Բոյկոտելու ենք Պոլսո պատրիարքության ձեռքբերո՞ւմը

Բոյկոտելու ենք Պոլսո պատրիարքության ձեռքբերո՞ւմը
Այն ժամանակ, երբ թուրքական կառավարությունը թույլ տվեց Վանի Սուրբ խաչ եկեղեցում պատարագ մատուցել, Հայաստանում զարմանքն ու   ուրախությունը խառնվեցին իրար: Մի կողմից անհավանական էր թվում, մյուս կողմից էլ, թե՝ "թուրքերը պարտավոր էին", ու դա որակվեց որպես թուրքական շոու: Ինչքան մոտենում է սեպտեմբերը, այնքան Հայաստանում կրքերն ավելի են բորբոքվում:



"Գնա՞լ, թե՞ չգնալ Վան պատարագին մասնակցելու" հարցը դառնում է օրհասական հայերիս համար: Այս հարցի շուրջ զրուցեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:



"Պոլսո պատրիարքությունը տարիներ շարունակ դիմում էր ներկայացնում թուրք կառավարությանը, որ Աղթամարում պատարագ մատուցվի գոնե տարին մեկ անգամ, խնդրանքը մատուցվել է նորոգությունից էլ շատ առաջ: Հիմա վերջապես թուրք կառավարությունը թույլատրել է այնտեղ պատարագ  մատուցել, այդքան բան: Ով ուզում է գնալ, թող գնա, ով չի ուզում, թող չգնա: Վերջիվերջո ոչ գնալն է բռնի, ոչ չգնալը: Ավելորդ շահարկումները, շոուի վերածելը, բոյկոտի կոչեր անելն անիմաստ բաներ են, ավելորդ զգացմունքայնություն, որը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ մենք իբրեւ ազգ քաղաքական հասունության չենք հասել, դեռ երեխա ենք, որ այդքան փոքր բաները կարող ենք մեծացնել` որոշելու համար՝ ա՞ջ ենք, թե՞ ձախ, դավաճա՞ն ենք, թե՞ ազգի փրկիչ",- ասում է Շիրակի թեմի առաջնորդը:



Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Աղթամարի եկեղեցում պատարագ մատուցելը մեծ հաղթանակ է համարում:



"90 տարի առաջ Արեւմտյան Հայաստանում պատարագ  չի մատուցվել, 20 տարի առաջ ոչ մեկը չէր կարող երեւակայել, որ պիտի  գնանք  Արեւմտյան Հայաստան, Արարատ լեռը պիտի բարձրանանք: Ոչ մեկը չէր ենթադրում, որ Աղթամարը պիտի նորոգվի ու պատարագի թույլտվություն պիտի տրվի: Հիմա այս ամենը կա՝ առաջընթաց է, թե հետընթաց: Սա Պոլսո պատրիարքության ձեռքբերումն է, այդ դեպքում բոյկոտելու իմաստը ո՞րն է, պատարա՞գն ենք բոյկոտելու, Պոլսո պատրիարքության ձեռքբերո՞ւմն ենք բոյկոտելու: Եթե քաղաքական գործիչները ունեն հնարավորություն ավելին անելու, թող անեն: Մեր հնարավորություններն այս է: Եկեղեցում պատարագ մատուցելը քաղաքական խնդիր չէ, դուք կարող եք ձեռք բերել այնտեղ ինքնիշխանության իրավունք՝ ձեռք բերեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել,- ասում է թեմի առաջնորդը:-Ժամանակին թուրքական շոու չէ՞ր արդյոք ամբողջ աշխարհին Ստամբուլի 33 եկեղեցիները մատնացույց անելով  հայտարարելը, թե իրենք ինչպիսի վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ, այն դեպքում, երբ ամբողջ Հայաստանում այդքան եկեղեցի  չկար: Տուրք տայինք թուրքական շոուներին եւ այնտեղ պատարագ չմատուցեի՞նք":



Վերջում հետաքրքրվեցինք, թե արդյոք առաջնորդը մեկնելո՞ւ է Վան: Նա ասաց ՝ "երեւի կգնամ":



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ