Սեւան-Դիլիջան թունելում վիրավորվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Սեւան-Դիլիջան թունելում վիրավորվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է




Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի թունելում մեկ տարեկան երեխայի եւ մոտ 30-40 տարեկան կնոջ դիակ է հայտնաբերվել: Երեկ երեկոյան  ժամը 15:30-ի  սահմաններում ահազանգ է ստացվել, որ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկներ Սեւանի եւ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Պարզվել է, որ թունելում ավտոբուս է այրվում ("ԿՎԶ" մակնիշի 04 ՏԼ168 պետհամարանիշի): ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ՝ հրդեհը հաջողվել է մարել ժամը 17:25-ի սահմաններում:  Այրվածքներ ստացած վարորդին՝ 1971թ. ծնված Գարիկ Սուրիկի Մկրտչյանին, հաջողվել է ինքնուրույն դուրս գալ թունելից, սակայն նրա կինը՝ Վարդենիսի Խաչաղբյուր գյուղի բնակչուհի, 1982թ. ծնված Քրիստինե Գարեգինի Վանյանը, եւ զավակը՝ 2009թ. ծնված Սուրիկ Գարիկի Մկրտչյանը, մահացել են:



Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ՝ վարորդը շոկային վիճակում է եղել եւ ոչ ադեկվատ պատասխաններ է տվել, միայն գոռացել է, որ ինքը չի կարողացել փրկել կնոջն ու երեխային: Վերջիններիս դիակները ահավոր այրված են եղել: Վարորդի վիճակը միջին ծանրության է: Տուժել են նաեւ երկու ուղեւորները՝  Վարդենիսի բնակիչներ 1962թ. ծնված Կամո Ռաֆիկի Շաբոյանը, որի վիճակը միջին ծանրության է, եւ 1973թ. ծնված Նունե Ռազմիկի Աղաբեկյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Տուժածները նախ տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց, այնտեղից՝ Երեւան: "Հրդեհը եղել է ավտոբուսում: Ավտոբուսը հագեցած է եղել գազի 4 գլանակներով, որոնք վնասված չեն եղել, այսինքն գազի բալոն չի պայթել:  Սակայն այնտեղ հատված կա, որտեղից գազի արտահոսք է եղել եւ ետեւի աջ անիվն ամբողջությամբ այրված է եղել",-մեզ հետ զրույցում նշեց Նիկոլայ Գրիգորյանը՝ շեշտելով, որ ավտոբուսում բռնկված հրդեհի պատճառները պարզ կլինեն միայն քննությունից հետո: Ի դեպ, ավտոբուսում եղել են նաեւ հակահրդեհային վահանակներ ու կրակմարիչներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են: