Համազգեստ կհագցնենք բոլորին

Համազգեստ կհագցնենք բոլորին
Նոր ուսումնական տարում Խաչիկ Դաշտենցի անվան  թիվ 114 դպրոցի աշակերտները դպրոց կհաճախեն կապույտ եւ սպիտակ համազգեստով: Արդեն մի քանի ամիս է, որ դպրոցում գումարներ են հավաքվում համազգեստի համար, գումարի չափն էլ՝ 26-27 հազար դրամ մեկ համազգեստի համար, եւ սա այն պարագայում, որ համազգեստի առկայությունը պարտադիր չէ դպրոցներում: Ավելին՝ Երեւանի քաղաքապետի հրահանգով արգելվել է համազգեստի համար գումարներ հավաքելը, քանի որ ծնողների դժգոհությունը մեծ է: Թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանից փորձեցինք պարզել, թե ինչու են այնուամենայնիվ որոշել համազգեստ մտցնել դպրոցում:



Նա ժխտեց այն, որ գումար են հավաքում. "Ձեր տեղեկությունները հավաստի չի: Դպրոցում ոչ մի փող չի հավաքվում, բայց աշակերտները դպրոց են հաճախելու համազգեստով, նրանք լինելու են կապույտի եւ սպիտակի մեջ: Համազգեստի մասին խոսակցություն եղել է դեռեւս տարեվերջին: Տարեվերջին մենք ժողով ենք արել, ծնողներին ցույց ենք տվել համազգեստի ձեւը, որ իրենք պատվիրեն: Իսկ թե ինչպես կկարեն, ում մոտ կպատվիրեն՝ դա դպրոցի խնդիրը չէ: Ծնողները համաձայնել են, մենք ունենք բոլոր ծնողների եւ ծնողական համայնքի ստորագրությունը",- ասաց տնօրենը: Թեեւ մեզ դիմած ծնողները պնդում էին, որ իրենցից  գումարն են հավաքում, իրենք անգամ տեղյակ չեն, թե որտեղ են պատվիրելու համազգեստները, դա անում է դպրոցը:



Ծնողները ենթադրում են, որ տնօրենն ինչ-որ անձանց լավություն է արել՝ մեծածավալ պատվեր ապահովելով: Իսկ համազգեստի առկայությունը պարտադի՞ր է, եւ ի՞նչ է սպասվում այն աշակերտներին, որոնք առանց համազգեստի կհաճախեն դպրոց,- հարցրեցինք մենք տնօրենին: Պարզվեց, տնօրենը բարեհոգի է՝ համազգեստ չհագնողներին չի պատրաստվում հեռացնել: "Եթե չգան, հո չե՞նք ասի՝ մի եկեք էս դպրոց, բայց ազատ ոճով չի թույլատրվում, ցանկալի ա, որ աշակերտները միանման լինեն՝ կապույտի ու սպիտակի մեջ: Որ ծնողը չի կարողանա կապույտը, թող սեւն առնի",- ասաց Ռուզաննա Կոստանյանը: Իսկ շրջանառվող գումարի մասին տնօրենն ասաց, որ այդպիսի քննարկում եղել է, քննարկել են, բայց հետ են կանգնել դրանից:



Սակայն մի ծնող, որի երեխան սովորում է այդ դպրոցում, մեզ հայտնեց, որ "ֆորմայի" համար գումարներ հավաքվում են հենց դպրոցում: Արդեն ծնողներից հավաքել են 13 հազարական դրամ, վերցրել են երեխաների չափերը, իսկ համազգեստի պատրաստ լինելուն պես՝ հավանաբար օգոստոսի 28-29-ին, պետք է վճարեն եւս 13 հազար դրամ ու ստանան համազգեստը, որպեսզի նոր ուսումնական տարում աշակերտները նոր տեսքով հաճախեն դպրոց: Ի դեպ, թիվ 114-ն այս ուսումնական տարվանից դարձել է ավագ դպրոց եւ այս տարի արդեն 10 տասներորդ դասարան ունի: Իսկ առաջին դասարան արդեն չի ընդունում: