Ստրկամտությունը գործընկերությունից չեն տարբերում

Ստրկամտությունը գործընկերությունից չեն տարբերում
ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը զարմացած է: Նրա մտքով անգամ կանցնե՞ր, որ "մենք մի այնպիսի օր կարթնանանք, երբ ՀՀ ինքնիշխանության ու անկախության  մասին խոսելը կնույնացվի դավաճանության, հակառուսականության եւ չգիտես ինչ մեղքերի հետ": Ստյոպա Սաֆարյանն ի նկատի ուներ հայ-ռուսական ռազմական համագործակցության պայմանագիրը քննադատելը: Երեկ նա եւ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ իրենց մտահոգություններն էին կիսում ՌԴ նախագահի այցելության հետեւանքների ու հատկապես ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման հարցի վերաբերյալ:



"Այսօր  քաղաքական դաշտում կա մի մաս, որը ռազմավարական ստրկամտությունը ռազմավարական գործընկերությունից չի տարբերում",-ասաց Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա՝ աշխարհում չկա նախադեպ, երբ քո անվտանգությունը մեկ այլ պետության ձեռքում է, իսկ դու ասում ես, թե այս ռազմաբազաների ներկայությամբ մենք վաղը կարող ենք հասնել մինչեւ Քուռ ու Արաքս: "Ժառանգության" փոխնախագահի համոզմամբ՝ բազմաբեւեռությունը թույլատրելի սահման ուներ եւ ավարտվեց: Իսկ Հայաստանն այսօր պարտադրված քայլեր է անում, քանի որ անցնող 20 տարիների ընթացքում չի կարողացել Արցախի համար անվտանգության երաշխիքներ ստեղծել:



Ռուբեն Հակոբյանը կարծում է՝ հայ-ռուսական պայմանագիրը կնպաստի տարածաշրջանում նոր վերաձեւումների, իսկ թուրք-ադրբեջանականը սկիզբ կդնի տարածաշրջանում "բլոկային պատերազմի": "Ժառանգությունը" հայ-ռուսական պայմանագրի հետ կապված՝ իշխանությունից երեք կարեւորագույն հարցերի պատասխան է ակնկալում՝ Արցախի վերաբերյալ (որտե՞ղ եւ ինչպե՞ս է արձանագրվելու, որ դե յուրե Արցախը գտնվելու է հայ-ռուսական եւ ՀԱՊԿ պայմանագրերով նախատեսված պաշտպանության գոտում), Ռուսաստանի կողմից C-300 համակարգն Ադրբեջանին վաճառելու եւ այն հարցին, թե ինչու հենց 49 տարի ժամկետով է երկարաձգվում ռուսական ռազմաբազայի ներկայությունը:



Հայ-ռուսական պայմանագրին կուսակցությունը կոնկրետ գնահատական կտա այն ժամանակ, երբ սահմանված ընթացակարգով պայմանագրերը հայտնվեն ԱԺ-ում եւ իշխանությունները կարողանան հիմնավորված բացատրություններ տալ իրենց հարցադրումներին: Եթե այս հարցերին հիմնավորումներ չտրվեն, Ստեփան Սաֆարյանի խոսքով, իրենք վավերացմանը դեմ կքվեարկեն։ Իրականում, ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն ռազմավարական, իրավահավասար, դաշնակցային, ինչը նշանակում է, որ ռազմավարական հիմնական նպատակների ու շահերի ընդհանուր ճանաչում պետք է լինի, բայց "Ժառանգությունն" այսօր դա չի տեսնում:



"Եթե Ռուսաստանն ավարտին հասցնի C-300 ֆավորիտ զինատեսակների վաճառքն Ադրբեջանին, հենց ինքն իր գործողություններով Հայաստանին դուրս կմղի ռազմավարական համագործակցության դաշտից ու ՀԱՊԿ տիրույթներից",-համոզված է Ստեփան Սաֆարյանը, որը իշխանության եւ ընդդիմության ողբերգությունն է համարում այն, որ բոլորը գնահատում են ստեղծված պահի լրջությունը, բայց, գնահատելուց զատ, պետք է ինչ-որ բան անել, ձեւաչափը չեն ստեղծում: