Հեքիաթ մարտունակ բազեի մասին

Հեքիաթ մարտունակ բազեի մասին
Տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը երեկ գնացել էր Ծաղկաձոր՝ “բազե”  թռցնելու: Դարակազմիկ այդ միջոցառումը հանրությանը ներկայացնելու նպատակով նախարարությունը հատուկ “Պազիկ” էր տրամադրել, որ լրագրողներին տանեն լուսաբանելու ու  մոտիկից տեսնելու, թե նախարարն ինչպես է գլուխ բերում բանակաշինությունը: Ծաղկաձորի “Ճ” կարգի հանգստյան տներից մեկում կուտակվել էր ազգիս “ցվետը”՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն հագած ու հռչակված որպես ճակատներ:



“Բազեի” քողի տակ Ծաղկաձորում հանգստանալու մահանան ճշգրիտ էին օգտագործել ԿՎՆ-ի մշակույթը կրող երկրորդ էշելոնի “աստղերը”, որ եկել էին իրենց ընտանիքներով ու, հարազատներին պատշգամբներում թողած, շարվել էին ժյուրիի սեղանի ետեւում, որ դատեն բեմահարթակից իրենց թաքնված տաղանդը Ծաղկաձորի ծմակներում թնդացնող “բազեներին”: Հին անեկդոտի պես՝ “մե քեֆ, մե ուրախություն էր”: Դիմավորում էին Սեյրան Օհանյանին: Պահի հանդիսավորությունն այնքան էր լարել ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ-ական երիտառաջնորդներին, որ տարբեր բուհերի ուսխորհրդի նախագահներ էին հիմնականում, ինչպես նաեւ նրանց լարումը հսկող ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին, որ մինչ Սեյրան Օհանյանի ժամանելը անհանգիստ ետ ու առաջ էին անում, ռադիոկապով չափ տալիս ու ստուգում միմյանց պատրաստականությունը:



Երբ եկավ, կազմակերպիչները նետվեցին դիմավորելու, իսկ աստղաբույլը կենտրոնացավ բեմում: Շոու-բիզնեսի կարկառուն դեմքերից մեկը, որ տղամարդ էր, բայց սեթեւեթում էր ինչպես կարմիր լապտերների փողոցի վաստակավոր ներկայացուցիչ, իշոտնուկներին հարմարված փետրավորներին իմաց տվեց, որ գալիս է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ու առաջարկեց դիմավորել նրան “ջերմ ծափողջույններով”: Սեյրան Օհանյանն ուղիղ գնաց դեպի բեմը: Այդ ընթացքում հասցրել էին տեղադրել ամբիոնը: Իրիկնանում էր, ու երփներանգ շապիկներով փետրավորներից ոչ ոք չհամարձակվեց լքել իշոտնուկը, որ գնա մի տաք շոր հագնի: Այդպես փշաքաղված նստեցին, մինչեւ նախարարը կպատմեր երկար հեքիաթ բանակի մարտունակության, կատարած սխրանքների ու ապագա ձեռքբերումների մասին, կասեր նրանց, որ մեր ապագան իրենց ձեռքերում է, որ պետք է կիրառել դիֆերենցված դաստիարակություն, ինչպես անում են հայկական բանակում:



Բայց ի սկզբանե հիշատակեց տիրոջն ու ճառեց դիֆերամբ, որ ներկայացնում եմ առանց միջամտության, միաժամանակ խորհուրդ տալով երիտասարդ ընթերցողներին վերլուծել այն որպես քերականական առաջադրանք: “Շատ ուրախ եմ, որ այս ամենը իրականանում է մեր հանրապետության նախագահի, գերագույն գլխավոր հրամանատարի հովանու ներքո, եւ նաեւ այստեղ մասնակցում են տարբեր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հարող երիտասարդական կազմակերպություններ: Իմ համար ուրախություն է ձեր հետ հանդիպել ոչ միայն այն, որ մեզանից յուրաքանչյուրը դեռեւս լցված ենք այդ երիտասարդական ավյունով եւ մտածում ենք մեր հայրենիքի ապագայի մասին, գիշեր ու զօր աշխատում ենք, որ մեր հայրենիքը լինի զարգացած, իր ուրույն տեղն ունենա միջազգային մնացած ժողովուրդների մեջ, այլ նաեւ հպարտություն է նրա համար, որ ես ինքս ղեկավարում եմ մի այնպիսի կազմակերպություն, որը որ երեւի ամենամեծն է որպես երիտասարդական կազմակերպություն, որովհետեւ բանակի զինծառայողների մեծ մասը երիտասարդներ են”,-ասաց Սեյրան Օհանյանը՝ ղեկավարը հայոց բանակի:



Երիտասարդները, որպես կանոն, ռոմանտիկ են լինում ու հեշտ են ոգեւորվում բոցաշունչ ճառերից: Սեյրան Օհանյանի ճառը՝ դժվար է ասել, թե ինչ տպավորություն թողեց նրանց վրա ու ինչ արձագանք գտավ նրանց հոգիներում, բայց մինչեւ կոնֆերանսիեն չասաց՝ “եկեք ծափահարենք”, ու չգոռաց՝ “Բանա՜կ, բանա՜կ”, ջահելները ինքնակամ չարձագանքեցին: Թեպետ հանուն ճշմարտության պիտի նշեմ, որ մինչ նախարարը ճառում էր, մեջների ամենաքծնողը՝ ջահել մի աղջիկ, մի պահ բացականչեց՝ “այո՜”: Գիտեի՞ն արդյոք իրենց Ծաղկաձորի հովին տված ջահելները, որ այդ օրը, երբ պատրաստվում էին դիմավորել պարոն Օհանյանին, բանակից կրկին դիակ էին բերել, իրենց տարեկիցներից մեկի դիակը: Ինքն էլ, հիանալի զգալով օտարի հայացքը՝ իմ ֆոտոխցիկը, աչքը չէր կտրում, ու քանի անգամ լուսանկարեցի նրան, ի դեպ՝ հեռվից, նայում էր ուղիղ օբյեկտիվին: Հետո էլ խուսափեց աճպարարի վարպետությամբ ու չպատասխանեց հարցերիս, երբ նրա ճամփան կտրեցի բեմից իջնելիս: Գնաց-նստեց երամի մեջտեղում, որ ըմբոշխնի համերգը:



Իսկ համերգը սկսվեց տակավին երիտասարդ ու խոստումնալից ինստիտուտկայի՝ “Կաբարե” երգով, որ ժամանակին երգել է Լայզա Մինելին համանուն ֆիլմում: Սեյրան Օհանյանի հրճվանքն անթաքույց էր: Իսկ ես ուզում էի հարցնել, թե ի՞նչ է անում Ադրբեջանում գերեվարված մեր զինծառայողներին ազատելու ուղղությամբ, որոնցից մեկը, ըստ ադրբեջանական կողմի, պարոն Օհանյանի ազգականն է: Ուզում էի հարցնել նաեւ, թե դեռ անցած ամիս, երբ բանակում բառացիորեն կոտորած էր, ինքն ասել էր, որ նման բան չի կրկնվելու, եւ ահա երեկ տեղեկատվական դաշտը ցնցվեց զինծառայողի հերթական սպանության մասին տեղեկությունից:



Ուզում էի հարցնել, թե լրատվամիջոցներին երբ խնդրել էր լռել ու չտիրաժավորել իր հրաժարականի գաղափարը, խոստանալով բացահայտել մեղավորներին, այժմ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ: Ուզում էի հարցնել նաեւ, թե գիշերային ակումբի բիզնեսն իր համար հոբբի՞ է, թե՞ եկամտի աղբյուր: Բայց նա տարածաշրջանի ամենամարտունակ քծնողների արանքում նստած՝ ծափիկ-ծափիկ էր անում ու աչքի պոչով հետեւում իմ ֆոտոխցիկին: