Չկայացած եվրոպացիների կյանքից

Չկայացած եվրոպացիների կյանքից
Այս տարվա գարնան սկզբին իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, փորձեցին ձեռք ձեռքի տված ներխուժել Եվրոպայի ամենամեծ կուսակցություններից մեկը` Եվրոպական ժողովրդական կուսակցություն՝ EPP, սակայն մինչ այժմ անդամակցությունը չի կայացել. եվրոպական կուսակցությունը չի շտապում իր շարքերը համալրել ՀՀ կոալիցիոն ուժերով: Սերժ Սարգսյանի հետ մարտի 3-ի հանդիպման ժամանակ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսն ասել էր, թե առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն՝ ուսումնասիրելու կոալիցիոն կուսակցությունների հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը, սակայն մինչ այժմ անդամակցության գործընթաց չկա:



Ի դեպ, օրերս եվրոպական մեկ այլ մեծ կուսակցություն՝ Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը, կոչ էր արել Հայաստանի իշխանություններին "անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին": Կուսակցության նախագահ Էննեմի Նեյթս-Յութերբրոքի հայտարարության մեջ ասված էր. "Հայաստանը, լինելով Եվրախորհրդի անդամ երկիր, պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ խոսքի ազատությունը եւ համոզմունքների ազատությունը Եվրախորհրդի հիմնարար արժեքներից են: Քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտում պահելը եւ նրանց արդար դատաքննության իրավունքից զրկելը հակասում է Եվրախորհրդի անդամ երկրների հիմնարար պարտականություններին եւ անկասկած կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Եվրամիության մերձեցման գործընթացը":



EPP ձգտողներից  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին հարցրինք, թե եվրոպական այս կուսակցության՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը որոշակի ազդակ չէ՞ EPP ձգտողների համար: "Չեմ կարող ասել,- ասաց մամուլի խոսնակը՝ հավելելով:- Քանի որ եվրոպական այդ կուսակցության հետ սերտ հարաբերություններ ունի Հայ ազգային կոնգրեսի կազմում գտնվող ՀՀՇ-ն, նաեւ այդ քաղաքական հարթության մեջ նրանք դա կարող են անել": Նշենք, որ ՀԱԿ անդամ ՀՀՇ-ն Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության լիիրավ անդամ դարձավ մարտին: Մեր հստակեցմանը, թե հնարավո՞ր է, որ սա եվրոպական կառույցներից ազդակ է, որ մինչեւ քաղբանտարկյալներին չազատեն, անդամակցություն EPP-ին չի լինի, քանի որ այն ժողովրդավարական կուսակցություն է, ԲՀԿ-ական Խաչիկ Գալստյանը պատասխանեց. "Մեզ նման պահանջ որեւէ մեկը չի ներկայացրել": Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը շտապել է հայտարարել, որ իշխանությունն "անելիք չունի" հայտարարության կապակցությամբ: "Ես գտնում եմ, որ քաղբանտարկյալներ չկան: Դա տեղին հայտարարություն չէ Հայաստանի նկատմամբ, որովհետեւ այդ անձինք կոնկրետ գործողությունների համար են դատապարտվել",- "Ազատություն" ռադիոկայանին հայտարարել է Զոհրաբյանը՝ ուրանալով Հայաստանի բանտերում գտնվող 14 քաղբանտարկյալներին:



Թե ինչ կապ ունի ՀՀ ցեղակրոն նժդեհական կոալիցիան եվրոպական արժեքների, օրինակ՝ ժողովրդավարության հետ, որ ուզում է եվրոպացի դառնալ` դժվար է կռահել: Եվրոպական այդ կուսակցությանն անդամագրվելու համար պետք է արդեն իսկ համապատասխան արժեքների կրող լինել: Փաստ է, որ ՀՀ իշխանությունը շուրջ 2,5 տարի համառորեն անտեսում է ժողովրդավարացման գործընթացներին ուղղված ԵԽԽՎ բանաձեւերի կատարումը` թե՛ ընտրախախտներին, թե՛ մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու եւ պատժելու, թե՛ "Ա1+"-ին եթեր տրամադրելու, թե՛ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ թե՛ երկրում արդար կառավարում ապահովելու առումով եւ ընտրությունից ընտրություն ապացուցում է, որ բոլորովին էլ նպատակ չունի հետ կանգնել սեփական թեկնածուին ամեն գնով անցկացնելու "հայտնի մեթոդներից": Մի խոսքով, գործող կոալիցիային կարող է սպառնալ խայտառակ լինելու հեռանկարը, քանի որ ակնհայտ պատրաստ չեն "ժողովրդավարության քննությանը": Ի դեպ, ՕԵԿ ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանը դիմել էր ԵԽԽՎ EPP խմբակցություն՝ անդամակցության համար, սակայն նրան մերժել էին:



ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց, որ կուսակցությունը EPP պատվիրակությանը սպասում է աշնանը: Կուսակցությունը փաստահավաք խումբ է ուղարկելու Հայաստան` ստուգելու, թե ՀՀ կոալիցիոն կուսակցությունները որքանով են համապատասխանում իրենց դավանած ժողովրդավարական արժեքներին:



ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով` կոալիցիայի մղումը դեպի եվրոպական կուսակցություն նպատակ ունի հնարավորինս լեգիտիմացնել "սեփական ոչ լեգիտիմ իշխանությունը": ՀԱԿ համակարգողի համոզմամբ` կոալիցիոն ուժերը կարող են անդամագրվել EPP-ին, եւ փաստահավաք խումբը կարող է դրական արդյունք արձանագրել կոալիցիոն կուսակցությունների անդամակցության համար, միայն` եթե ոչ թե փաստահավաք խումբ ուղարկեն, այլ "Նիկոյանի հանձնաժողով":



Հիշեցնենք, որ մինչեւ հիմա EPP-ին Հայաստանից անդամակցում է միայն "Ժառանգություն" կուսակցությունը: