Կրթնախն ու լիցենզավորողներն անհասկանալի խաղ են խաղում

Կրթնախն ու լիցենզավորողներն անհասկանալի խաղ են խաղում
ՀՀ ԿԳՆ լիցենզավորման վարչությունը օգոստոսի 12-ին նախարարի որոշմամբ լիցենզիայից զրկեց 7 մասնավոր բուհի, եւս 6 բուհի՝ որոշ մասնագիտությունների գծով: Լիցենզիայի դադարեցումով մոտ 2 հազար ուսանող, փաստորեն, կանգնեց փաստի առաջ: Նախորդ տարի այսպիսի իրավիճակում հայտնված ուսանողների թիվը 1.100-ից ավելի էր: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետը մեզ հայտնեց, որ այդ ուսանողները կարող են իրենց ուսումը շարունակել այլ պետական եւ մասնավոր ուսումնական հաստատություններում:



"Ուսանողները դիմում են գրելու եւ նշելու են, թե որտեղ են ուզում շարունակել ուսումը, եւ կկազմակերպվի նրանց տեղափոխումը: Հավատարմագրված բուհերի ուսանողները համապատասխանաբար կտեղափոխվեն այլ մասնավոր կամ պետական բուհ եւ կշարունակեն իրենց ուսումը, իսկ ոչ հավատարմագրված բուհերի ուսանողները կարող են սովորել միայն այլ մասնավոր բուհում",-ասաց Արթուր Բաղդասարյանը: Հետաքրքիր է, որ լիցենզիայից զրկված մասնավոր բուհերի ուսանողները իրենց ուսումը կարող են շարունակել նաեւ պետական բուհերում:



Ա. Բաղդասարյանի խոսքով, նախարարի հրամանով բուհերի ռեկտորները կկազմակերպեն այդ ուսանողների տեղափոխությունը: Եթե առարկայական տարբերությունը չի գերազանցում 8 առարկան, նրանք առանց քննության կընդունվեն համապատասխան ֆակուլտետներ, իսկ եթե տարբերությունը շատ է, ուսանողները կհրամանագրվեն, հետո միայն կհանձնեն քննությունների առարկայական տարբերությունները: Լիցենզիայից զրկված եւ մոտ 100 ուսանող ունեցող "Մյուդ" իրավաբանական ինստիտուտից փորձեցինք տեղեկանալ, թե որտեղ են շարունակելու ուսումը իրենց ուսանողները:



Ի դեպ, բուհը կրթություն է տալիս միայն մեկ՝ իրավաբանական մասնագիտությամբ եւ ուրիշ ֆակուլտետ չունի: Բուհի դեկանը պատասխանեց: "Չենք կարող ասել: Մեր ուսանողները ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ, քանի որ մենք պատրաստվում ենք բուհը պահել եւ մենք գնալու ենք մինչեւ վերջ, ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան: Նրանք որոշում են կայացրել անհիմն ու ապօրինի, օրենքի կոպիտ խախտումով: Մեկ մարդու քմահաճույքով",- ասաց ինստիտուտի դեկան Ս. Գրիգորյանը: Մեկ այլ՝ "Քավենդիշ" համալսարանից հրաժարվեցին խոսել մեզ հետ՝ պատճառաբանելով, թե իրենք միջազգային կազմակերպություն են ու Լոնդոնից հաստատման են սպասում, որ կարողանան հրապարակայնորեն խոսել:



Ի դեպ, ԿԳՆ լիցենզավորման վարչությունը լիցենզիայից զրկված ոչ մի բուհի դեռ չի ուղարկել բուհը լիցենզիայից զրկելու հիմնավորումներն ու որոշումը: Սակայն ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասաց, որ "փաստաթղթերը կազմվում են, եւ բուհերը շուտով կստանան այդ թղթերը": Լիցենզիայից զրկված որոշ բուհեր սպասում են հենց այդ որոշմանը, որպեսզի բողոքարկեն այն: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետին հարցրինք, թե ինչու ժամանակին, այդ բուհերին լիցենզիա տրամադրելուց առաջ չեն կատարել համապատասխան ստուգումներ, որպեսզի թերություններ հայտնաբերելու պարագայում լիցենզիան չտրամադրեին:



Վերջինս ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ "կազմակերպությունը դիմում է կրթության եւ գիտության լիցենզավորման վարչությանը՝ ներկայացնելով իր ծրագիրը, ուսումնական պլանը եւ մի շարք այլ չափորոշիչներ, որից հետո նա սկսում է իր գործունեությունը: Ընթացքում արդեն ԿԳՆ լիցենզավորման վարչությունը, նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ստուգումներ են իրականացնում բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող տվյալ կազմակերպություններում: Եվ եթե հայտնաբերվում են թերություններ, որոնք շտկվող են, ապա տրվում է համապատասխան ժամանակ թերությունները շտկելու համար: Իսկ եթե պարզվում է, որ թերությունները շատ կոպիտ են, ապա լիցենզավորման վարչության նիստին տվյալ բուհի ներկայացուցչի ներկայությամբ հանձնաժողովի անդամների փակ-գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացվում:



Եզրակացությունը ներկայացվում է նախարարին եւ նախարարի որոշմամբ կասեցվում է բուհի լիցենզիան": Մի տեսակ անհասկանալի խաղի է նման այս իրավիճակը: Ո՞րն է իմաստը` բուհին լիցենզիա տալ, հնարավորություն տալ աշխատել, աճել, ուսանողներ ունենալ եւ հանկարծ զրկել նրան լիցենզիայից՝ պատճառաբանելով, թե տարածքն է փոքր կամ բավարար պայմաններ չկան: Ինչ է, լիցենզիան տրամադրելուց առաջ չէի՞ն տեսնում այդ պայմանները: