Փոխադարձ մեղադրանքներ

Փոխադարձ մեղադրանքներ
Մի քանի օր է՝ "Ժառանգություն" կուսակցությունն ու դատախազությունը նամակագրություն են ծավալել: Մեկը գրում է, մյուսը՝ պատասխանում: Առիթը Գեղարքունիքի Արգիճի գետի հունը փոխելու հետ կապված իրադարձություններն են: "Ժառանգությունը" նախօրեին հայտարարել էր, որ չէր կարելի գյուղացիներին, որոնք պայքարում էին այդ գործընթացի դեմ, կանչել ոստիկանություն, հարցաքննել, սպառնալ, թե գործ կհարուցեն: ԱԺ "Ժառանգություն" խմբակցության անդամները գտել էին, որ կատարվածն անօրինական է, եւ տվյալ քննիչը պետք է պատասխանատվություն կրի: Դատախազությունն էլ, փոխանակ կենտրոնանալու նամակի բովանդակության վրա, կենտրոնացել էր այնտեղ առկա սխալների վրա. դատախազությունը նախաքննություն չի կատարում, քննություն կատարողը ոչ թե դատախազության, այլ ոստիկանության քննիչ է: Գուցե իսկապես ԱԺ պատգամավորները, որոնք մասնակցել են օրենքի ընդունմանը, պետք է իմանային, որ նախաքննություն կատարելու իրավունքը դատախազության ձեռքից առել են, եւ դա նրանք այնքան ցավոտ են տանում, որ շարունակ հիշում են այդ մասին եւ զայրանում, երբ որեւէ մեկը մոռանում է: Սակայն տվյալ պարագայում էականը ոչ թե դա է, այլ նախաքննություն իրականացնողի (ով ուզում է լինի) գործողությունների օրինական կամ անօրինական լինելը: Եվ ընդհանրապես, նախաքննություն իրականացնողները, դրա ընթացքը հսկողները եւ մեղադրականներ կազմողները պետք է հասկանան, որ պայքարի ելած մարդկանց չի կարելի պատժել իրենց իրավունքները պաշտպանելու համար: Անգամ եթե այդ իրավունքները պաշտպանելն արտահայտվել է ճանապարհ փակելով եւ երթեւեկությանը "խոչընդոտելով": Քանզի այն, ինչի դեմ նրանք պայքարում են, շատ ավելի մեծ հանցանք է եւ ավելի մեծ աղետների կարող է հանգեցնել: