«Մտահոգիչ է, լավ բան չէ դա»,-կրկնում է Գալուստ Սահակյանը

«Մտահոգիչ է, լավ բան չէ դա»,-կրկնում է Գալուստ Սահակյանը
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը “Հենարան” ակումբ էր եկել՝ խոսելու “Արտաքին քաղաքական նոր զարգացումներ եւ սպասվող ներքաղաքական աշուն” թեմայից: Բայց “ներքաղաքական աշունը” մոռացավ ու խոսեց միայն Մեդվեդեւի՝              “նախագահական լիազորություններից բարձր” այցի ու հայ-ռուսական ռազմական համագործակցության նորացված պայմանագրի մասին: Գալուստ Սահակյանը Մեդվեդեւի այցը “նախագահական լիազորություններից բարձր” անվանեց՝ նկատի ունենալով, որ այն ոչ թե պաշտոնական, այլ պետական այց էր: “Նախագահի լիազորությունների շրջանակը միշտ ավելի քիչ է, քան պետական, ամբողջ պետության լիազորություններն են, այսինքն նախագան լիազորված էր ամբողջովին ցանկացած խնդրի պատասխան տալու եւ ցանկացած խնդիրը իրագործելու”,-բացատրեց ՀՀԿ փոխնախագահը:



Ինչ վերաբերում է պայմանագրին, բանախոսը հենց սկզբից ասաց, որ գիտի այն “հարցաշարը”, որը լրագրողներն անընդհատ ուղղում են քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին: “Միշտ էլ մտահոգիչ է, որ երկրորդ երկրի ռազմական բազաները տեղադրվում են ցանկացած երկրում: Սա լավ բան չէ, բայց մեր երկիրը հզորացնելու ճանապարհներից մեկն է”,- ասաց նա ու հավելեց, որ պայմանագրի երկարաձգումը պետք է դիտարկել ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլեւ ընդհանուր տարածաշրջանային կոնտեքստում:



Թեեւ ՀՀԿ փոխնախագահն անընդհատ կրկնում էր, որ ժամկետի երկարաձգումը “լավ բան չէ”, բայց շահեկան կողմերն էլ էր բացատրում: ՀՀԿ փոխնախագահը “պրիմիտիվ” համարեց այն դատողությունները, թե Ղարաբաղում պատերազմ ծագելու դեպքում Ռուսաստանը չի միջամտի: “Նախ Ղարաբաղում պատերազմ չի սկսի, երկրորդն էլ, եթե Ղարաբաղում պատերազմ սկսի, եթե մենք լավ հույսներս մեր վրա դնենք, ոչ միայն ռուսները կպաշտպանեն, այլեւ շատ-շատ այլ պետություններ:



Խնդիրը վերաբերում է, թե մենք ինչքան կարողություններ ունենք: Ուժեղի կողքին միշտ ուժեղները կանգնում են”,-ասաց նա ու կարեւորեց, որ նորացված պայմանագրով ռուսական զորքը հոգալու է Հայաստանի անվտանգությունը: “Ես, ճիշտն ասած, Հայաստանի անվտանգություն ասելով համարում եմ միայն Ղարաբաղը: Դա ռուսներին շատ քաջ հայտնի է, որ մեր խնդիրների կիզակետում, հիմնական ներքաղաքական պրոցեսները եւ դիվանագիտական պրոցեսները, հիմնականում լեյտմոտիվը դա Ղարաբաղն է, որի հետեւանքով կառուցվում է նաեւ մեր միջազգային քաղաքականությունը, դիվանագիտությունը”:



Գալուստ Սահակյանը դժվարացավ նշել, թե ինչու է ընտրվել հենց 49 տարի ժամկետը, բայց ասաց, որ դա երաշխիք է Ռուսաստանի ներդրումային ծրագրերի՝ ատոմակայանի ու Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք նոր պայմանագիրը կխոչընդոտի Հայաստան-Արեւմուտք փոխհարաբերություններին, ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, Եվրամիությունը օր ու գիշեր հայերի ու Հայաստանի մասին չի մտածում, բացի այդ,  այսուհետ ԵՄ-ն իր ծրագրերը կիրականացնի “ավելի երաշխավորված” տարածաշրջանում:



ՀԳ - Մի ուշագրավ դրվագ էլ: Երբ լրագրողներից մեկը ՀՀԿ փոխնախագահին հարցրեց, թե կարդացե՞լ է նորացված պայմանագրի տեքստը, Գալուստ Սահակյանը զավեշտով պատասխանեց. “Վայ, մոռացել եմ կարդամ”: Իսկ մյուս՝ “ՀՀ-ն որպես աշխարհագրական տարածք քանի՞ քառակուսի կիլոմետր է նշված պայմանագրում” հարցին ի պատասխան ասաց. “Բարդ հարց ես տալիս, ուշադրություն չեմ դարձրել, դա պայմանագրում պիտի չլիներ էլ, դա չկա պայմանագրում”, բայց արդեն առանց զավեշտի: