Արցախ, հետ թե առաջ, բայց կյանքը շարունակվում է

Արցախ, հետ թե առաջ, բայց կյանքը շարունակվում է
Չնայած շոգ ամառն Արցախի պետպաշտոնյաներին ծանր ու հոգեմաշ աշխատանքից ձերբազատվելու հնարավորություն է ընձեռել՝ ոմանք արձակուրդ են վերցրել եւ այսուայնտեղ մեկնել՝ հանգստանալու, ոմանք ամառային հանգիստն անցկացրել են աշխատասենյակում ննջելով, սակայն դրանից չի կարելի ենթադրել, թե ամառվա տապից կյանքն Արցախում ժամանակավորապես դադարել է։ Չնայած ընդունված է հարսանիքի ամիսներ համարել օգոստոս-սեպտեմբերը, այդուհանդերձ ողջ ամառվա ընթացքում Ստեփանակերտում չէին դադարում հարսանեկան ավտոշարասյան զիլ ազդականչերը։



Միայն Ստեփանակերտում արդեն գրանցվել է 260 ամուսնություն։ Բայց զգալի թիվ են կազմում նաեւ չգրանցված ամուսնությունները։ Արցախի հանրապետական ՔԿԱԳ-ի աշխատակից Իսկուհի անունով մի աղջիկ մեզ տրամադրեց ս. թ. եւ անցյալ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված ամուսնությունների թիվը։



2010 թվականի առաջին 7 ամսում Ստեփանակերտում գրանցվել է 192 ամուսնություն (2009-ին՝ 122), Ասկերանում՝ 43 (28), Մարտակերտում՝ 53 (42), Մարտունիում՝ 43 (46), Հադրութում՝ 31 (24), Քաշաթաղում՝ 60 (56), Շուշիում՝ 10 (5), Շահումյանում՝ հունիսի դրությամբ 12 (8)։ Ընդհանուր առմամբ, հիշյալ ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 444 ամուսնություն (նախորդ տարում՝ 331)։



Հանդիսությունների տներն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ։ Ասում են՝ սերը սահմաններ չի ճանաչում։ Ամառվա տապը եւս խոչընդոտ չէ սիրող զույգերի հանդիսավոր միացման արարողության համար։ Ստեփանակերտի փողոցներով իրար հաջորդելով անցնող հարսանեկան ավտոշարասյուները վկայում են, որ կյանքը շարունակվում է, արեւը թեկուզ հուր թափի վերեւից։



Հին բարի ժամանակների ավանդական զուռնա-դհոլին այսօր փոխարինել են էլեկտրական հոսանքով աշխատող երաժշտական նոր գործիքներ՝ մագնիտոֆոնի ու բարձրախոսների պարտադիր ներկայությամբ։ Նոր սազանդարներն այնպես են կլկլացնում, որ դժվար է հասկանալ՝ հայերե՞ն են երգում, թուրքերե՞ն, ռուսերե՞ն, թե՞ աֆրիկյան անծանոթ մի լեզվով։ Երգացանկը, այսպես ասած՝ երաժշտական ռեպերտուարը, առանց բացառության, ռաբիս է։ Հայկական ժողովրդական երգն անգամ այնպես են ռաբիս-կլկլոցով գեղգեղում, որ Կոմիտասն էլ չի կռահի, որ իր լսածը հայկական է։ Սեղանապետն էլ հո նախկին թամադան չէ, միկրոֆոն-խոսափողն այնպես է բռնում, որ կարծես էստրադային աստղ լինի...



Հարսանեկան ավտոշարասյունը զիլ ազդականչերով սուրում է փողոցներով եւ ուղղություն վերցնում դեպի "Մենք ենք, մեր սարերը", այսինքն՝ ղարաբաղցիների հանրահայտ "պապ ու տատի" հուշակոթողը։ Նորապսակներն այստեղ լուսանկարվում են իրենց մտերիմների ու բարեկամների հետ եւ հարսնաշորի պես արդեն պարտադիր դարձած տեսախցիկավոր տղայի ուղեկցությամբ տեղավորվում ավտոմեքենաներում ու ավտոների ամեն կարգի խլացուցիչ ազդականչերով շարժվում դեպի մայրաքաղաքի հակառակ ծայրը։ Նույն այդ ազդականչերով այժմ էլ գնում են Հուշահամալիր, իրենց ասելով՝ նահատակների հիշատակը հարգելու, իսկ իրականում՝ այնտեղ եւս լուսանկարվելու եւ իրենց ամուսնական արարողությունը տեսագրելու համար։



Ավտոշարասյան ոռնոցով առավելապես աչքի են ընկնում խոշոր տրամաչափի չինովնիկների, տեղի օլիգարխների եւ միկրոօլիգարխների զավակների ամուսնությունները։ Ամուսնական արարողության այս հատվածը միանգամայն այլ կերպ են մեկնաբանում հատկապես Հուշահամալիրի հարեւանությամբ փողոցի բնակիչներն ու Արցախյան պատերազմում զավակ կորցրած ծնողները։ Հարսանեկան ավտոշարասյան ոռնաձայն մեկնելը դեպի Հուշահամալիր ընկալում են որպես վիրավորանք նահատակների հիշատակին։ Շքեղ "ջիպ" ու "մերսեդեսների" հետեւից ինչ հայհոյանքներ ու անեծքներ ասես, որ չեն նետում, բացառություն չանելով անգամ նորապսակներին...



Իսկ կյանքը շարունակվում է՝ ժամանակ չունենալով գլուխ կոտրել այդ հարցի վրա՝ առաջ է շարժվո՞ւմ, թե՞ հետ:



Վարդգես ՕՎՅԱՆ