Վարչապետից իզո՞ւր է կորզել համաձայնագիր

Վարչապետից իզո՞ւր է կորզել համաձայնագիր
Գյուղատնտեսության նախարարությունը հայտնվել է վարչապետի վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Պատճառը փոքր ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելու համար  կառավարությունից կորզված համաձայնագիրն է, որն այդպես էլ իր նպատակին չի ծառայել: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ արգելվել էր մոտ երկու տարի ստուգումներ իրականացնել փոքր ու միջին ձեռնարկություններում, բացառությամբ որոշ դեպքերի, այն էլ միայն դրա անհրաժեշտությունը հիմնավորելուց եւ վարչապետի հատուկ համաձայնությունը ստանալուց հետո:  



Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, առանց մոնիտորինգ իրականացնելու, թե արդյո՞ք այդ տնտեսվարողների մոտ ստուգումների անհրաժեշտություն կա, սննդի ու թունաքիմիկատների վաճառքով զբաղվող խանութներում  ստուգումներ իրականացնելու համար կարողացել է կորզել վարչապետի թույլտվությունը: Տիգրան Սարգսյանը  հանձնարարական է իջեցրել Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ, ինչպես նաեւ Բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանին՝ հիմնավորում ներկայացնել, որ այդ խանութներում ստուգումներ իրականացնելու անհրաժեշտություն կա:



Սակայն մեզ հետ հեռախոսազրույցում Գյուլզադյանը հավաստիացրեց, որ հրաժարվել է կատարել նախարարի հրահանգը, քանի որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օբյեկտներում ստուգումների կարիք չկա. "Բայց իմ անունից հիմնավորում են նկարել ու ներկայացրել վարչապետին՝ այդպիսով կորզելով թույլտվությունը 49 թունաքիմիկատներ վաճառող խանութներում, ինչպես նաեւ 30-ից ավելի սննդի օբյեկտներում ստուգումներ իրականացնելու համար: Նախարարն իջեցրել է  հանձնարարագրեր մարզային տեսուչի ու լիցենզավորման վարչության աշխատակցի վրա:



Ստուգման  պատասխանատու նշանակել է լիցենզավորման վարչության պետին՝ ՕԵԿ-ական Գասպարյան Տիգրանին": Ամեն դեպքում, ստուգումների ծրագիրն իրականացվել է՝ ապրիլ-հունիս ամիսներին, սակայն, Գյուլզադյանի հավաստմամբ, ոչ մի ակտ չեն կազմել: Այսինքն՝ ոչ մի խախտում չեն հայտնաբերել, ինչն էլ բազմաթիվ հարցեր է առաջացրել վարչապետի վերահսկողական ծառայությունում: "Այստեղ հարցը պարզ դրված է՝ եթե կար անհրաժեշտություն, ո՞ւր է տուգանքը, եթե չկար անհրաժեշտությունը, ինչո՞ւ եք տվել հիմնավորում, եթե հիմնավորում եք տվել, ու անհրաժեշտություն կար, ինչո՞ւ չեք տուգանել",-պարզաբանեց Գյուլզադյանը: Իսկ գյուղնախարարի փոխանցմամբ՝ լիցենզավորման վարչությունը եւ բույսերի կարանտինի տեսչությունը ստուգումներ են իրականացրել տնտեսվարողների մոտ, եւ այդ երկու կառույցներն ամփոփել են արդյունքները մեկ արձանագրությամբ:



"Արձանագրությունները կազմված են, գնացել են բոլոր տնտեսվարողների մոտ, ում որ հանձնարարագիր բացված է, ես էլ հանձնարարել եմ այն, ինչ որ առկա է եղել",-ասաց Գերասիմ Ալավերդյանը: Ինչ վերաբերում է Գյուլզադյանի՝ հիմնավորում ներկայացնելուց հրաժարվելուն, ապա Ալավերդյանի խոսքով. "Իմ հանձնարարականներից  ոչ ոք իրավունք չունի հրաժարվի, դրանք եղել են, գնացել են, ստուգել են, տեսուչներն էլ համապատասխան արձանագրության տակ ստորագրել են, որտեղ եղել է, արձանագրել են, որտեղ էլ չկա՝ գրել են, որ խախտումներ չեն եղել":



Հարցին, թե վարչապետի վերահսկողական ծառայությունում խնդիր առաջացե՞լ է այդ ստուգումների առիթով, ասաց. "Իմ առջեւ ոչ մի հարց ու խնդիր չի դրվել": Իսկ ստուգումների անհրաժեշտությունը զգացվել է, քանի որ տարբեր խանութներից ահազանգ են ստացել թույնի որակի կապակցությամբ: Գյուլզադյանն էլ պնդում է, թե դրանք մասնավոր դեպքեր են, եւ հազար անգամ եղել է, որ գնացել են ստուգել ու վերացրել թերությունները, սակայն դա մասսայական ստուգումների առիթ չէր կարող դառնալ:



ՀԳ - Ինչ վերաբերում է վարչապետի վերահսկողական ծառայության զայրույթին, ապա ինչ-որ տեղ "արդարացված" է, չէ որ հանձնարարագիրը պետք է արդարացված լիներ՝ ակտեր կազմվեին, որոնց արդյունքում բյուջեն կլցվեր: Հաշվարկները սովորաբար արվում են 80 տնտեսվարողից 100-150 հազարական դրամ գանձելու հեռանկարով, սակայն, փաստորեն, գյուղնախարարը այդ ծրագիրը տապալել է: