Սիրտդ ջահի պես մեր առջեւ պահած, Ալիկ Սարգսյան

Սիրտդ ջահի պես մեր առջեւ պահած, Ալիկ Սարգսյան
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, պարզվում է՝ գերբնական հատկանիշներ ունի: “Նա մարդ չէ, աստված է”,- համենայնդեպս նրան այդպես են բնութագրում ստորադասները: Եթե հիշում եք, մարտի 1-ի դեպքերից հետո, 2008-ի դեկտեմբերին կառավարության հավանությամբ ստեղծվեց ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհուրդ: Մտավորականներից կազմված այս խորհուրդը պիտի բարձրացնի ոստիկանության խարխլված վարկանիշը հասարակության շրջանում: Պարզվում է՝ խորհուրդը 5 հազար օրինակով գունավոր հանդես է հրատարակում, որտեղ էլ իրենց հիացմունքն ու մեծարանքն առ շեֆ արտահայտել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները: Ճիշտ է՝ բոլոր ժամանակներում էլ ղեկավարների շուրջ կռապաշտական ծեսեր իրականացվել են, սակայն ոստիկանների հիացմունքն ու գովերգանքն առանձնահատուկ է, քանի որ գովեստի խոսքեր են շռայլում ու բարձր արժեքներից են խոսում ոստիկանապետեր, որոնք հասարակության շրջանում հաճախ կարող են ասոցացվել կաշառակերության, բռնության, պատվեր կատարելու, շինծու մեղադրանքների, ծեծի ու խոշտանգման հետ:



Այսպես. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հանդեսում գրել է, որ իր համար “երջանկություն է” Ալիկ Սարգսյանին՝ “որպես ղեկավարի արժեւորելը”, եւ փառք է տալիս Աստծուն` նրա հետ աշխատելու համար: “Այսօր մեր կողքին, մեզ հետ ապրում է մի մարդ, ում կարելի է առանց վարանելու հավատալ, վստահել, ընդօրինակել”,-խորհրդային նոմենկլատուրայի ոճով բնութագրում է առաջին տեղակալը՝ շարունակելով. “Մեծ մտահորիզոնի տեր եւ շատ զարգացած անձնավորություն է, նրա հետ կարելի է անվերջ, առանց ձանձրույթի զրուցել կյանքի, արվեստի, գիտության բոլոր բնագավառների շուրջ”:



Ալիկ Սարգսյանի մյուս տեղակալը՝ ոչ պակաս ճանաչված ոստիկան Հովհաննես Հունանյանը, հոգու մեծ կորովով ու մեծարանքով բնութագրել է ոստիկանապետի անցած ուղին. “Ալիկ Սարգսյանը, ընտրելով ոստիկանի մասնագիտությունը, ոչ միայն իր երիտասարդությունը նվիրաբերեց անարդարության եւ բռնության դեմ պայքարին, այլեւ մեր պետականության ամենից դժվար օրերին կանգնեց կիզակետում՝ երբեմն վտանգելով իր կյանքն ու առողջությունը”: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը նկատել է, որ Ալիկ Սարգսյանն “օժտված է նուրբ խոհականությամբ, նրբանկատ է ու նրբազգաց, տեսնում եւ արժեւորում է այն, ինչն առաջին հայացքից թվում է անտեսանելի կամ երկրորդական: Հենց այդ հատկությունն է նրան թույլ տալիս ավելի խորամուխ լինել հանգամանքների եւ իրադարձությունների վերլուծության մեջ”:



Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, պարզվում է, շատ քիչ է հանդիպել Ալիկ Սարգսյանի պես մարդկանց: “Շատ քիչ կարելի է հանդիպել մարդկանց, ում մարդկային հատկանիշները եւ պրոֆեսիոնալ հմտությունները միաժամանակ գտնվում են բարձրության վրա”,- շեֆի մասին ասել է Օսիկյանը՝ մատնանշելով. “Այդպիսին է Ալիկ Սարգսյանը”: Ալիկ Սարգսյանի ու ոստիկանության զորքերի հրամանատար Գաբրիել Գաբրիելյանի ընկերությունը, պարզվում է, վերաճել է “հոգեկան մտերմության”: “Ալիկ Սարգսյանն իր մեջ աներկբա կերպով կրում է ազգային շահերի պաշտպանության եւ ազգային արժանապատվության գաղափարները”,- համայն ազգի համար բացահայտել է ոստիկանության զորքերի հրամանատարը:



Նա առանձնակի երախտիքով հիշել է Սարգսյանի՝ Արարատի մարզպետ եղած տարիները: “Նա կիսեց մարզի բնակիչների հոգսը, սատարեց նրանց եւ տքնեց նրանց հետ”: Ճիշտ է՝ բնակիչներն ասում են, որ Ալիկ Սարգսյանը կիսել է նաեւ մարզի ունեցվածքը, բայց անցնենք առաջ: Առավել սրտառուչ են Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի խոսքերը. իր շեֆի հետ շփվելով, նա պարզել է, որ ամենեւին էլ “անհնարին չէ մարդու մեջ համատեղել պետական այրին եւ մարդուն”: Նա Ալիկ Սարգսյանին բնութագրել է իբրեւ “մարդկային բացառիկ տեսակ”, որին խորթ է կոշտ եւ բռի վերաբերմունքը:



“Իհարկե, մարդկային այդ բացառիկ տեսակը մեկ օրվա կուտակում չէ եւ հավանաբար գալիս է տարիների հեռվից”,-եզրակացրել է Նազարյանը՝ շաղակրատելով. “Զայրույթի մեջ անգամ ազնիվ ու արդարացի է նա”: “Եթե անգամ կարողանաս զուսպ լինել, խուսափել ծայրահեղությունների մեջ ընկնելուց, կոնկրետ Ալիկ Սարգսյանի մասին խոսքը շատ նման պիտի թվա կերպարի իդելականացմանը, որոհվետեւ նա հենց այդպիսին է”,-  շեֆին ֆետիշացրել է  ոստիկանության ՊՊՎ պետ Արամ Զաքարյանը: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը ազգային բարեբախտություն է համարում, որ մեր մեջ կա նման մարդ,  հիացած է Ալիկ Սարգսյանի ձայնով. “Նրա ձայնով խոսեց հայ զորական ուժի ոգին, որ ուժեղ լինելուց զատ նաեւ իմաստուն էր, քանզի սերում էր Հայկի ժամանակներից”:



Ապա շարունակում է. “Եթե պարզ բնութագրելու լինենք Ալիկ Սարգսյանի եւ առհասարակ` ոստիկանի գործը, անհավասար ու անվերջանալի պայքարն է չարի դեմ... Այդ դժվարին գործի մեջ դեռ երիտասարդ տարիքից իր մեծ նվիրումն ունի ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նրա ղեկավարությամբ աշխատելը հավասարապես հեշտացնում եւ դժվարացնում է մեր գործը:  Հեշտացնում է, որովհետեւ գործի իմացությունը նրան ստիպում է մնալ ոչ միայն կարգադրողի, պահանջողի եւ վերահսկողի, այլ նախաձեռնողի, օգնողի, ելքեր որոնողի ու գտնողի, ծանրության բեռը բոլորի հետ հավասարապես իր ուսերին կրողի դերում: Սակայն նրա կողքին աշխատելը նաեւ դժվար է այն առումով, որ երբեք թույլ չի տալիս թերանալ, մտածել հանգստի կամ միջակությանը համակերպվելու մասին, քանի որ ինքը երբեք հանգիստ չունի եւ միջակության ոխերիմ թշնամին է”:



Պակաս զվարճալի չեն շեֆի մասին մյուս ենթակաների շաղակրատանքները, սակայն դրանք հնարավոր չէ ներկայացնել մեկ համարում: Հետաքրքիր է միայն, թե վերոնշյալներից քանի՞սը նույն կարծիքին կմնան, երբ Ալիկ Սարգսյանն ազատվի պաշտոնից: Ի դեպ, նույն հանդեսում հրապարակված է նաեւ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի՝ Ալիկ Սարգսյանին ձոնած բանաստեղծությունը:



Սիրտդ ջահի պես մեր առջեւ պահած,

Կորովի կանգնած, ուշիմ, անվեհեր,

Անցնում ես ճամփադ՝ լուռ երդում տված,

Ոստիկան եղբայր, ես էլ եմ քեզ հետ:

...Քանի՞ սեւ գնդակ կուրծքդ ետ մղեց,

Քանի՞ շեղբ կոտրեց ձեռքիդ ափը քար,

...Փառք քեզ հայրենյաց այռուծսիրտ զինվոր: