Բանաձեւը կարող է վտանգավոր լինել

Եվ նույնիսկ անցկացնել այնպիսի բանաձեւեր, որտեղ առկա են ոչ միայն հակահայկական, այլեւ իրականությանը չհամապատասխանող կետեր, ինչպիսիք են, օրինակ՝ "Հայաստանը էթնիկական զտումներ է իրականացրել Ադրբեջանի նկատմամբ", "Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա եւ գրավել է ԼՂ-ն ու հարակից շրջանները": Ինչո՞ւ մեր դիվանագիտական կորպուսը չի կարողանում ոչ միայն կասեցնել այսպիսի բանաձեւերը, այլեւ անցկացնել պրոհայկական բանաձեւեր: Այս հարցի պատասխանը ես գիտեմ, բայց բոլոր դեպքերում այդ մտահոգությունը այս իշխանավորների կողմից գոնե ձեւականորեն պետք է հասարակությանը ներկայացվեր:
Իսկ պատասխանը հետեւյալն է: Հատկապես 2008թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանի բանիմաց, հմուտ դիվանագետների զգալի մասը դուրս է մղվել կամ հեռացվել է դիվանագիտական կորպուսից, եւ երկրորդ՝ մնացած դիվանագետներն այդ երկու տարվա ընթացքում զբաղվում էին միայն միջազգային կազմակերպություններին ապակողմնորոշելով՝ Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված: Նպատակն այն է, որ ցույց տրվեր, թե Հայաստանում ժողովրդավարության հետ կապված որեւէ խնդիր չկա, որ Հայաստանում խոսքի ազատությունը բարձր աստիճանի վրա է գտնվում, եւ որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այսինքն, զբաղվում էին այն գործով, ինչը որ բնորոշ չէ, հարիր չէ եւ ընդհանրապես վտանգավոր է դիվանագետի համար: Եվ դա երկու բացասական հետեւանքի հանգեցրեց:
Առաջին՝ մեր դիվանագետների հանդեպ երկրների եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքը շատ բացասական դարձավ: Երկրորդ՝ այն դիվանագետների հանդեպ վստահությունը նվազում էր, որոնք ներկայացնում էին Հայաստանի՝ բոլորին հայտնի ոչ ճիշտ իրավիճակը: Եվ հետագայում, երբ նրանք փորձում էին ներկայացնել ԼՂ հարցը, նրանք արդեն արժեզրկված էին լինում: Բոլոր դեպքերում` այդ բանաձեւն այն տեսքով, որով ներկայացվում է ՄԱԿ, շատ վտանգավոր է, որովհետեւ այնտեղ Հայաստանը բացահայտ ներկայացվում է որպես ագրեսոր: Իսկ ՄԱԿ-ի վերաբերմունքը ագրեսոր երկրների նկատմամբ, մեր դեպքում ագրեսոր՝ չակերտներում, գիտենք: ՄԱԿ-ը հենց այնպես չի քննարկում բանաձեւեր:
Այդ բանաձեւերի շարունակությունը միշտ կարելի է առաջ տանել, եւ այստեղ վտանգ կա, որ բաց թողնելով առաջին քայլը՝ Հայաստանը բաց կթողներ 2-րդ, 3-րդ, 4-րդ քայլերը, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի հանդեպ թե տնտեսական, թե քաղաքական, եւ չի բացառվում՝ մի օր նաեւ ռազմական սանկցիաների:
Հովհաննես ԻԳԻԹՅԱՆ
ՀՀՇ վարչության անդամ
Կարծիքներ