Արցախը նախապատրաստվում է աշնանացանին եւ ԼՂՀ հռչակման տարեդարձին

Արցախը նախապատրաստվում է աշնանացանին եւ ԼՂՀ հռչակման տարեդարձին
Մինչ Արցախի ղեկավար Բակո Սահակյանը շարունակում է լիբանանյան ճամփորդությունը, արձակուրդից վերադարձած վարչապետ Արա Հարությունյանը հետարձակուրդյան անդրանիկ նիստն ու խորհրդակցությունը գումարեց։ Շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ նա անմիջապես քննարկեց Լիբանան մեկնելուց առաջ նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում բարձրացված հույժ կարեւոր հարցերից մեկը՝ աշնանացանի կազմակերպումը, եւ շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարեց “ժամանակին եւ պատշաճ մակարդակով ձեռնամուխ լինել աշնանացանին”՝ նկատի ունենալով, որ գյուղաբնակները կարող է քնով անցնեն կամ պարզապես չիմանան, որ պետք է “ձեռնամուխ լինել աշնանացանին”։ Վարչապետը հանձնարարեց նաեւ հնարավորինս շատ հերկ կատարել:



Ա. Հարությունյանը հայտնեց, որ հողօգտագործողները վարկերի եւ սերմի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չեն ունենա. “Պետությունը պահանջարկին համապատասխան կտրամադրի վարկային ռեսուրսներ եւ բարձրակարգ սերմ”։



ԼՂՀ անվտանգության խորհրդում քննարկված մյուս կարեւոր հարցը՝ կապված դպրոցական համազգեստի հետ, կառավարությունում չի քննարկվել։ Սակայն, ինչ վերաբերում է Արցախի ղեկավարի հանձնարարությամբ 1-4-րդ դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստներ հատկացնելու գործընթացը դադարեցնելուն՝ “հաշվի առնելով հարցը համակողմանիորեն լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունը”, պարզել ենք, որ մինչ այդ դպրոցականների ծնողներին առաջարկել էին իրենց երեխաների համար պարտադիր դպրոցական համազգեստներ ձեռք բերել, որոնք վաճառվում են 40-45 հազարով։ Ամեն գնով միլիոններ վաստակելու որոշ ազդեցիկ գործարարների ցանկությունը, ըստ երեւույթին, դժգոհություն է առաջ բերել ծնողների շրջանում, եւ իշխանությունները ստիպված են եղել դադարեցնել “դպրոցական համազգեստ” օպերացիան։



Իսկ կառավարության նիստի առաջնահերթ հարցերից մեկը վերաբերում էր ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման ընթացքին: Կառավարական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը վարչապետին ու կառավարության մյուս անդամներին հավաստեց, որ “նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են, եւ Անկախության տոնը հաստատված ծրագրի համաձայն անցկացվելու համար ոչ մի խոչընդոտ չկա”: Կասկած չկա, որ սեպտեմբերի 2-ին այն կանցկացվի պատշաճ մակարդակով։ Երեւանից հրավիրված “Ճ” խմբի գերաստղերը “ֆոնոգրամայով” կդայլայլեն Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում շոուների համար պատրաստված բեմահարթակից, եւ այդ էժանագին շոուի համար պետական գանձարանից միլիոններ դուրս կգրեն։ Արդյունքում՝ գոհ կլինի թե՛ տեղի երիտասարդությունը, թե՛ բոլոր նրանք, որոնց գրպաններն են ուղղորդվելու այդ գումարները։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ