ՊՆ գնդապետը վարկածներ չունի

ՊՆ գնդապետը վարկածներ չունի
Նախօրեի գիշերը, ժամը 11-ի սահմաններում Արաբկիրում կրակոցներ էին հնչել, որի արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա Նարեկ Սարգսյանը՝ պաշտպանության գնդապետ Սուրեն Սարգսյանի որդին: Երեկ մեզ հաջողվեց զրուցել հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա տղայի հոր՝ Սուրեն Սարգսյանի հետ: Սուրեն Սարգսյանը պաշտպանության նախարարության գխավոր շտաբի ինժեներական զորքերի վարչության պետի տեղակալն է: Մեր հարցին՝ հնարավո՞ր է դեպքը կապ ունի իր գործունեության հետ, գնդապետը պատասխանեց. "Բացարձակապես տեղեկություն չունեմ, բացարձակապես: Ես տանը նստած, դեպքը տեղի է ունեցել, պադյեզդից տարել ենք հիվանդանոց, բացարձակապես բանից տեղյակ չեմ": Մեր հաջորդ հարցին, թե կասկածներ ունի՞ արդյոք ով կարող էր նման բան անել, Սարգսյանն ասաց. "Բացարձակապես, ոչ մեկին չեմ տեսել, ոչ մեկին դեմքով չգիտեմ, ո՞ւմ ասեմ": Տղայի առողջական վիճակի հետ կապված, Սարգսյանն ասաց՝ բժիշկներն ասում են, որ դեպի լավացում է գնում: "Կարեւորը հիմա տղայիս առողջանալն է":



"Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկ Վաչագան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 23-ամյա Նարեկ Սարգսյանն իրենց մոտ երեկ վիրահատվել է, գնդակը հեռացվել է նրա մարմնից: Բժշկի խոսքով՝ վիճակը կայուն է, բավարար, գիտակցություն կա, Նարեկ Սարգսյանն ինքնուրույն շնչում է: Ըստ բժշկի՝ գնդակը Նարեկի ձեռքից մտել է կրծքավանդակ եւ դուրս եկել կրծոսկրի շրջանում: Նշենք, որ դեպքի վայր հասած ոստիկանությունը կրակված 10 պարկուճ է հայտնաբերել:  Դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 2 բ շենքի մոտ, Արաբկիրի զինկոմիսարիատի հարեւանությամբ: Մեր հարցին, թե զինկոմիսարիատում ինչ-որ բան լսե՞լ են, պաշտպանության նախարարության լրատվականի աշխատակից Մուշեղ Աղեկյանն ասաց, որ այդ ժամին զինկոմիսարիատում մարդ չի լինում:



Երեկ ոստիկանության լրատվական բաժնից մեզ ասացին, որ դեպքի հետ կապված նոր տեղեկություններ չկան: Ըստ ոստիկանության՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը "պարզել է, որ ժամը 22:15-ին նշված շենքի բակում անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայից անհայտ անձինք հրազենով կրակ են արձակել 1987 թ. ծնված Նարեկ Ս.-ի ուղղությամբ` պատճառելով հրազենային վնասվածքներ": Տուժողը տեղափոխվել է "Քանաքեռ-Զեյթուն" բժշկական կենտրոն, այնտեղից` "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է ատրճանակի 10 պարկուճ, որոնք ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:



Մամուլում տեղեկություն եղավ, որ հարակից շենքերի բնակիչները տեսել են, թե ինչպես "Ջիպ" մակնիշի ավտոմեքենայով մի խումբ երիտասարդներ են եկել բակ ու "մեր դեմ խաղ չկա" բացականչություններով սկսել են կրակել: Ականատեսներն անգամ նշել են, որ մեքենան եղել է արտասահմանյան համարանիշով՝ 7 7 7 համարներով: Երեկ, սակայն, ոստիկանությունից պատասխանեցին, թե իրենք նման տեղեկություն չունեն: