Փաշինյանի տեղը բանտում չէ

Փաշինյանի տեղը բանտում չէ
Երեկ Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը հայտարարություն է արել՝ կապված քաղբանտարկյալների հետ: ՀՀ իշխանություններին հիշեցրել է, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է եւ պարտավորություններ ունի ստանձնած այդ կառույցի առաջ, ուստի հարկ է, որ "անհապաղ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները": Կարծում եմ, խոսքն առաջին հերթին մեր գործընկերոջ՝ "Հայկական ժամանակ" թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մասին է, որն արդեն մի քանի ամիս է՝ "Կոշ" քրեակատարողական հիմնարկում է՝ քրեական հանցագործություն կատարած հազարի չափ անձանց հետ միասին: Ի պատիվ իրեն, նա ապօրինի դատավճիռն ու երկարատեւ ազատազրկումը հերոսաբար է տանում՝ ոչ միայն հոգեպես չի ընկճվում, այլ նաեւ շարունակում է ակտիվ կենսագործունեությունը. ովքեր հետեւում են ՀԺ-ին, դրանում կասկած չունեն: Սակայն ինչպե՞ս ենք մենք՝ նրա գործընկերները, մտավորականները, քաղաքական գործիչները, պարզապես շարքային մարդիկ, այս հասարակության անդամները հանգիստ ապրում, երբ բանտում է հանցանք չգործած անձը: Երբ մարդը պատժվում է ընդամենը կարծիք, իշխանությանն անհաճո քաղաքական կողմնորոշում, պայքարի կամք ունենալու համար: Երբ գործած միակ մեղքը իշխանափոխություն երազելն ու քարոզելն է, ինչը սահմանադրորեն ամրագրված իրավունք է Եվրախորհրդի անդամ ցանկացած պետության համար: Հենց սա է հիշեցնում Եվրոպական լիբերալների կուսակցությունը մեր իշխանությանը: "Եթե դուք ցանկանում եք, որ հայ հասարակությունը հավատա եվրոպական արժեքներին եւ ժողովրդավարության արժեքներին, ապա ձեր գործունեությամբ չպետք է հայ հասարակությանը հիասթափության մատնեք: Մենք պարտավոր ենք ապրել եվրոպական երկրների արժեքներով",- ասված է հայտարարության մեջ: