Թեւակոխում են պայքարի վճռական փուլ

Թեւակոխում են պայքարի վճռական փուլ
Ուսանողական այգում իրականացվող կառուցապատման կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի գործողությունների օրինականությունը վիճարկելու հայցն արդեն պատրաստ է:  "Մենք ենք այս քաղաքի տերը" նախաձեռնությունը շուտով ՀՀ վարչական դատարան կդիմի: Հայցի նախապատրաստումը մի փոքր ուշացել է` կապված ամառային արձակուրդների հետ: Հայցի հիմքում ընկած է ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու եւ քաղաքաշինական ծրագրերի քննարկմանն ու որոշումների կայացմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարումների փաստը:



Հայցը հանրությանը ներկայացնելու եւ հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով "Մենք ենք այս քաղաքի տերը" նախաձեռնության անդամները օգոստոսի 27-ին եւ 28-ին հանդիպում են նաեւ նախատեսել: "Մենք թեւակոխում ենք Ուսանողական այգու փրկության համար մղվող պայքարի վճռական փուլերից մեկը: Եկեք միասին ապացուցենք, որ պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ` հանուն մեր քաղաքի եւ մեր երեխաների առողջության",-կոչ են անում նախաձեռնության անդամները: Հիշեցնենք, որ նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքին արդեն 16 հազար քաղաքացի է միացել: