Մտրակ եւ բլիթ

Մտրակ եւ բլիթ
Ռուսական մեծապետականության հետ դարերով շփված հայ ժողովրդին պետք է որ ծանոթ լինեին մտրակի ու բլիթի, խոլոպի հետ շփվելու ռուսական հայտնի սկզբունքները: Սակայն մեր ժողովուրդը մի տեսակ կորցնում է պատմական ազգի իր ողջամտությունը եւ մանկական հրճվանք ապրում, երբ խոսքը գնում է մեր մեծ եղբոր՝ Ռուսաստանի մասին: Հայ ժողովուրդն այս օրերին ցնծության մեջ է՝ Հայաստան է այցելում ինքը՝ Ռուսաստանի նախագահը: Իսկ երբ օդանավից իջնելով նա անմիջապես գնում է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դնում Եղեռնի զոհերի հիշատակին, մեր հայրենակիցներն ընդհանրապես կորցնում են գիտակցությունն ու ընկնում էքստազի մեջ: Թվում է՝ հայ ժողովուրդն իր հիշողությունից իսպառ ջնջել է ռուսական զավթողական քաղաքականության հետեւանքով կրած զրկանքների պատմությունը: Մոռացել է սովետական երկրի կազմում կրած իր տառապանքները: Անգամ չի հիշում Ղարաբաղի պատմություն, 20-ամյա վաղեմության անցքերն ու ռուսների խաղացած բացասական դերն այդ ամենի մեջ: Վերջապես՝ ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ Հայաստան կատարած այցի նախօրեին ռուսները կարեւոր ստրատեգիական զենք են վաճառել մեզ հետ հակամարտության մեջ գտնվող հարեւանին, որն ամենայն հավանականությամբ մի օր հենց այդ զենքից կրակելու է մեր ուղղությամբ: Միայն ռուսական դիվանագիտության շրջանակներում կարող են տեղավորվել այդ զենքի վաճառքն ու արտաքին գերատեսչության ղեկավարի չքմեղ երեսպաշտությունը, թե այն վաճառվել է սոսկ պաշտպանական նկատառումներով կիրառման համար եւ այն երբեք (լսո՞ւմ եք), երբեք չի կարող կիրառվել հարձակողական նպատակներով: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարախաղացի նման մանեւրող Ռուսաստանի հույսը թերեւս մեր դյուրահավատությունն է, հիշողության կորուստն ու ստրկամտությունը: