Մեղրամիս մեղրամսից հետո

Մեղրամիս մեղրամսից հետո
Շատ չի անցել հայ-թուրքական "մեղրամսից", որն ըստ էության ոչ էլ մեղրամիս էր: Մենք էինք ուզում, որ այդպես լիներ, չմանրամասնելով, թե հնարավոր մեղրամսում  ում դերում ենք հանդես գալու: Չստացվեց" կամ մենք էինք անճար, կամ թուրքին  տրվելու բազմապիսի պահանջներն այնքան անհաճո էին, որ գերադասեցինք մնալ փողոցային սպասարկողի դերում` առանց ավելորդ հաճույքներ մատուցելու: Բայց դե, ի՞նչ տարբերություն, դրանից մեր կարգավիճակը չփոխվեց: Ոնց կայինք, այդպես էլ մնացինք: Ո՞նց կարող էինք փոխվել, անունն արդեն վաստակել էինք:  Հիշո՞ւմ եք մեղրամսին նախորդող ամիսներին ոնց էինք պատրաստվում: Խնամականչին նույնիսկ ցեղասպանության հուշարձանի լույսերը մարեցինք, որ խնամիները չնեղանան:



Ամեն ինչ հավուր պատշաճի կազմակերպեցինք: Խնամիների մասին էլ՝ ոչ մի վատ բան" Հատուկ մոտեցում էր` թուրքերի մասին կամ լավը, կամ ոչինչ: Քաղաքում նույնիսկ թրքալեզու ցուցանակներ հայտնվեցին: Ի՜նչ օրեր էին: Ապրում, շնչում եւ արտաշնչում էինք թուրքերեն: Հայաստանում ոչ պաշտոնապես հայտարարված էր Թուրքիայի տարի: Օլիգարխները շտապեցին Թուրքիային սահմանամերձ գյուղերի հողերը գնել: Ողջ ժամանակահատվածում ուսուցողական նյութեր էին հեռարձակվում: Ազգովի պարտադիր ծանոթանում էինք մեզ "անհայտ" Թուրքիային եւ թուրքական քաղաքակրթությանը:



Բոլորի շուրթերին հայ-թուրքական սահմանի բացման երազանքն էր: Քաղաքագետներն ու վերլուծաբանները, իրար հերթ չտալով,  մուղամներ էին երգում եւ անթաքուց մրցակցության մեջ էին մտել, թե ով ավելի լավ կկլկլացնի: Չստացվեց... բայց մենք մեր հույսը չենք կորցնում: Իսկ մինչ այդ, որպեսզի մեր կյանքը հետաքրքիր անցնի եւ առանց պարապուրդի, օրերս նախաձեռնեցինք մեկ այլ մեղրամիս` այս անգամ հին հաճախորդի հետ: Ինչ կապ ունի՝ հին է, թե նոր, տրվելու ձեւերն են կարեւոր: Նույն մարդիկ, ովքեր երկու տարի շարունակ զբաղվում էին մուղամագիտությամբ եւ մեր ուղեղները լվանում թուրքական մուղամներով, հիմա "Կատյուշա" են երգում: Եվ տարօրինակ չի այլեւս, որ այս մարդիկ ամեն ինչի մասին "կարծիք" ունեն:



Վերջերս, երբ Հայաստան էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, մի երիտասարդ խոսնակ այնպիսի մտքի փայլատակում արեց, որ  նույնիսկ Գալուստ Սահակյանը կնախանձեր նման ճառագայթմանը: Այսպես, այս երիտասարդն ի լուր ամենքի հայտարարեց, որ եթե Հիլլարին որոշել է գալ Հայաստան եւ ԱՄՆ-ի անկախության օրը քնել Հայաստանում, ուրեմն բոլորը պետք է հասկանան, թե ինչպիսի բացառիկ վերաբերմունք  ունի Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգները: Թե ինչ կապ ուներ ԱՄՆ-ի անկախության օրը Հիլլարիի Հայաստան կատարած այցի հետ, այդպես էլ հայտնի մնաց միայն այդ երիտասարդին: Բայց, ինչպես ասում են, երիտասարդի դափնիները հանգիստ չէին  տալիս ավագ ընկերոջը` Գալուստ Սահակյանին:



Եվ առիթը չկորցնլով, նա  ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի շուրջ այնպիսի մեկնաբանություն արեց, որ երիտասարդ հանրապետականը դեռ երկար կհիշի: Ոչ ավել, ոչ պակաս, ըստ Գալուստ Սահակյանի, Մեդվեդեւը Հայաստան էր եկել ավելի քան նախագահ: Հանճարեղ մտքի ինչպիսի՜ փայլատակում: Մի հարցնող լինի Գալուստ Գրիգորիչին, բա մեր նախագահը Մեդվեդեւին դիմավորելուց ի՞նչ կարգավիճակում է եղել: Միգուցե մեր նախագահն էլ ավելի քան նախագահ է: Ինչ-որ խուճուճ բան է ստացվում, եւ միայն Գալուստ Գրիգորիչը գիտի այդ խուճուճության պատասխանը, բայց չի ասում: Չի ասում, որովհետեւ վախենում է ռուսները նեղանան, որ մեր նախագահն էլ կարող է ավելի քան նախագահ լինել:



Այդ դեպքում հարց Գալուստ Գրիգորիչին՝ ըստ Ձեզ, ռուսների համար մեր նախագահը նախագա՞հ է, մարզպե՞տ, գյուղապե՞տ, թե՞ ավելի ուրիշ մի բան, կամ քո նժդեհականությունն ուր մնաց, այ" Գրիգորիչ: Հետաքրքիր է, արդյո՞ք Մեդվեդեւը գիտի, որ ինքը Հայաստան էր եկել որպես ավելի քան նախագահ: Այս միտքը հաստատ Մեդվեդեւը շատ կհավանի, բայց դափնիները միայն Գալուստինն են, եւ մենք սրանից ոչինչ չենք շահելու: Մեզ մնում է սպասենք պալատական  քաղաքագետների, վերլուծաբանների եւ երիտասարդ խոսնակի հերթական "դասախոսություններին", որ իմանանք` հետո ում հետ ենք լինելու եւ ինչ դիրքով: Ճիշտն ասած՝ շատ էլ չեն մնացել: Վրացիներին չենք հետաքրքրում: Մնում է Ահմադինեջադը...



Շարմազան ՍԱՀԱԿՅԱՆ