Ո՞վ է գետի հունը փոխող դեւը

Ո՞վ է գետի հունը փոխող դեւը
Երեկ “Ժառանգություն” խմբակցությունը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հանցագործության մասին հաղորդագրություն համարվող այդ նամակում “Ժառանգությունը” պահանջում է քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի ապօրինի գործողությունների կապակցությամբ, որը փաստացի հետապնդման է ենթարկում Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը փոքր ՀԷԿ կառուցելու միջոցով դեպի Վայոց ձոր հեռացնելու նախաձեռնության դեմ հուլիսի 19-ի բողոքի ակցիայի մասնակիցներին` ակցիայի կազմակերպիչներին բացահայտելու նպատակով:





“Օգոստոսի 25-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց վերջին օրերին Մարտունու դատախազության եւ ոստիկանության քննիչների գործողությունների մասին, որոնք, մեր կարծիքով, ոչ միայն հակաօրինական ու հակասահմանադրական են, այլեւ պետք է անհապաղ արժանանան իրավական համարժեք գնահատականի: Համաձայն տարածված տեղեկատվության` Մարտունու դատախազությունն այլեւս բացահայտ հետապնդման է ենթարկում մասնավորապես Վերին Գետաշեն գյուղի բնակիչներին, որոնք որպես բողոքի արտահայտություն՝ 4 ժամով փակել են Երեւան-Մարտունի մայրուղին: Դատախազությունը կազմել է 15 մարդկանց անուններից բաղկացած ցանկ, որոնք առանց ծանուցագրի արդեն հրավիրվել են դատախազություն եւ քննիչ Արթուր Մանուկյանի կողմից հարցաքննվել հուլիսի 19-ի բողոքի ակցիայի կազմակերպիչների “բացահայտման” նպատակով: Դատախազության այս վերջին գործողություններից դեռեւս երկու շաբաթ առաջ ոստիկանության մեկ այլ քննիչի` Հուսիկ Բաղդասարյանին է “հետաքրքրել” բողոքի ակցիայի կազմակերպիչների ինքնությունը:



Սա անթույլատրելի դրսեւորում է իրեն ժողովրդավարական եւ իրավական հռչակած մի երկրում, որի Սահմանադրությամբ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են...: Թե՛ դատախազության, թե՛ ոստիկանության քննիչների նման անառողջ հետաքրքրությունները վկայում են, որ նրանք երկուսն էլ ակնհայտ հրահանգ են ստացել ինչ-որ կենտրոնից` պարզել եւ պատժել բողոքի ակցիայի ակտիվիստներին, ըստ այդմ` ճնշել տարածաշրջանի 5 համայնքների` Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ եւ Վարդաշեն գյուղի բնակիչների արդարացի բողոքը: Դատախազության եւ ոստիկանության քննիչներին բողոքի ակցիայի կազմակերպիչների ինքնությունը բացահայտել հրահանգած “կենտրոնի” բացահայտումն էական է այն պատճառով, որ մինչ այժմ անհայտ է, թե ում է իրականում պատկանում անավարտ եւ ապօրինի այդ կառույցը, որի միայն շինարարությունն իրականացրած ընկերությունն է հայտնի` “Զանգեզուր Էքսիմպ”:



...Մեզ իրավունք ենք վերապահում կապ տեսնել չբացահայտված սեփականատիրոջ անպատժելիության եւ ոստիկանության ու դատախազության գործողությունների միջեւ: Եթե նրա անձը բացահայտված լիներ, իսկ կատարած արարքներն էլ` պատժված, դժվար թե դատախազության կամ ոստիկանության քննիչներն այսպիսի շահագրգռություն ունենային պատժելու ՀՀ այն ակտիվ քաղաքացիներին, որոնք տապալել են սեփականատիրոջ բիզնես-նախագիծը:



Վերոգրյալի հիման վրա պահանջում ենք.



1. քրեական գործ հարուցել դատախազության քննիչի գործողությունների կապակցությամբ եւ ապօրինի շինարարություն իրականացրած “Զանգեզուր Էքսիմպ” ընկերության դեմ,

2. բացահայտել, թե ում հրահանգով են դատախազության եւ ոստիկանության քննիչները փորձել պարզել բողոքի ակցիայի կազմակերպիչներին, դրանով իսկ խախտել ՀՀ Սահմանադրությունը, մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքները,

3. իրականացված հետաքննության արդյունքում վերջապես հանրությանը հայտնի դարձնել, թե ով է Արգիճի գետի վտակի հունը փոխողը, 5 գյուղի բնակիչներին ջրի միակ աղբյուրից զրկողը եւ ապօրինի ՀԷԿ կառուցողը, ում անունը այդպես էլ չի տրվում”: