Ձեր գործով զբաղվեք

Ձեր գործով զբաղվեք
Տարիներ շարունակ  մենք՝ լրագրողներս, ապշում ենք պետական կառույցների մամուլի ծառայությունների եւ հասարակայնության հետ կապերի վարչությունների անտեղյակության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի վրա: Այդ առումով "շահեկանորեն" առանձնանում են ուժային կառույցների, մասնավորապես պաշտպանության նախարարության ծառայությունը, որը վերը նշված որակների հետ միասին նաեւ  չի պատկերացնում իր լիազորությունների շրջանակը եւ պարբերաբար հայտնվում է ծիծաղելի վիճակում: Երեկ մի "հաղորդագրություն" են տարածել այս ծառայությունից, որտեղ պատասխանել են Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին եւ... հայաստանյան լրատվամիջոցներին: Պարզվում է՝ նշված երկու "սուբյեկտները", քննարկելով ռուսական ռազմակայանների պայմանագրի 45 տարով երկարաձգումը, իրար նման կարծիքներ են հայտնել: Ադրբեջանցին մասնավորապես ասել է. "Հայաստանն այլեւս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն": Այս արտահայտությունն ու հայկական մամուլում արտահայտված որոշ տեսակետներ հիմք են տվել, որ ՊՆ մամլո ծառայությունը մի լավ դաս տա մեզ եւ ստանձնի քաղաքական մեկնաբանի անհասկանալի դերակատարում. "Այս պայմանագիրը առավել ամրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը...": Ավելին՝ "Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է, եւ ստորագրված փաստաթուղթը համապատասխանում է երկու ինքնիշխան պետությունների ռազմավարական հետաքրքրություններին": Քիչ է մնում ասես՝ տո այ մեծախոսներ, դուք ձեր բանակում կատարված սպանությունները կանխեք ու բացահայտեք, ի՞նչ գործ ունեք մեծ քաղաքականության եւ միջպետական պայմանագրերի հետ: Ով է իրավունք տվել պաշտպանութան խնդիրների շրջանակներից դուրս գալ:



Հրապարակ.am-ի կողմից  - "Հրապարակ" օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խմբագրականը գրվել է երեկ: Այդ ընթացքում, ցավոք, նրա ուշադրությունից վրիպել է ՊՆ լրատվականի տարածած մեկ այլ "հանճարեղ" տեքստ` ուղղված անձամբ "Հրապարակին": Դրան մենք ավելի հանգամանորեն, թերեւս, կանդրադառնանք վաղը: