Մարդամոտ է ու բարի, անունը` Շոկոլադկա

Մարդամոտ է ու բարի, անունը` Շոկոլադկա
“Ողջույն, շատ եմ խնդրում օգնել այս շանը, որի նկարը ուղարկում եմ կից։ Այն կինը, որ պահում է նրան, օգոստոսի 30-ին մեկնում է Հայաստանից, եւ շունը մնում է անտեր` փողոցում։ Մինչ այդ էլ նա փողոցում է ապրել, նրան անգամ տարել են “Unigraph-X”։ “Փրկենք կենդանիներին” կացարանի տնօրենը նրան զոռով-շառով հանեց այնտեղից ու վիրահատեց (ստերիլիզացրեց)։ Մի կին պահում էր նրան, սակայն շուտով նա կմեկնի Հայաստանից... Մնում է մի քանի օր։ Խնդրում եմ օգնեք մեզ` տեր գտնել շանը, օգնեք ապրել... Շունը մեկուկես տարեկան է, աղջիկ (բայց ձագեր չի ունենա, ստերիլիզացված է), շատ մարդամոտ է ու բարի։ Անունը՝ Շոկոլադկա։ Զանգահարել Նունեին՝ 091 41 24 595”։

Երեկ այս հաղորդագրությունը ստացել էր “Հրապարակը”։ Մեզ հետաքրքրեց շնիկի սրտառուչ պատմությունը, եւ որոշեցինք զրուցել նրա տիրոջ՝ Անահիտի հետ, որը շուտով մեկնելու է Ռուսաստան մշտական բնակության։



Պարզվեց՝ Անահիտն ընդամենը մի ամիս է պահում Շոկոլադկային։ Բացի նրանից, Անահիտը պահում է եւս երկու շուն, որոնց նույնպես նույն ճակատագիրն է սպասվում։ Մեկը վեց տարեկան բալոնկա է, մյուսը՝ երկու տարեկան պուդել։ Անահիտը այդ շների ժամանակավոր տերն է։ Իր ընկերուհուն՝ “Փրկենք կենդանիներին” կազմակերպության տնօրեն Նունեին օգնած լինելու համար Անահիտը նաեւ այլ շների է ժամանակավորապես տեր կանգնել եւ օգնել նրանց տեր գտնելուն։ “Շոկոլադկան շենքի բակում է ապրել։ Բնակիչները զանգահարել են “Unigraph-X” եւ բողոքել, թե շունը հարձակվում է մարդկանց վրա։ “Unigraph-X”“ից էլ եկել-տարել են Շոկոլադկային իրենց կացարան։ Ես չգիտեմ ինչով է զբաղվում այդ կազմակերպությունը...,” ասաց Անահիտը եւ բազմանշանակ լռելուց հետո շարունակեց:



” Նունեի ջանքերով կենդանուն մի կերպ այդ կացարանից փրկել ենք, Նունեն ինքն է ստերիլիզացրել շանը։ Բայց նրա կազմակերպության կացարանները լիքն են շներով։ Տեղ չկա, որ պահեն։ Նունեն  զանգահարեց ինձ եւ խնդրեց, որ Շոկոլադկային էլ ինձ մոտ վերցնեմ”։ Անահիտը մի փոքրիկ կիսաշեն սեփականություն ունի, որտեղ չի բնակվում եւ ձմռանը ջեռուցում է այն բացառապես շների համար։ “Փրկենք կենդանիներին” կազմակերպությունն իհարկե ֆինանսապես օգնում է։ “Չեք պատկերացնի ինչքան մարդամոտ ու բարի է,” ասաց Անահիտը Շոկոլադկայի մասին,” անգամ Նունեն, որ շուտ”շուտ այցի է գալիս, զարմացել էր, թե որքան են շունիկները կապվել ինձ։ Հիմա բոլորն էլ ինձ որպես տեր են ճանաչում”։



“Փրկենք կենդանիներին” բարեգործական կազմակերպության տնօրեն Նունե Մեհրաբյանը, որը փրկել է Շոկոլադկային “Unigraph-X”“ից եւ վիրահատել, ասաց. “Նրանք տարել էին շանը, բայց չէին ստերիլիզացրել։ Մենք ենք մեր միջոցներով ստերիլիզացրել”։



“Unigraph-X”-ը պաշտոնապես զբաղվում է թափառող շներին հավաքելով եւ ստերիլիզացնելով, ապա բաց է թողնում փողոց՝ արդեն անվտանգ դարձած եւ վերարտադրման անընդունակ։  Սակայն, ինչպես նշեց Նունեն, կենդանիները չեն վերադարձվում բնակության նախկին վայր։ Կազմակերպությունը դրան նույնպես փաստարկ ունի. կենդանիները ստերիլիզացվում են եւ բաց են թողնվում քաղաքի այլ մասերում։ “Եթե նույնիսկ նման կերպ են վարվում, մի տեղից վերցնում են եւ այդտեղ չեն վերադարձնում, միեւնույն է՝ երեք օր կամ ամենաշատը մեկ շաբաթ հետո այդ տեղը գրավում է այլ շուն, այսինքն այդ աշխատանքն անիմաստ է,” ասաց Նունեն՝ կասկած հայտնելով, որ շներն ընդհանրապես վերադարձվում են փողոց:”



Եթե այդպես լիներ, մեր քաղաքն այնքան փոքրիկ է, որ կենդանին անպայման կվերադառնար իր հին տեղը”։ Այդ դեպքում ինչո՞վ է զբաղվում “Unigraph-X”“ը։ “Այդ հարցը լավ կլինի իրենց տաք,” ասաց Նունեն,” չնայած իրենք գեղեցիկ բաներ կասեն, թե ստերիլիզացնում են եւ վերադարձնում փողոց, բայց այդ կազմակերպության կացարան այցելած մարդիկ միայն կենդանիների դիակների կույտեր են տեսել”։



Առաջին հայացքից կարող է թվալ, թե երկու կազմակերպությունն էլ զբաղվում են նույն հարցով՝ Երեւանում թափառող շների վնասազերծմամբ։ Բայց կա մի փոքրիկ եւ էական տարբություն. մարդիկ զանգահարում են “Unigraph-X”՝ բողոքելու շների ագրեսիայից, իսկ Նունեին զանգահարում են շների սպանդի դեմ բողոքողները։ Մարդիկ չեն ուզում, որ իրենց երեխաները սթրես ապրեն սպանվող շների աղեկտուր ոռնոցներից։ Այդպիսի սթրես ապրելով է մասնագիտությամբ դաշնակահար Նունե Մեհրաբյանը սկսել զբաղվել կենդանիների պաշտպանությամբ։



Մյուս տարբերությունն էլ այն է, որ “Փրկենք կենդանիներին” կազմակերպությունն  անվճար ստերիլիզացնում է բակերում թափառող շներին՝ չունենալով ֆինանսավորման այլ միջոց, քան կենդանասերների աջակցությունը։ Կազմակերպությունը մի քանի անգամ դիմել է պետական մարմիններին, բայց այդպես էլ ֆինանսական աջակցություն չի ստացել։ Ինչպես պարզեցինք, կազմակերպությունն ունի նաեւ տարածքի խնդիր։



Շոկոլադկան առիթ դարձավ, որ մեկ անգամ էլ խոսենք թափառող շների խնդրից։ Իհարկե, կան մարդիկ, որ գերադասում են իրենց երեխան սթրես տանի, քան վախենա կամ ենթարկվի շան հարձակմանը։ Բայց քանի դեռ մեր բակերում կա աղբ ու կան աղբամաններ, թափառող շներ էլ կլինեն։ Շների սպանդը տասնամյակների պատմություն ունի, բայց թափառող շների խնդրին լուծում չի տվել։ Ստերիլիզացիան առայժմ միակ ընդունելի միջոցն է, քանի որ այն շներին դարձնում է անվտանգ ու վերարտադրման անընդունակ։



Եվ ավելի լավ է, որ տարածքը մեկ”երկու ստերիլիզացված շուն հսկեն, քան մի շուն այդ տարածքում բազմաթիվ ձագեր բերի։ Վերջում Նունեն մեզ շնորհակալություն հայտնեց իր հաղորդագրությանն արձագանքելու համար եւ հուսառատ հարցրեց. “Ուրեմն Շոկոլադկային տեր կճարվի՞”։ Մենք դրա պատասխանը չունենք, բայց հույս ունենք, որ Շոկոլադկան անտեր չի մնա։