Ուզում եք մի օրում հոդված գրե՞ք

Ուզում եք մի օրում հոդված գրե՞ք
Ամառվա այս տապին գրեթե հնարավոր չէ խուսափել սննդային թունավորումներից, հատկապես երբ շատ մթերքներ, միրգն ու բանջարեղենը վաճառվում են հենց փողոցում: Մայթեզրին, արեւի տակ, առանց ծածկելու վաճառում են պանիր, թխվածքաբլիթներ, կարկանդակներ, որոնք Աստված գիտի ինչից են պատրաստված: Նման դեպքում թունավորումներից խուսափել, պարզ է, որ հնարավոր չէ: Վերջերս շատ են նաեւ ջրից թունավորման դեպքերը: Մեր տեղեկություններով՝ օրերս գրանցվել են հատկապես ձմերուկից եւ պաղպաղակից թունավորման դեպքեր, եւ մեծ թվով մարդիկ տեղափոխվել են "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոց: Այնպես, որ անգամ միջանցքներում են հիվանդներին տեղավորել: Մենք այցելեցինք հիվանդանոց՝ պարզելու, թե որքանով է հավաստի այդ ինֆորմացիան եւ ընդհանրապես՝ կա՞ համաճարակային հիվանդությունների սրացում, թե՞ ոչ:



Ինֆեկցիոն հիվանդանոցի բակում նախ ստիպված էինք հաղթահարել բակում վխտացող շների արգելքը: Մեկի ոտքն էլ կոտրված էր ու հազիվ քարշ գալով մի կերպ շարժվում էր հիվանդանոցի բակում: ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը, պարզվեց, խիստ զբաղված է: Մեկ ժամից ավելի սպասելուց հետո գլխավոր համաճարակաբանը եկավ եւ ընդունեց մեզ: Սակայն հենց առաջին հարցից պարոն Ասոյանը, չգիտես ինչու, դարձավ ագրեսիվ: Նախ արգելեց ձայնագրել ու խորհուրդ տվեց բանավոր հիշել իր ասածները: Մեզ հետաքրքրում էր, թե վերջերս եղե՞լ են թունավորումների դեպքեր, հատկապես ձմերուկից կամ պաղպաղակից, եւ այդ ելքով հիվանդներ տեղափոխվե՞լ են հիվանդանոց: Շատ կարճ պատասխան հնչեց. "Մասսայական թունավորումների դեպքեր չեն եղել":



Իսկ երբ հարցրինք ընդհանուր համաճարակային վիճակի մասին, ասաց. "Որեւէ վարակիչ հիվանդության բռնկում չկա Հայաստանում": Ի դեպ, նշենք, որ երբ բակում սպասում էինք գլխավոր համաճարակաբանին, զրուցեցինք մի քանի կանանց հետ, որոնք հիվանդներ ունեին պառկած: Նրանցից մեկն ասաց. "Այնքան շատ մարդ կա հիվանդանոցում, որ մի մահճակալին 2 հոգի են պառկացրել: Շատը երեխաներ են: Մի տնից 2 կամ 3 հոգի պառկած են, իսկ հիվանդանոցում սկի պայմաններ էլ չկան: Սանհանգույցը ընդհանուր ա, ջուր չկա, կեղտոտ ամանները համարյա ամբողջ օրը այդպես դրված մնում են":



Դժգոհող կինը հիվանդանոցում խնամում էր 2 երեխայի: Երեխաները հիվանդանոց էին տեղափոխվել բարձր ջերմության պատճառով, բայց ընթացքում նոր հիվանդություն էր սրվել երեխաներից մեկի մոտ. "Քանի օր ա արդեն մի նորմալ բան չեն ասում, չեն ասում ինչից ա, ինչն ա պատճառը: Երեխան ջերմություն ուներ, հիմա էլ լուծ ա սկսել մոտը: Նույնիսկ տնից ջրի անալիզ են վերցրել, բայց չեն ասում՝ ջրից ա, թե չէ: Ասում են ամեն ինչ նորմալ ա": Երբ փորձեցինք մտնել հիվանդանոց՝ հիվանդների հետ զրուցելու, Ասոյանն իրեն բնորոշ "քաղաքավարությամբ" ասաց. "Թույլ չեմ տա:



Չես կարող հիվանդներին տեսնել, որովհետեւ վարակիչ հիվանդությունների մասին ինֆորմացիան համարվում է պետական, ռազմավարական գործընթաց: Ես թույլ չեմ տա ոչ մասնագետին որեւէ մեկի հետ խոսել, որովհետեւ Դուք ոչ կոմպետենտ եք ու կարող եք սխալ ինֆորմացիա տալ: Դուք կզրուցեք հիվանդների հետ, կտպեք եւ խուճապ կառաջացնեք մարդկանց մեջ": Նման պատասխանը թույլ է տալիս ենթադրել, որ մեզ հետ զրուցած կնոջ ասածները լիովին համապատասխանում են իրականությանը: Եթե հիվանդանոցի ու հիվանդների վիճակն այնպիսին է, ինչպես նկարագրում էր հիվանդապահ կինը, ապա համաճարակաբանը թաքցնելու բան ուներ:



Պարզվեց՝ համաճարակաբանը նաեւ լավ խորհրդատու է: Մեզ ասաց, որ այս թեմայով նյութ գրելուց առաջ պետք է ամիսներով գրադարանում նստենք ու կարդանք: "Ես սովորել եմ 20 տարի եւ 30 տարի աշխատում եմ այս ոլորտում, իսկ Դուք ուզում եք մի օրում դրա մասին հոդվա՞ծ գրեք: Դա սխալ է, անգրագետ եւ տգետ",- դատողություններ արեց համաճարակաբանը: Փորձեցինք մի հարց էլ տալ, ինչից Արա Ասոյանը կատաղեց ու մեզ դուրս հրավիրեց իր սենյակից: Ի դեպ, վերջում էլ սպառնաց, որ սխալ բաներ գրելու դեպքում մեզ դատի կտա: