Դարպասն ու հոգսերը

Դարպասն ու հոգսերը
Լոռու մարզի Դարպաս համայնքը, ինչպես մարզի մյուս գյուղերը, բազում խնդիրներ ունի, սակայն համայնքում գործում է "գյուղ կանգնի՝ գերան կկոտրի" խոսքը: Գյուղում այսօր քչերն են զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով: Մշակում են գրեթե միայն տնամերձ հողամասերը. պատճառը վարելահողեր ու խոտհարքներ տանող ճանապարհների վատ վիճակն ու ոռոգման ջրի խնդիրն է: Ինչպես նշում է Դարպասի գյուղապետ Սամվել Ավետյանը, գյուղի խնդիրները շատ են. "Չունենք ճանապարհներ դեպի մեր հանդամասերը, խոտհարքները, վարելահողերը: Փակված են ոռոգման ջրերի բոլոր ճանապարհները, հանդամասերը չեն ջրվում, անասնապահություն չկա, կարկուտը խփել է, միայն տնամերձներում են ցանում կարտոֆիլ, բանջարեղեն, մնացածը խոտհարք է, չի ցանվում":



Գյուղատնտեսությամբ լուրջ չզբաղվելու պատճառը, գյուղապետի խոսքով, նաեւ գյուղացու վնասով աշխատելն է, դրան էլ գումարած բնական աղետներից ապահովագրված չլինելու փաստը: Անասնապահությամբ եւս գյուղն աչքի չի ընկնում` արոտավայրերը քիչ են, միայն սարն է, դա էլ հեռու է, գայլերը խանգարում են՝ ասում է գյուղապետ Սամվել Ավետյանը: Այս տարվա ուժեղ կարկուտից լուրջ վնասներ է կրել նաեւ Դարպաս համայնքը` զրկելով գյուղացուն ողջ բերքից: 70-ամյա տիկին Լաուրայի բերքը եւս վնասվել է, որին նա ցավով է նայում. "Մենակ մեր դռների հողերն ենք ցանում, դաշտում էլ մենակ խոտ ա, կարկուտը շատ վնասեց, մտնում ենք էդ եքա բաղուբաղչեն՝ ոչ մի բան չկա": Իսկ գայլերի հարձակման դեպքերը բնակիչները լուրջ խնդիր են համարում:



"Գայլերն են շատ հարձակվում, չենք կարողանում դեմներն առնենք",- ասում է Սամսոն պապն ու ավելացնում. "Եղանակները անհաջող էին, մեկ լավ շոգ արավ, մեկ էլ էնքան անձրեւ եկավ, որ խոտերը անձրեւի տակ փչացան: Ոռոգման ջուրն ու գյուղի ճամփեն ա մեծ խնդիր": Գյուղում ավարտին են մոտենում գյուղամիջյան ճանապարհների նորոգման աշխատանքները, որ որոշ ժամանակով դադարեցվել էին: Պատճառը, ըստ գյուղապետի, գյուղացու խոտի գործով զբաղվելն էր: Նախորդ տարիների համեմատ գյուղը բավականին առաջ է գնացել, գյուղապետը բնակիչների հետ համատեղ փորձում է լուծել գյուղի խնդիրները, իր խոսքով` չի սիրում պարազիտի նման նստել ու սպասել նոր ծրագրերի:



Գյուղի փոքրիկներն այս տարի կհաճախեն հիմնանորոգված մանկապարտեզ, այս տարի լուծվել է նաեւ աղբահանության հարցը. ամեն կիրակի աղբատար մեքենան պետք է շրջի գյուղում ու տեղափոխի հավաքված աղբը. նման բան գյուղացիները չեն հիշում: Վերջին մի քանի տարիներին կարծես թե գյուղից քչերն են հեռանում, շատերը վերադառնում են,- ասում է գյուղապետը: Գյուղապետի վստահեցմամբ՝ առանց գյուղացիների օգնության ու թիկունք լինելու ոչինչ էլ չի ստացվի:



"Գետը գնում էր ճանապարհով, էդքան հողը հանել-մաքրել ենք, այս տարի հողահոսք էր եղել, ճանապարհը փակել էր, մեր ուժերով մաքրեցինք, տեղափոխեցինք, որը որ մեր բյուջեով հերիք չի, մեր բոլոր գյուղացիների աշխատանքով կատարում ենք, ծրագրի հույս չկա, ոչ մի բանի հույս չկա: Սոցներդրումը մի անգամ ծրագիր արել է, հո չի՞ լինի ամեն անգամ մեր գյուղում անեն, մանկապարտեզի շենքը կառուցեցին, մի ուրիշ ընկերություն գույքը գնեց, մի ուրիշ ծրագրով էլ բարելավում արվեց, հո մենակ մեր գյուղը չի՞: Եթե սպասեմ ծրագրի, գյուղում ոչ մի բան չի լինի",- ասում է գյուղապետն ու վստահեցնում, որ չարժե նման մանր հարցերով դիմել կառավարությանը: "Պետք է նախ ես անեմ, նոր՝ իրանք, ես որ չանեմ, ո՞վ ինձ կօգնի, չի կարելի պարազիտի նման նստել ու օգնության սպասել, մարդիկ մանկապարտեզը սարքեցին, ես էլ գյուղի կենտրոն կսարքեմ",- ասում է Դարպաս համայնքի գյուղապետ Սամվել Ավետյանը:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ