Բանակի սպանություննե՞րն են առաջընթաց

Բանակի  սպանություննե՞րն են առաջընթաց
Ես ցավով պետք է նշեմ, որ այսօր Հայոց բանակում այնպիսի իրավիճակ է, որ  զինվորները չեն դիմանում հրամանատարների ճնշումներին ու կամայականություններին: Ափսոս, որ մենք չունենք լավ հրամանատարներ: Հենց այդ հրամանատարների բացակայությամբ է պայմանավորված, որ մեր զինվորների հետ դժբախտ դեպքեր են պատահում: Ես կցանկանայի, որ ազատամարտիկները հնարավորություն ունենային միջամտելու բանակաշինության գործին, բայց, ցավոք, մեզ չեն թույլատրում: Բանակի սպայակազմը պետք է մի բան շատ լավ հասկանա՝ պատերազմը դեռեւս ավարտված չէ, այն կարող է  նորից սկսվել, եւ այդ նույն զինվորը, որին իրենք ճնշում են, ինչպե՞ս պետք է մարտնչի: Այսօր բանակի հրամանատարները մեր երիտասարդների մեջ հայրենասիրական ոգին ուղղակի կոտրում են, բանակը չգիտես ինչ են սարքել:



Հայոց բանակում այսօր բարոյահոգեբանական որեւէ աշխատանք չի տարվում ընդհանրապես: Ի՞նչ է նշանակում բանակում առաջընթաց կա: Ես նման բան չեմ տեսնում, որքան էլ հեռուստատեսությամբ ցուցադրվում է, թե ամեն ինչ շատ լավ է բանակում, որովհետեւ ասելը մի բան է, գործով ապացուցելը՝ այլ:  Ընդհակառակը, խաղաղ պայմաններում ամեն օր զինվորներ են մահանում: Բանակում միմյանց սպանե՞լն է առաջընթացը: Մենք սովոր ենք քննադատենք մեր նախորդներին: Ամեն մեկն ուզում է, այսպես ասած, ջրից չոր դուրս գալ, բայց պետք է ընդունել նաեւ սեփական սխալները: Երբ մենք լսում ենք, թե ադրբեջանական բանակում ճնշումներ ու կամայականություններ կան, զինվորները սպանում են հրամանատարներին կամ Հայաստան փախչում, չպետք է զարմանանք:



Այդ նույն բանը տեղի է ունենում նաեւ մեր բանակում:  Նախարար Սեյրան Օհանյանին ուզում եմ հորդորել, որ չնստի իր “պենտագոնում”, այլ շրջի Հայոց բանակի զորամասերով եւ տեսնի, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: Քանի որ ինքն էլ ժամանակին զինվոր է եղել, պետք է հասկանա զինվորի հոգեբանությունը: Զինվորին ծեծելով ու ճնշելով չեն իսկական զինվոր դարձնում: Զինվորին սիրելով ու շահելով են դարձնում հայրենիքին նվիրված: Աստված մի արասցե, եթե բանակը հանկարծ բունտ անի, ի՞նչ են անելու: Ո՞վ պիտի լուծի մեր սահմանների պաշտպանության հարցը:



Վլադիմիր ԱՌԱՔԵԼՅԱՆ

“Տիգրան Մեծ” գունդ