Ճակատագրական սիրո եւ մեր անսեր օրերի մասին

Ճակատագրական սիրո եւ մեր անսեր օրերի մասին
Կարինե Խոդիկյանն արդեն ավարտել է իր նոր պիեսը՝ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կահլոյի եւ նրա մեծ ու ճակատագրական սիրո՝ Դիեգո Ռիվերայի մասին: Հարցիս՝ արդյո՞ք Կարինեն նրանց կյանքի իրական պատմությունն է պիես դարձրել, պատասխանեց. "Ոչ, եթե այդպես լիներ, նրանց մասին ե՛ւ ֆիլմ է նկարվել, ե՛ւ բազմաթիվ գրքեր կան, լրիվ ավելորդ բան կլիներ, ես պարզապես փորձեցի հասկանալ, թե ինչն է միացրել այդ երկու մարդկանց եւ ինչն է անջատել: Նրանք երկուսը մեկ իրար վանում էին, մեկ էլ հանկարծ երկուսն էլ այնպես էին իրար ձգում, որ այս տիեզերական ձգողական ոչ մի ուժ որեւէ մեկի վրա չի գործել: Իմ պիեսում Ֆրիդան եւ Դիեգոն հանդիպում են իրենց մահից հետո, լրիվ անկապ մի տեղում, որը բար է, գինետուն է կամ լրիվ լքված մի տեղ" չգիտեմ: Պիեսում կա նաեւ Քրիստինան՝ Ֆրիդայի քույրը, որի հետ Դիեգոն դավաճանեց Ֆրիդային: Եվ դրանից հետո, որ ցանկացած կին կկոտրվեր, Ֆրիդայի համար նոր կյանք սկսվեց... ուժեղ ու թույլ, վհուկ, հրեշտակ, սուրբ-սատանա՝ այս ամենը կար այդ կնոջ կերպարում...":



- Իսկ պիեսը գրելու ընթացքում այդ կնոջից Ձեր մեջ չանցա՞ն նրան բնորոշ որոշ գծեր:



- Ոչ: Ես փորձել եմ հասկանալ Ֆրիդային՝ այդ կնոջը, այդ արվեստագետին, հնարավորինս մոռանալով իմ անձը: Միայն այդ դեպքում է կերպարը քեզ այնքան վստահում, որ սկսում է ասել. "Ես պետք է այսպես անեմ, ես պետք է այսպես խոսեմ": Գրում ես, վերջացնում ես, հետո հանկարծ գալիս է մի պահ, որ հասկանում ես ենթագիտակցորեն, որ ինչ-որ մի բան թելադրված է եղել քո կյանքից, քո փորձից, քո դառնությունից, քո երջանկությունից... մի խոսքով՝ քո կյանքից:



- Կարինե, նման մեծ ու ճակատագրական սերեր միայն մեծերի հե՞տ է պատահում: Ձեզ օրինակ չէի՞ն հետաքրքրում մեր այսօրվա, ասենք, երիտասարդների փոխհարաբերությունները, որոնք ամենեւին էլ նման չեն Ֆրիդայի եւ Դիեգոյի կյանքին, որոնք փոքրացել են... մի տեսակ ճղճիմացել... Դուք տեսնո՞ւմ եք, թե որքան են մեր տղամարդիկ թուլացել, իսկ հակառակը` կանայք ուժեղացել:



- Այն, ինչ Դուք ասում եք, ես համաձայն եմ, բայց պիտի հակադարձեմ, որ ոչ թե ուժեղ կնոջ կողքին է տղամարդը  թուլացել, պատճառահետեւանքային կապը ճշտենք՝ ուժեղ կնոջ կողքին տղամարդն ուժեղանում է: Տղամարդը ֆինանսապես իր ընտանիքը ապահովողն է, ինքն է պատասխանատու ընտանիքի համար: Այսօր գործազրկությունը, աշխատավարձի պակասը, ինչ-որ բան ստեղծելու, ինչ-որ բանի տեր դառնալու անհնարինությունը տղամարդուն ստիպում են թուլանալ:  Այսօրվա տղամարդու որակի թուլացման պատճառը երկրի մեջ է միայն: Չեմ թաքցնում, որ այս ժամանակների մեջ մի տեսակ առաջացավ, որոնք բակերում նստած նարդի են խաղում, ես համոզված եմ, որ նրանց մի մասը դրսում ապրող զավակների կամ բարեկամների հույսին են ապրում: Ինչ-որ տեղից հույս ունենալու այդ վիճակը շատերի տունը քանդել է:



- Իսկ այն, որ տղաները մի տեսակ "արխային" են ընկել, որ աղջիկներն իրենք կվազեն իրենց ետեւից, եւ այդ պատճառով իրենց տղամարդկային արժանիքներն էլ են կորցնում... չէ որ այսօր, ըստ վիճակագրության, Հայաստանում մեկ տղային 20 աղջիկ է հասնում...



- Որ տղաներն իրենց այնպես են պահում, որ աղջիկներն իրենք վազեն նրանց ետեւից... նույնիսկ մեր սերնդի գիտակցությանը չի հասնում... Որ այսօր մեկ տղայի 20 աղջիկ է հասնում՝ դա, բնականաբար, երեւում է նաեւ անզեն աչքով, դուք նայեք մեր աղջիկներին՝ բոլորը սլացիկ, գեղեցիկ, ճաշակով հագնված: Զգացվում է, որ մարմնի կուլտուրա ունեն, ու նայեք մեր տղաներին, որ վաղուց արդեն իրենց մարմնաձեւերը կորցրել են: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ մեր տղաները ենթագիտակցորեն գիտեն, որ իրենք նույնիսկ այդ վիճակում "ապրանք" են, իսկ աղջիկները պետք է պայքարեն: Տղաներից մեծ մասը գնացին երկրից եւ առաջին հերթին գնացին ամենահամարձակները, վճռականները, նախաձեռնողները, բարձրագույն կրթություն ստացածները: Ստացվեց, որ այստեղ մեծ մասամբ մնացել են անգյալները: Եվ նույնիսկ այդ անգյալները գիտեն, որ իրենք "ապրանք" են:



- Փաստորեն, դուրս է գալիս, որ երկիրն անտեր է մնում, որովհետեւ եթե տղաներն այդքան թուլացել են, հետն էլ անգյալացել, չեն պայքարում այսօր կնոջ համար, վաղը չեն պայքարելու երկրի համար...



- Այո, մեր ամենամեծ ցավն այն է, որ մեր երիտասարդները իրենց ապագան մեր երկրում չեն տեսնում... երկիրը երկիր է, երբ ջահելն ու ահելը մնում են երկրի վրա: Էսօր մեր ծերերը ամենանվաստացած, տարիների վաստակն անտեսված մարդիկ են, իսկ ջահելների աչքը ճամփին է, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել...



- Անգամ պատերազմի, մութ եւ ցուրտ տարիներին երկիրը լքել ցանկացողների թիվն ավելի քիչ էր...



- Իսկ գիտե՞ք ինչու չէին ուզում գնալ՝ 88-ը այն հնարավորությունն էր մեզ տրված, որ մենք հավատայինք ոչ թե կույր աչքով, այլ բաց մտքով: Պատերազմի ժամանակ Հայաստանը լքած մարդիկ իսկապես դավաճան էին, 94-ից հետո գնացած մարդկանց ես կարող եմ հասկանալ, բայց մինչեւ պատերազմը եւ պատերազմի ժամանակ հեռացած մարդկանց ես իսկապես դավաճան եմ համարում: Ես Օրբելի փողոցում եմ ապրում, ու  զոհված տղաներին շատ հաճախ զրահամեքենայով մեր փողոցով էին անցկացնում ու տանում էին Ազատության հրապարակ: Լիներ ամառ թե ձմեռ, ես սենյակում նստած... մեկ էլ հանկարծ այնպիսի լռություն էր տիրում... որ ես ինձնից անկախ նայում էի պատուհանից դուրս ու տեսնում, որ հերթական դագաղն են բերում: Մարդիկ կարծես մի մարմին, մի հոգի լինեին... նորմալ մարդն ինչպե՞ս կարող էր այդ օրերին թողնել երկիրն ու գնալ: Երբ գիտեր, որ իր ընկերը, իր բարեկամը, իր հարեւանը իր համար կռիվ է տալիս: Ես այդ ժամանակ "Գարունում" էի աշխատում, հիշում եմ՝ լույս չկար...  ձեռնոցներով էինք աշխատում, բայց ոնց էին կարդում մարդիկ "Գարունը"... ես մտածում էի՝ տղաները դիրքերում են, ես այստեղ ի՞նչ պիտի անեմ, գլուխս քարին տալով, էս գործը պետք է անեմ... ես էլ իմ խոսքով պիտի կռվեմ:



- Այդ "կռիվը" տեսնելուց հետո, երբ նայում եք այսօրվա երիտասարդներին, իրենց կողմից այս անտարբերությունը դավաճանությո՞ւն եք համարում...



- Ես մի հարցազրույցում էս վերջերս ասացի, որ իմ սերունդը պարտվեց... ու պարտվեց շատ դաժան, այսօրվա երկրի վիճակի համար, իհարկե, մենք էլ ենք պատասխանատու:  ...Ես ինձ գիտե՞ք երբ պարտված զգացի՝ 2008-ից հետո, մինչեւ 2008-ը ես չեմ ունեցել նախկին ընկեր, մարտի 1-ից հետո ունեցա, երբ կարծում էի, որ այդ մարդիկ պետք է ինձ պես մտածեն, բայց ասում են՝ թող չգնային չզոհվեին, կամ լավագույն դեպքում լռում էին...



- Ու ի՞նչ եք սպասում, որ անի Ձեզնից հետո եկած սերունդը:



- Պիտի դաժան բան ասեմ... շուրջս նայում եմ՝ կոմֆորմիստներն օր-օրի ավելանում են... ես ոչինչ չեմ սպասում: ...Բայց գուցե այսօր ես պարտված եմ, բայց վաղը էլի մենք ենք հաղթելու:



- Ինչի՞ վրա եք հույս դնում:



- Պարզ մարդկային կամ Աստծո կողմից տրված արդարության վրա եմ հույսս դնում: Կարծում եք մարտի 1-ի հանցագործները պիտի մարսե՞ն, չե՞ն մարսի: Ես գրեցի, որ քաղաքի վրա թափառում են տասը զոհերի հոգիները... 99 թվի հոկտեմբերի 27-ից կես տարի հետո ես ինձ ստիպեցի ԱԺ շենք մտնել, տասը րոպե հետո ես ինձ դուրս գցեցի, որովհետեւ զգացի, որ 8 զոհերի հոգիները իրենց պատեպատ են տալիս, իսկ մարտի 1-ից հետո քաղաքի վրա 10-ի հոգիներն են թափառում... մեղավորները եթե այս տարածքում էլ չստանան իրենց պատիժը, միեւնույն է՝ ստանալու են հետո: Գիտե՞ք ես երբ կպարտվեմ, երբ մտածենք, որ էս երկիրը պետք է գահավիժի, իսկ էդ զոհերի հոգիները պիտի թափառեն: Այ էդ ժամանակ ես ինձ պարտված կզգամ: