"Էկոդաշինքը" պատասխանում է Խաչատուր Հարությունյանին

"Էկոդաշինքը" պատասխանում է Խաչատուր Հարությունյանին
16.07.2010թ. "Հրապարակ" թերթում  տպագրվել էր 78-ամյա ոմն Խաչատուր Հարությունյանի "Էդ կնգա սասը կտրցրեք" վերտառությամբ բողոք-նամակը, որով նա պահանջում էր լռեցնել Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր, UNEP ազգային խորհրդի նախագահ, "Էկոդաշինքի" անդամ տկն. Կ. Դանիելյանի ձայնը: "Էկոդաշինքի" համար ի սկզբանե ակնհայտ էր, որ գործ ունենք պատվերի հետ, եւ որ "Խաչատուր Հարությունյան 78"-ն ընդամենը ծածկանուն է: Մենք գրավոր դիմեցինք "Հրապարակի" խմբագիր տկն. Արմինե Օհանյանին, առաջարկելով կազմակերպել հանդիպում 78-ամյա  հոդվածագրի հետ թերթի խմբագրությունում, որեւէ պատասխան չստացանք:



Տկն. Օհանյանին նույն հարցով դիմեցինք հեռախոսով: Նա հայտարարեց, որ չգիտի, թե ով է Խաչատուր Հարությունյանը, եւ որ նամակ-բողոքն իրենք ստացել են էլեկտրոնային փոստով, եւ որ ինքը չի պատրաստվում որեւէ հանդիպում կազմակերպել "Հրապարակի" խմբագրությունում: Խնդրեցինք պրն. Խ. Հարությունյանի էլեկտրոնային փոստի տվյալները, երկար ձգձգումներից հետո այն ի վերջո ստացանք տկն. Օհանյանից: Էլեկտրոնային բազմաթիվ նամակներ հղեցինք պրն. Խ. Հարությունյանին` ոչ մի պատասխան: Այդպես էլ պետք է լիներ: Ուստի ստիպված ենք հրապարակայնորեն պատասխանել պրն. Խ. Հարությունյանին կամ, որ նույնն է՝ "Խ. Հարությունյան 78" ծածկագրի տակ քողարկվողներին:



Նախ նամակում հնչած մեղադրանքների մասին: Այո, Հայաստանի անտառները եւ քաղաքների կանաչ տնկարկները սկսեցին հատվել 1991-92 թթ., երբ մեր երկիրը պատերազմում էր, գոյության պայքար էր մղում շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի դաժան պայմաններում, պատերազմ էր: Շատ ենք ափսոսում այդ տարիների կորուստների համար, սակայն հասկանում ենք, որ այդ ծանր գնով է փրկվել մեր ժողովուրդը այդ տարիների ցրտաշունչ ձմեռներին եւ հաղթել պատերազմում: Նույն բացատրությունն ունի նաեւ Սեւանա լճից ջրթողն այդ տարիներին:



Ի՞նչ էր անում այդ ծանր տարիներին ՀՀ բնապահպանության նախարար Կարինե Դանիելյանը: Նա հիմնադրեց ՀՀ բնապահպանության նախարարությունը, ամեն ինչ անում էր` նվազեցնելու համար բնապահպանական այդ կորուստները: Ամենակարեւորը` նա պայքարում էր միջազգային ասպարեզում, ճեղքելով տեղեկատվական շրջափակումը, ներկայացնելով Արցախի հակամարտության ռեալ իրողությունը եւ այն բնապահպանական աղետալի կորուստները, որ կրում էր ՀՀ շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի հետեւանքով:



Այդ տարիներին ՀՀ բնապահպանության նախարար տկն. Կ. Դանիելյանի բազմաթիվ միջազգային հրապարակումները, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային համաժողովներում ելույթները, ինչպես նաեւ նրա կոչը, որով նա դիմեց միջազգային հանրությանը, ինչը տարբեր լեզուներով տարածվեց ողջ աշխարհում, իրենց համեստ լուման ունեցան, որ այդ օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ՀՀ-ն չճանաչվեց ագրեսոր, ինչին հասնելու համար մեր թշնամիները ջանք ու եռանդ չէին խնայում: Հուսով ենք, որ "Խ. Հարությունյան 78" ծածկանվան տակ հանդես եկող զրպարտիչները նույնպես տեղյակ են, թե ինչ կլիներ մեր երկրի հետ, եթե ՀՀ-ն ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես ճանաչվեր ագրեսոր:



Կխնդրեինք, որ "Խ. Հարությունյան 78" ծածկանվան տակ հանդես եկողներն իրենց համար պարզեն, թե ինչ, անհամեմատ ավելի ծավալուն կորուստներ է կրել մեր երկրի բնությունը հետպատերազմական տարիներին, երբ լուծվում էր ոչ թե ազգի լինել-չլինելու հարցը, այլ մի խումբ մարդկանց արագ գերհարստանալու հարցը, այն էլ մեր երկրի բնության հաշվին: Անտառների հատումը շարունակվեց շատ ավելի մեծ չափերով բիզնեսի նպատակներով: Այսպես, ըստ տիեզերքից իրականացվող ուսումնասիրությունների, եթե 1991-94 թթ. հատվել է մեր անտառների մոտ 10 %-ը, ապա 1995-2006 թթ.` մոտ 35%-ը: Սեւանա լճի ամենացածր մակարդակը ֆիքսվել է ոչ թե  "մութ ու ցուրտ" պատերազմական տարիներին, այլ 2002 թ. հունվարին` 1896,32 մ, թեեւ հայկական ատոմակայանը վերագործարկվել էր 1995 թ. ամռանը, եւ մեր երկրի բնության նմանատիպ զոհաբերումը բոլորովին անհիմն էր ու դաժան եւ միայն բիզնես նպատակներ էր հետապնդում: Երեւանի կանաչ տարածքների մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Կառուցապատման նպատակով առայսօր շարունակվող ծառերի ջարդը պարզապես սպանում, շնչահեղձ է անում Երեւանը, վերածելով քաղաքը բնապահպանական աղետի գոտու, անապատի:



Ավելին, էներգետիկ ճգնաժամի ավարտի հետ մեկտեղ Երեւանի կանաչ տնկարկները սկսեցին արագորեն վերականգնվել, բնությունն ինքը բուժում էր իրեն հասցված վերքերը, եւ բնապահպանական ու երիտասարդական տարբեր հասարակական կազմակերպություններ (ՀԿ), ներառյալ տկն. Կ. Դանիելյանի ղեկավարած "Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա" ՀԿ-ն, ամեն գարուն եւ աշուն ջանում էին օգնել այդ վերականգնմանը: Սակայն ՀՀ իշխանությունները գերադասեցին այդ տարածքները տրամադրել կառուցապատման համար, մեկը մյուսի հետեւից ոչնչացնելով Երեւանի կանաչ տարածքները: Այսպես` հեռուստաաշտարակին հարող Նորքի անտառը, որի վերականգնմանն աջակցում էին մեր երիտասարդները, ենթարկվեցին "վերահսկվող, նախազգուշական" հրկիզումների, ապա տարածքի զգալի մասը տրամադրվեց կառուցապատման: Նույն իրավիճակն է Պուշկինի այգու այն հատվածում, որի վրա երկու տարի աշխատեց "Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա" ՀԿ-ն: Այդ տարածքն արդեն վաղուց ծառազուրկ է եւ, իհարկե, կառուցապատված: Ամենացայտունը Հրազդանի  կիրճի օրինակն է: 2001-02 թթ. երեք ՀԿ-ներ, այդ թվում "Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա" ՀԿ-ն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ բարեկարգեցին Երեւանի քաղաքապետարանի կողմից Հրազդանի կիրճում տրամադրված տարածքը. տարածքը մաքրվեց աղբից, ծածկվեց բերրի հողաշերտով, անցկացվեցին ջուր եւ էլեկտրականություն, տնկվեց անտառ-պուրակ, որտեղ տեղադրվեցին նստարաններ ու հանգստյան կետեր: Հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու Երեւանի քաղաքապետը, որոնք էլ կտրեցին սիմվոլիկ ժապավենը: Դրանից շատ չանցած, անտառ-պուրակը, որը, ըստ մտահղացման, պետք է ծառայեր երեւանցիներին` որպես ընդհանուր օգտագործման անվճար կանաչ տարածք Հրազդան գետի գեղատեսիլ ափին, հանձնվեց քաղաքապետարանին: Մեկ տարի անց այդ ամբողջ կանաչապատված ու ջանասիրաբար խնամված տարածքը քաղաքապետարանը տրամադրեց "Փարվանա" ռեստորանի ենթակառույցներին:



Չնայած տարիների դառը փորձին, տկն. Կ. Դանիելյանն իր ուսանողների հետ այսօր էլ շարունակում է մասնակցել ծառատունկերին:



Ուրախ ենք, որ 78-ամյա մեր համաքաղաքացին, եթե, իհարկե, նա իրականում գոյություն ունի, քաջատեղյակ է "գրանտային"` դրամաշնորհային գործընթացներին: Սակայն զարմանալի է, որ նա "տեղեկացված" չէ, թե ինչ, անհամեմատ հսկայական, գումարներ են ստանում մեր երկրի պետական կառույցները նույն արտասահմանյան դրամաշնորհների (ինչը գովելի է, եթե ծառայում է ազգային նպատակներին) եւ վարկերի ձեւով (որը մեր հաջորդ սերունդներն են վերադարձնելու): Լավ կլիներ, որ պրն. Խ. Հարությունյանը կամ որ նույնն է՝ "Խ. Հարությունյան 78" ծածկանվան տակ հանդես եկողները փորձեին համեմատել ՀԿ-ների եւ ՀՀ պետական կառույցների ստացած արտասահմանյան ,գրանտներիե չափերը եւ ստացված արդյունքները:



Մենք համոզված ենք, որ մամուլում պարբերաբար հրապարակվող, բնապահպանական հասարակական կազմակերպություններին "պախարակող" հոդվածները պատասխանն են այն հայրենանվեր գործունեությանը, որը մենք իրականացնում ենք հանուն մեր երկրի բնության պահպանության եւ ապագա սերունդների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքի ապահովման նպատակով: Համոզված ենք, որ այդ ամենը պատահական չէ եւ նպատակաուղղված է մեր երկրում հասարակության իրավունքների հետեւողական սահմանափակմանը, ինչին նաեւ կնպաստի ՀԿ-ների մասին նոր օրենքի նախագիծը, որն "անցկացնելու" հետեւողական փորձեր են արվում: Նպատակաուղղված, հետեւողական բազմաթիվ փորձեր են արվում նաեւ ասպարեզից դուրս մղելու համար իրական, ակտիվ, անաչառ  գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին, դրանց փոխարեն հասարակական դաշտը ողողելով իշխանական կառույցների կողմից ստեղծված արհեստական, գրպանային բազմաթիվ ՀԿ-ներով:



"Հրապարակ" թերթում տպագրված "Հարություն Խաչատրյանի" զրպարտիչ նամակը մենք դիտարկում ենք հենց այդ համատեքստում:



Հարգանքով` "Էկոլոգիական հասարակական դաշինքի" 40 հասարակական կազմակերպությունների կողմից:



Ս. ԱԴԱՄՅԱՆ

"Էկոլոգիական հասարակական դաշինքի" համակարգող



Ի. ԶԱՐԱՖՅԱՆ

տեղեկատվական համակարգող

26.08.10



Հ.Գ. Մենք կարող էինք նաեւ այս նամակը չտպագրել, թեկուզ այն նկատառումից ելնելով, որ "ԶԼՄ-ների մասին" օրենքը նախատեսում է պատասխանի համար հատկացնել այնքան տարածք, որքան եղել է բուն հոդվածը, իսկ հոդվածը մոտ երեք անգամ զիջում էր այս պատասխանին: Կարող էինք նաեւ, ինչպես նամակագիրներն են արել, կասկածել նամակը ստորագրող 40 կազմակերպությունների գոյությանն ու այս պատասխանի հետ նրանց ունեցած առնչություններին: Բայց չենք անում՝ մեծահոգաբար տպագրելով տկն. Կարինե Դանիելյանին ուղղված "դիֆերամբները", որոնք իրականում խոսում են այն մասին, որ ամեն ինչ եւ ամենին քննադատող հասարակական կազմակերպություններն իրենք որեւէ քննադատություն չեն հանդուրժում եւ կարող են ծաղրել անգամ մարդու տարիքը: Միայն հարկ ենք համարում ընթերցողին ասել, որ Հարություն Խաչատրյանի հոդվածը տպագրվել է ոչ թե "Էդ կնգա սասը կտրցրեք" վերտառությամբ, այլ "Գոնե մի ծառ տնկեր" վերնագրով: Ի գիտություն Հ/Կ-ների, նշենք, որ էլեկտրոնային փոստը եւս հաղորդակցության միջոց է, եւ մեր թերթի 8-րդ էջը նախատեսված է հենց նման նամակներ տպագրելու համար, որտեղ մենք գրաքննություն չենք անում եւ մարդկանց հնարավորություն ենք տալիս ազատ արտահայտել իրենց կարծիքը: Ի դեպ, մենք կարող էինք անգամ հեղինակի էլփոստի հասցեն չտրամադրել նամակագիրներին, քանի որ նման լիազորություն չունեինք, սակայն տրամադրել ենք տարակարծիք անձանց հաղորդակցվելու հնարավորություն տալու համար:



Պատասխանը ստորագրել են 40 հասարակական կազմակերպություններ, որոնց անունները տեղի սղության պատճառով չենք գրում, եւ որոնք  ընթերցողին, կարծում ենք, ոչինչ չեն ասի: