Գետի գործը մայրուղուց տեղափոխվեց դատախազություն

Գետի գործը մայրուղուց տեղափոխվեց դատախազություն
Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակի փրկության բունտը տեղի բնակչության գլխին պատուհաս է դարձել: “Հրապարակը” բազմիցս անդրադարձել է  վտակի հունը փոխելու առայժմ ձախողված պատմությանը: Հիշեցնենք, որ Գայլաձոր վտակի հունը փորձում էին փոխել դեպի Վայոց ձոր՝ ՀԷԿ կառուցելու նպատակով: Առանց թույլտվության շինարարություն էին սկսել Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում, ինչը նկատելով, գյուղացիներն ահազանգեցին, նույնիսկ ցույց կազմակերպեցին՝ չորս ժամ փակելով Երեւան-Մարտունի ճանապարհը, պահանջելով խնդրի վերջնական լուծում:



Այս աղմուկից հետո միայն բնապահպանության նախարարությունում աշխատանքային խումբ կազմվեց, որն ուսումնասիրեց Գայլաձոր վտակի մոտ արդեն ավարտված շինարարության օրինականությունը եւ “պարզեց”, որ այն ընդամենը ոռոգման ջուր տանելու նպատակով է: Սակայն խոշոր տրամաչափի խողովակները փաստում էին, որ ավելի “լուրջ” նպատակի համար է ջրի գողությունը: Եթե հաջողվեր հանցավոր ծրագիրն իրականացնել, ապա մարզի Մադինա, Վերին եւ Ներքին Գետաշեններ, Գեղհովիտ եւ Վաղաշեն գյուղերը կզրկվեին ոռոգման ջրից, նվազելու էր նաեւ Սեւանա լիճ լցվող ջրի քանակը: Դեռ խնդիրը վերջնական լուծում չի ստացել, առաջարկները քննարկվում են, հավանականությունը մեծ է, որ հինգ գյուղերի ու Սեւանա լճի ջրի հաշվին կառուցվելիք ՀԷԿ-ի նախագիծը կտապալվի:



Սակայն գյուղացիների կազմակերպված ցույցի “գործը” նոր է սկսվում: Գետի համար պայքարող գյուղացիները առանց ծանուցագրի հրավիրվել են Մարտունու ոստիկանության քննչական բաժին՝ ցուցմունք տալու: Գյուղացիներն ահաբեկվել են՝ կարծելով, թե այդկերպ փորձում են իրենց վախեցնել ու հետ կանգնեցնել հետագա պայքարից: Մանրամասներ ճշտելու նպատակով կապվեցինք գետի համար մարտնչող ակտիվիստներից մեկի՝ Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, մանկավարժ Պայծառ Աղաբաբյանի հետ: “Մեզ կանչեցին, հարցրեցի՝ ինչի՞ հիման վրա, նա ասաց՝ մարզի դատախազ Մարգարյանի հրահանգով է:



Ես էլ ասացի՝ դուք ինչի՞ ծանուցագիր չեք ուղարկել, որ իմանամ ինչի համար եք կանչել: Ոչինչ չասաց: Այդ պահին որ հրաժարվում էի ցուցմունք տալուց, բաժնի պետին կանչեց, ես էլ ասացի՝ ինչի՞ չեք թողնում շնչեմ, ապրեմ: Ինքն էլ ասաց, որ ցուցմունք պիտի տամ ով է կազմակերպել, մարդիկ չեն հասկանում, որ մեզ հողից են կտրում, ո՞վ կուզի, որ իր ջուրը  տանեն”,-վրդովված պատմում էր տիկին Պայծառը: Ապա ավելացրեց, որ իրենց գյուղից 15 հոգու են քննել, Մադինայից՝ հինգ-վեց, գյուղապետի գլխավորությամբ, մի քանիսն էլ՝ Ներքին Գետաշենից:



Տիկին Պայծառի համագյուղացի, գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր միջոցով են բնակիչներին կանչել ներկայանալ քննչական բաժին: “Ինձ են զանգահարել, որ մարդիկ գնան-բացատրություն տան, մարդկանց տարել են, նեղություն-բան չեն տվել, հարցաքննել են, թե ինչի են ճանապարհը փակել, այդքանով էլ ավարտվել է: Սկզբից փորձել են մարդկանց ոստիկանություն կանչել, սակայն գյուղացիները  հրաժարվել են ներկայանալ, այս երկու օրը նոր գնացել են”: Թե ինչու են գյուղապետի միջոցով խաբար արել գյուղացիներին, որ գնան ոստիկանություն, այլ ոչ թե օրենքով սահմանված կարգով՝ ծանուցագրով, հետաքրքրվեցինք Մարտունու քննչական բաժնի պետ Խաչիկ Աբոյանից:



“Ծանուցագիր չենք ուղարկել, որովհետեւ քրեական գործ չենք հարուցել, տարբերությունը դա է: Մենք նյութեր ենք նախապատրաստում, սաղ կոչերը պիտի ճշտենք: Մեղադրանք պիտի առաջադրեն, նոր էդ մարդուն իր ծանուցագրով, փաստաբանով պիտի ուղարկեն մեզ մոտ”,- բացատրեց օրենքի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ ոչ մի լուրջ բան չկա: “Սովորական մեր առօրյան ա, մենք մեր աշխատանքն ենք կատարում: Կանչել ենք, ովքեր որ գնացել են այդ օրն ու փակել ճանապարհը, հասարակական կարգ են խախտել, ուզում ենք ճշտել՝  ով է գնացել, ինչ է արել”,-ասաց Աբոյանը՝ ձեռքի հետ էլ ռացիոնալիզատորական առաջարկ անելով. “Եթե իրենք պատրաստվում են միջոցառման, պարտավոր են անհանգստությունը հայտնել ոչ թե ճանապարհ փակելով, այլ մարզպետարանի մոտ”:



Ինչ վերաբերում է “կասկածյալների” այն մտավախությանը, թե իրենց բաժին կանչելով՝ փորձում են վախեցնել ու այդպիսով կանխել հետագա բողոքի ալիքը, ապա` “Այդպիսի բան չկա, ով որ իրավախախտում ա անում, հանցանք ա կատարում, բնական ա՝ իրան պիտի կանչեն... պիտի իմանան,  որ ճանապարհ փակելով հարց չի փոխվի: Բա որ ճանապարհը փակելով թույլ չտային մեկն իր հիվանդին հասցներ հիվանդանոց, ի՞նչ պիտի լիներ”,-հուսահատված հարցրեց քննչական բաժնի պետը:



ՀԳ - Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանն էլ է խառնվել այս քննությանը, եւ չի բացառվում, որ “գետի գործն” այսքանով ավարտվի: