակառակ ճամբարի նախագահի հետ։



Յուրաքանչյուր ոք գիտի նաեւ, որ հայկական բանակի, այդ թվում՝ Արցախի զինված ուժերի գերագույն հրամանատարը համարվում է ՀՀ նախագահը։ Ասել է թե՝ այս ոլորտը եւս դուրս է Արցախի նախագահի իրավասությունների շրջանակից, եւ հազիվ թե ամառվա այս տապին Սեյրան Օհանյանը Երեւանից ժամանի Ստեփանակերտ՝ Բ. Սահակյանի հետ "բանակաշինությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ" քննարկելու համար։ Նման հարցեր նա կարող էր քննարկել հենց Երեւանում։



Այնպես որ՝ ակնհայտ է, որ ՀՀ ՊՆ ղեկավարը Ստեփանակերտ է ժամանել հաստատ ո՛չ նրա համար, որ տեղի նախագահական նստավայրի շուրջ կատարվող նոր շինարարությունը տեսնի կամ "համագործակցություն խորացնի" մի ոլորտում, որի փաստացի տերն ինքն է (դա նույնն է թե ինքն իր հետ համագործակցի)։ Անկասկած, այլ հարցեր են նրան Արցախ բերել։ Թե կոնկրետ ինչ, մնում է ենթադրել։ Հատկապես երբ Արցախի զինված ուժերում վերջին ժամանակները ողբերգական խայտառակ դեպքեր են եղել, իսկ հակառակորդը շարունակում է հոխորտալ "օկուպացված տարածքները զենքի ուժով վերադարձնելու" մասին։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ