Փլուզում Գյումրիի Մուշ-2 նորակառույց թաղամասում

Փլուզում Գյումրիի Մուշ-2 նորակառույց թաղամասում
Նախօրեին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում փլուզվել է 16 շենքի 13 բնակարանի առաստաղը: Բնակիչները՝ տարեց ու հաշմանդամ Միքայելյան ամուսինները, չեն տուժել, սակայն վնասվել է բնակարանի գույքը: Մեկ ամիս էլ չկա, որ նրանք բնակվում են նոր տանը: Վոլոդյա Միքայելյանը պատմել է, որ իրենք պառկել են քնելու, երբ կինն ինչ-որ ձայներ է լսել, ու հենց այդ պահին բնակարանի առաստաղը փլուզվել է: Անժիկ Միքայելյանը պատմում է, որ գիշերվա 01:30-ին արթնացել է տարօրինակ ճռճռոցներից, հասել պատուհանի մոտ ու այդ ժամանակ առաստաղն "իջել է ներքեւ":



Ասում է` հազիվ հասել է ամուսնու մոտ, նրան դուրս հանել, մնացածն էլ չի հիշում: Նրանց օգնության են հասել հարեւանները, շտապբուժօգնություն են կանչել, առավոտյան 64-ամյա Անժիկ Միքայելյանը Շիրակի մարզպետին ուղղված դիմում է գրել դեպքի մասին, իսկ տանտերը` 73-ամյա Վոլոդյա Միքայելյանն ընդունել է "Գլենդել Հիլզ" ՓԲԸ-ի ներկայացուցիչներին, որոնք տանտերերին խնդրել ու հորդորել են զերծ մնալ դեպքը հրապարակելուց, քանի որ դա կարող է խուճապ առաջացնել բնակիչների մոտ: Եվ խոստացել են փլվածքը նորոգել:  Տանտիրուհին հայտարարել է, որ այլեւս այս տանը չի բնակվելու: Փլուզման հետեւանքով կոտրվել են սեղանը, ջահն ու հեռուստացույցը, վնասվել լամինատե հատակն ու մահճակալները:



"Ես կերթամ բալնիքս կհանձնեմ իրանց, թող ընձի դոմիկ տան: էսօր ես եմ, էգուց մյուսը կեղնի, ես փրկվա, մյուսին կհաջողվի՞ արդյոք",- բորբոքված ասել է տանտիկինը:



Այս կապակցությամբ "Գլենդել Հիլզ" ընկերությունը նույն օրը "Իրավիճակը ներկայացվել է ուռճացված եւ հնարավոր է` միտումնավոր" վերտառությամբ հայտարարություն է տարածել. ""Գլենդել Հիլզ" ՓԲԸ մասնագետները տվել են Գյումրիի Մուշ 2  թաղամասում շահագործման հանձնված բնակարաններից մեկում առաստաղի գաջային հատվածի վնասման եւ թափվելու պատճառների նախնական գնահատականը: Ըստ այդմ, շինարարության ընթացքում երկաթբետոնե աղյուսի մեջ ջուր է հավաքվել, որը որոշակի դեպքերում չի կարող նկատվել կամ բացահայտվել ստուգումների ընթացքում:



Ժամանակի ընթացքում ջուրը ներծծվելով գաջապատ հատվածի մեջ եւ խոնավացնելով այն, թուլացրել եւ վնասել է: Իսկ դրա վերջնականապես վնասմանն ու թափվելուն նպաստել է նույն առաստաղից ջահի տեղադրման (կախելու) կանոնների  խախտումը. ջահը կախվել է ոչ թե ծանրության կենտրոն վերցնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի հատվածը, այլ առաստաղի գաջապատ հատվածը: Շինարարական որեւէ չափանիշով տեղի ունեցածը փլուզում չի համարվում: Արդյունքում` այն վնասվել է ամբողջությամբ: Ի դեպ, հենց այդպիսի դեպքերի համար է մեր ընկերությունը հայտարարել երաշխիքային սպասարկման ժամանակահատված:



Ուշագրավ է, որ իրավիճակը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է ուռճացված, մեկ աղբյուրից, առանց պատճառների մասին տեղեկանալու փորձի եւ որեւէ իրավասուի հետ խորհրդակցելու: Ամեն դեպքում, ցավում ենք տեղի ունեցածի համար եւ տեղեկացնում, որ վնասվածքի հետեւանքներն ամբողջությամբ կվերացվեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքը եզակի է, եւ մյուս բնակարանների բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն":