Հզոր լինելու համար պետք է լինել ժողովրդավար

Հզոր լինելու համար պետք է լինել ժողովրդավար
Վերջերս մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ հուլիսի սկզբից “ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամը ՀՀ բուհերին հրավեր է ուղարկում սեպտեմբերի 21-22-ը Երեւանում կայանալիք “Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում” խորագրով համաժողովին մասնակցելու համար: Ամեն մասնակցի համար բուհը պետք է վճարի 30 հազար դրամ: Այս հանգամանքը վրդովեցրել է հրավեր ստացած բուհերի մեծամասնությանը, քանի որ նրանք համարում են, որ կենտրոնը սնվում է պետբյուջեից եւ ՀԲ-ից, իսկ նման գումար պահանջելով` ցանկանում են սահմանափակ թվով մարդիկ մասնակցեն, որպեսզի անեն իրենց ուզածը:  Կենտրոնի ներկայացուցիչն այլ պատճառ է բերում, սակայն տվյալ դեպքում դա այնքան էլ կարեւոր չէ, քանի որ այն մեզ հիշեցրեց 1999-2000 թթ. տեղի ունեցած շատ ավելի կործանարար մի քայլի մասին:



Խոսքը հավատարմագրման փուլի մասին է, որը հապճեպ ստացվեց եւ հարվածեց մասնավոր բուհական համակարգի անհրաժեշտ որակի ձեւավորմանը: Շուրջ 14 բուհեր չանցան աուդիտ` ինքնավերլուծություն, փորձաքննություն, 2 տարվա  կենտրոնացված քննությունների 60 տոկոս առաջադիմություն, ավարտական փուլը ձեւակերպվեց որպես հավատարմագրման գործընթաց, եւ օրենքի կոպիտ խախտմամբ հավատարմագրվեցին: Որակը հաշվի չառնվեց, ուղղակի մասնավոր բուհերի կլան ձեւավորվեց` զոռբաների, դիլետանտների: Դա տեղի ունեցավ գաղտնի (մնացած բուհերը տեղյակ չէին), որը շատ վտանգավոր է ժողովրդավարության եւ որակի ապահովման համար: Հաջորդ օրն էլ թերթերը գրեցին` այսքան բուհ հավատարմագրվել է, մյուս բուհերից տեղափոխվեք՝ այդտեղ սովորեք:



Այդ քայլը պետք է ժամանակին պատժվեր, բայց չպատժվեց, առիթից օգտվեցին արդեն արհեստական հավատարմագրված բուհերը եւ սկսեցին PR անել` շատ լավն ենք, հզոր ենք, հավատարմագրված ենք: Իրականում կայացած բազմաթիվ բուհեր, որոնք ունեին 2-3 հազար ուսանող, միանգամից, կարելի է ասել, մահացան. 3 հազարից  մնաց 30 ուսանող: Պետք է բոլոր մասնավոր բուհերը հավասար իրավունքներով ընդգրկվեին այդ ատեստացիայի փուլի մեջ, եւ, ըստ որակի, իրոք հավատարմագիր ձեւավորվեր: Որակի համար պետք է միշտ պայքարել, ամեն ինչ տանել օրենքի դաշտում, չի կարելի այն բուհին հավատարմագրել, որին ինչ-որ մեկը հովանավորում է, կամ որը ինչ-որ կուսակցության կողքին է կանգնած, եւ չհավատարմագրել այն բուհին  կամ մասնագիտությանը, որը ժողովրդավար է:



Իհարկե, վերանայել է պետք այդ որոշումը. մեղք են այն կայացած բուհերը, որոնք խեղանդամ դարձան, եւ հրաշք եղավ, որ որոշ բուհեր դիմակայեցին այդ փորձությանը՝ իհարկե, 3 հազարից դառնալով 30: Որոշ բուհեր արդեն եվրոպական տարբեր զարգացած երկրների բուհերի հետ պայմանագիր էին կապել, ուսանողները մասնագիտական օտար լեզուներ էին սովորում, համապատասխան դասագրքեր էին բերվել, եւ արդեն նույնիսկ Ռուսաստանում իրենց մասնաճյուղն էր բացվելու... Այդ բուհերին փրկեց իմունիտետը, հայրենասիրությունը, ֆանատիզմը, ժողովրդավար լինելը, եւ հենց այդ բուհերն են միջին խավ ձեւավորում. տաղանդավոր երեխաները, չնչին գումար մուծելով, մասնագետներ են դառնում:



Այսօր էլ մի երկու բուհ, իրենց հովանավորների շնորհիվ գլուխ գովելով, հայտարարում են, թե տարածաշրջանի հզոր բուհերն են: Բայց դա սոփեստություն է, ջուր ծեծել է, ժողովրդի աչքին թոզ փչել է: Ու պետք է անպատճառ հաշվի առնել այն հանգամանքը, որ ռեալ գիտելիքներ կապահովի այն բուհը, որն ունի սեփական պոտենցիալ, մասնագիտական լաբորատորիաներ, պայմաններ, կոնկրետ պայմանագրեր եւ լավ դասախոսական կազմ, որն անընդհատ վերապատրաստվում է: Շատ հարցերով պետական բուհերին են աջակցում, որոնց կարգավիճակը, ի դեպ, պետք է փոխվի. էլ ինչ պետական, եթե ժողովուրդն է վճարում: Պետք Է մասնավորին էլ աջակցեն, եթե ուզում են հավասար դաշտ ստեղծել: Այսօր որ բուհը “տանիք” չունի, վաղը կարող է փակվել. դա անոմալիա է:



ԱՄՆ-ի, Եվրոպայի բուհերում կա ժողովրդավարություն, ամբողջ աշխատանքները կառուցողական եւ որակական են: Օրինակ` Օքսֆորդի համալսարանից անջատվեց, մի նոր մասնավոր համալսարան ձեւավորվեց, որի հիմնադիրներից մեկն էր Մարգարետ Թետչերը, եւ այն շատ լավ զարգացավ, ու 800 ուսանողից 500-ը դրսի սովորող է: Արտերկրից եկողները պայքարում են, որ նաեւ մեր մասնավոր բուհերում սովորեն. էժան է, բայց... Օրենքը սահմանում է, որ դրսից եկողը պետք է գնա կրթության եւ գիտության նախարարություն, նրա փաթեթը ստուգեն ու նոր ուղարկեն մասնավոր բուհ: Դա վատ որոշում չէ, սակայն այնտեղ ուսանողին հիասթափեցնում են մասնավոր բուհից` առաջարկելով գնալ պետական բուհ, որը շատ ավելի թանկ է:



Եվ թողնում-գնում են Ռուսաստան, ու դրա արդյունքում սնանկանում է Հայաստանի կրթական շուկան: Իսկ չէ որ աշխարհի կրթական շուկան նավթից ավելի շատ եկամուտներ է բերում: Օրինակ` շատ արաբներ կան Ֆրանսիայում, Անգլիայում, շատ ռուսներ` Անգլիայում...  Որեւէ ժողովրդավար երկրում չկա այն անոմալ երեւույթը, ինչ կատարվում է մեզ մոտ. պետական բուհից հանձնաժողով են ուղարկում մասնավոր բուհը ստուգելու համար: Չէ որ պետական բուհը երբեւիցե չի ուզի, որ տվյալ մասնավոր ֆակուլտետը զարգանա, եւ այն փակել կտա...



Խնդիրները շատ են, վերջում միայն նշենք, որ մասնավոր բուհական համակարգում կլինի որակ այն դեպքում, երբ դեռեւս 1988 թվից սկսած` պատմությունից դասեր քաղենք հատկապես ուսումնասիրելով, թե ինչպես է տեղի ունեցել եւ տեղի ունենում հավատարմագրման եւ լիցենզավորման գործընթացը կրթության ոլորտում:



Գեւորգ ԱՍԱՏՐՅԱՆ