Դարբինյանն ինչով է պակաս երեւանցիներից
Օրերս Երեւանի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդու հարսանիքը, ինչի մասին երեկ մեզ հայտնեց մի վրդովված վանաձորցի, որ զանգահարել էր խմբագրություն: Նրա զայրույթի պատճառը ոչ թե քաղաքապետի որդու պսակադրությունն էր, այլ արարողության համար ընտրված վայրը. "Բա ըտենց բան կլինի՞, յեքա Վանաձորը կթողեն կհասնեն Երեւա՞ն, որ հարսանիք անեն": Նրան զայրացրել էին "դոմիկներով" լեցուն քաղաքի ղեկավարի ավելորդ շռայլությունները: Մենք տեղեկացանք, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդու՝ Արգիշտի Դարբինյանի հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել "Ալվասար" ռեստորանում, մասնակցել են մոտ 600 հրավիրյալներ: Հարսնացուն մոսկվացի մեծահարուստ հայի դուստր է, որոնք ծագումով Լոռուց են: Հարսանիքի արարողությունն այնքան ժամանակ ու եռանդ է խլել քաղաքապետից, որ նա մոտ 10 օր այս պատրաստություններով տարված` աշխատանքի չի գնացել: Քաղաքապետի բացակայությունից օգտվել են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները՝ մոտ 10 օր իրենց արձակուրդ են տվել: Երեւանում կազմակերպված արարողությունից հետո, ավելի նեղ "կրուգով" մի քեֆ էլ արել են Վանաձորում, այս անգամ արդեն քաղաքապետին պատկանող օբյեկտում:
Կարծիքներ