Քաղաքական աշնանացանի գենային ինժեներիան

Քաղաքական աշնանացանի գենային ինժեներիան
Սեպտեմբերը սպառնում է քաղաքական թեժ անցուդարձով: Ամսվա արդեն իսկ երկրորդ օրը Դաշնակցությունը կհավաքվի ու, հազար ողորմյա Երվանդ Օտյանին, "կպոռա եղբայրների իրավունքներուն վերայ", ի զորակցություն Արցախում դեռ կյանքի նշույլներ ցուցաբերող ժողովրդի, ու կնշի նրա ձեռք բերած հարաբերական անկախությունը: Դրանով իսկ հերթական անգամ Հայաստանում մնացածներին կհիշեցնի իր գոյությունը եւ կներկայացնի հերթական հայտը՝ դեկորատիվ-կիրառական ընդդիմության:



Այս տարվա աշունն ընդհանրապես, հագեցած է լինելու "ընդդիմադիր" շարժերով: Ռեժիմի համար այլեւս օրախնդիր է դարձել քաղաքական դաշտի միակ ընդդիմադիր ուժի՝ ՀԱԿ-ի դեմ ժողգործիքների նոր խմբաքանակ թողարկելու հարցը: Բայց քանի որ ռեսուրսի լուրջ պակասություն կա, անուրջների ֆաբրիկան այլեւս ի զորու չէ նոր դեմքեր արտադրել եւ ստիպված է վերակենդանացնել շարքից դուրս եկած ու երեւակված կլիենտներին: Միակ ռեսուրսը, որ ունեն բոլ-բոլ, փողն է, որ ուղղվում է ոչ միայն ընդդիմության եզրագծերում հայտնվածներին առնելու, փչացնելու կամ վարկաբեկելու, այլեւ իրենց փչացած ապրանքը փայլեցնելու ու նորովի մատուցելու գործին: Եթե, ըստ շրջանառվող լուրերի, ՀԱԿ-ի դեմ պայքարի համար ներդրվել է ոչ ավել, ոչ պակաս՝ 70 միլիոն դոլար, ապա կարելի է պատկերացնել, թե որքան է ներդրվել ընդդիմությանն "ընդդիմացողների" դաշտն ակտիվացնելու, քաղաքական դիակներին ասպարեզ բերելու եւ, որ ամենակարեւորն է՝ ժողովրդի առանց այդ էլ կարճ հիշողությունը պրոպագանդայի ուժով ավելի կարճացնելու համար:



Դրա վառ ապացույցը ՀԱԿ-ի գործողություններին զուգահեռ քյանդրբազություններ իրականացնելու գործընթացն է: Ինչպես գիտենք, ՀԱԿ-ը պարբերաբար կազմակերպում է այցելություններ Հայաստանի մարզեր՝ աշնանային հանրահավաքները նախապատրաստելու նպատակով: Ռեժիմն ուշի-ուշով հետեւում է այդ գործընթացին ու ձեռնարկում հակընդդեմ քայլեր: Դաշնակցականների "ավտոնոմ" կուլտուր-մասսայական միջոցառումները մի կողմ, արդեն իրականացվում են ԱԽ քարտուղարի կուսակցության թարմացման ու նախընտրական արշավների կազմակերպման ծրագրեր:



Երեւանի այն արվարձաններում, որտեղ բնակվում է գեթ մեկ ՕԵԿ-ական, բացվում են գրասենյակներ, ու սկսվել են բնակչության հավաքագրման աշխատանքներ: Զորօրինակ՝ Աջափնյակում "դվիժեննին" ակտիվացրել է գյուղնախարար Գերասիմը, որն այն բազմաբնակարանի առաջին հարկում, որտեղ ապրում էր մինչ նախարար դառնալը, բացել է գրասենյակ, իր հարեւաններին՝ փեսային ու խնամուն կարգել վերահսկողներ ու կամաց-կամաց իրենով է անում շենքի բնակչությանը, նրանց մանր-մունր կենցաղային հարցերը լուծելու միջոցով նախապատրաստում առաջիկա ընտրություններին:



Հիշեցնենք, որ նախագահի ընտրության նախընտրական շրջանում Գերասիմ Ալավերդյանը կազմակերպեց նույն տեղում ՀԱԿ գրասենյակի բացմանը խոչընդոտող կոմպանիա, շանտաժի ենթարկելով տարածքի տիրոջը, որն արդեն հարում է ՕԵԿ-ին: Նախօրեին ՕԵԿ-ը բացեց շքեղ գրասենյակ՝ քաղաքի կենտրոնում, ու ղեկավար նշանակեց նորաթուխ կուսակցականի՝ Լավանդայի Արայիկին: Իսկ Արթուր Բաղդասարյանն էլ պաշտոնապես հայտարարեց, որ թեպետ ընտրություններին դեռ երկու տարի ժամանակ կա, բայց իրենք բացել են ու շարունակելու են բացել գրասենյակներ:



ՕԵԿ գրասենյակից հետաքրքրվեցինք, թե քաղաքական ինչ ակտիվություն է այժմ դրսեւորում կուսակցությունը ու բացի գրասենյակներ բացելուց, մարզային այցելություններ իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ, եւ եթե այո, ո՞ր մարզերն է այցելել ու որ մարզերը պիտի այցելի: "ՕԵԿ-ն իր գործելաոճում երբեք չի ցուցաբերել քաղաքական պասիվություն: Օրեցօր բազմաթիվ մարդիկ են անդամակցում ՕԵԿ-ին, հետեւաբար՝ ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում գրասենյակներ բացելը դարձել է անհրաժեշտություն",-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց կուսակցության լրատվական վարչության պետ Սուսաննա Աբրահամյանը:



Նա նաեւ տեղեկացրեց, որ ինչպես Արթուր Բաղդասարյանը, այնպես էլ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը շատ հաճախ են այցելում մարզեր, հանդիպում բնակչությանն ու ծանոթանում նրանց հուզող խնդիրներին: Սուսաննա Աբրահամյանը հայտնեց նաեւ, որ մինչ այժմ եղել են այցելություններ Վանաձոր, Գյումրի, Արթիկ, Շիրակի մարզի գյուղեր: "Նոր անդամներին հարցնում էին, թե ի՞նչն է նրանց բերել կուսակցություն, ասում էին՝ հավատը, վստահությունը կուսակցության հանդեպ",-նշեց կուսակցության լրատվական ծառայության պետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այցելությունները շարունակվում են եւ մինչեւ տարվա վերջ ՕԵԿ ղեկավարությունն ու քաղխորհրդի անդամները կայցելեն Հայաստանի բոլոր բնակավայրերը: