Ո՞վ է լինելու երրորդը

Ո՞վ է լինելու երրորդը
Թեժ աշնան շունչն արդեն զգացվում է: Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ն է պատրաստվում հանրահավաք անել, սեպտեմբերի 17-ին՝ Կոնգրեսը: Աջ ու ձախից  լսում ենք, որ աշնանը նոր կուսակցություններ են ստեղծվելու: Այսպես ասած՝ երրորդ ուժի գաղափարը հանգիստ չի տալիս որոշ մարդկանց: Երրորդ, անգամ չորրորդ ու հինգերորդ ուժեր, անշուշտ, կստեղծվեն, սակայն արդյո՞ք այդ ուժերը կունենան առաջինից ու երկրորդից տարբերվող գաղափարախոսություն, արդյո՞ք կկարողանան առանձնանալ իրենց ծրագրով ու կանոնադրությամբ, իրենց գործելաոճով եւ կենսագրությամբ: Թե՞ դրանք կլինեն հերթական “նորահայտ” ուժերը, որոնց միակ նպատակը խորհրդարանական առաջիկա ընտրություններում մարդկանց մոլորեցնելն է եւ ինչ-որ քանակի ձայներ իշխանական եւ ընդդիմադիր կուսակցություններից խլելը: Անգամ այս նպատակն իրականացնելու համար այս “ուժերը” շատ աշխատանք ունեն կատարելու: Նախ, պետք է կարողանան առնվազն մեկ տասնյակի չափ իրենց դեմքն ունեցող, հասարակությանը փոքրիշատե հայտնի անձանց գրավել իրենց կողմը: Ապա պետք է ֆինանսներ գտնեն ու դրանք խելամտորեն ծախսել կարողանան՝ չէ որ ցանկացած նոր ուժ ճանաչելի դառնալու խնդիր ունի: Եվ վերջապես, պետք է կարողանան համոզել հանրությանը, որ կապ չունեն ոչ իշխանության, ոչ ընդդիմության հետ: Իսկ նման մաքուր դեմքեր, իշխանական կերակրատաշտից չսնված, ընդդիմության հետ ճանապարհ չանցած մարդիկ մեզանում գտնելը շատ բարդ կլինի: Բայց ժամանակից շուտ եկեք “չկռռանք”: Գուցե իրո՞ք մեզանում կա չօգտագործված պոտենցիալ եւ չապականված ռեսուրս, որը կարող է ի շահ հանրության եւ ի օգուտ պետության գործել: Աղոթենք, որ այդպես լինի: Ուղղակի մեր “տառապանքը փորձ ունի”, եւ հերթական անգամ հիասթափություն ապրել բոլորովին չենք ուզում: