Ոճիր եւ պատիժ
Երեկ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանում ավարտվեց մեր սիրելի Գայանե Բաբայանի գործով դատավարությունը: Նրա մահվան մեջ մեղավոր անձը դատապարտվեց չորս տարի ազատազրկման, որ նրան առաջադրված հոդվածով գրեթե առավելագույն պատիժն է: Բայց մարդուն կյանքից զրկելու համար չորս տարին ի՞նչ է: Արդյո՞ք այս պատժաչափը կարող է մխիթարել նրան կորցրած հարազատներին ու ընկերներին, սփոփել նրանց կսկիծը, համարվել արժանի պատիժ: Ի բարեբախտություն մեղք գործած անձի, Գայանեի հարազատներն ու մտերիմները արյան ծարավ չունեն եւ հասկանում են, որ որքան էլ դաժան պատժի արժանանա իրենց սիրելիին վրաերթի ենթարկած հանցագործը, Գայանեին այլեւս ետ չեն բերի: Նաեւ հասկանում են, որ, չնայած դիտավորյալ սպանության մասին կասկածներին, տեղի ունեցածն ամենայն հավանականությամբ անզգույշ սպանություն է, մարդկային լկտիության հետեւանք: Բայց սա չի նվազեցնում կատարվածի սոսկալիությունն ու չի մխիթարում նրանց: Ի պատիվ Գայանեի հարազատների ու գործընկերների, որոնք բոլորը սթափ մարդիկ են եւ փորձում են իրենց վշտի չափով չչափել մեղավորի մեղքը, նրանք օրինական ու արդարացված պահանջ են դնում. յուրաքանչյուր անձ, որ հարբած կնստի ղեկին ու մարդու կյանք կխլի, պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատժվի, եւ դա պետք է դաս լինի բոլոր վարորդների համար: Որ հաբռգածների այդ դասն իմանա՝ մարդու կյանքը վտանգել չի կարելի, անգամ եթե դու երեխա ես ունեցել եւ խմել ու շտապել ես այդ առիթով: Դժվար է ասել, թե մի քանի տարի բանտում անցկացնելու հանգամանքն ինչ կտա կամ ինչ կտանի այդ արարածից: Ինչ-որ ժամանակ հետո նա կվերադառնա իր սովորական կյանքին եւ անգամ կմոռանա կատարվածը: Իսկ Գայանե Բաբայանը երբեք չի վերադառնա, եւ դրա հետ հաշտվելն է բարդ:
Կարծիքներ