Քրեա-քաղաքական գործիչը

Քրեա-քաղաքական գործիչը
Օրեր առաջ մենք ինտերնետային փոստով մի ուշագրավ նամակ էինք ստացել, որտեղ նկարագրված էր մեր քաղաքական գործիչներից մեկի վարքն ու բարքը: Վերջինս, օգտագործելով իր կապերը, փորձել էր մի դատապարտյալի համար “ներում” դասավորել: Դրա համար 10 հազար դոլարի գումար էր պահանջել, մատնանշել, թե այդ գումարն ում է տրվելու: Որոշ ժամանակ անց ներման գործը չէր ստացվել՝ նշված դատապարտյալի դիմումը ՀՀ նախագահին կից ներման հանձնաժողովը մերժել էր: Սույն քաղաքական գործիչը, ըստ նամակագրի, պատճառաբանել էր, թե փողը փոխանցվել է ում հարկն է՝ վերեւում են “քցել”: Բնական էր նամակագրի վրդովմունքը: Քանի որ այս նամակը լուրջ քրեական մեղադրանք էր պարունակում, որն ապացուցման ենթակա չէ, ուստի մենք ձեռնպահ մնացինք այն հրապարակելուց: Ինքը՝ նշված քաղաքական գործիչը, պարզաբանեց, թե այդ “ներման” գործն ընթացքի մեջ է, եւ մենք կարող ենք վնասել մարդուն, իսկ գումարի մասով նամակն իրականությանը չի համապատասխանում: Սակայն առաջիկայում մենք պատրաստվում ենք զբաղվել այս գործով, եւ հնարավոր է նոր մանրամասներ ի հայտ գան: Մանավանդ սույն քաղաքական գործիչը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, եւ արժե, որ հասարակությունը ճանաչի նրա իրական կերպարը: