Բանակն ու Սեյրան Օհանյանը նույնը չեն

Բանակն ու Սեյրան Օհանյանը նույնը չեն
Երեկ, երբ անդրադառնում էինք պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, որտեղ ՊՆ լրատվական ծառայությունն "անարգանքի սյունին" էր գամել ՀՀ տպագիր մամուլին եւ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարին, տեղյակ չէինք, որ այդ նույն ծառայությունը նույն օրը մեր թերթը եւ մեր թղթակցի հոդվածն էլ է "նկատել": Խոսքը պաշտպանության նախարարի "բազեներին" կատարած այցը լուսաբանող հոդվածի մասին է, որտեղ ՊՆ չինովնիկներին դուր չեկած որակումներ ու դիտարկումներ կան: ՊՆ լրատվականը գրել է.



""Հրապարակ" օրաթերթի թղթակից Գայանե Առուստամյանը, որը ս.թ. օգոստոսի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի` "Բազե" համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը, հավատարիմ մնալով բանակի եւ զինծառայության հանդեպ թերթի որդեգրած "քաղաքականությանը", "վիրավորվածի" կեցվածքով լուտանքախառը եւ ադրբեջանական ԶԼՄ-ներին համաբարո բարբաջանք է տեղացել պաշտպանության նախարարի եւ բանակի հասցեին: Թերթի օգոստոսի 26-ի համարում հրապարակված "Մարտունակ բազեի եւ դիֆերենցված դաստիարակության մասին" վերտառությամբ հոդվածում նա հեգնախառն ներկայացրել է հանդիպման մանրամասները: Ազգային բանակի` ՀՀ պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտին առնչվող փաստերի նկատմամբ նման վերաբերմունքը եւ բացահայտ կեղծիքներ մատուցելու միջոցով լրատվամիջոցը հասարակական ուշադրության կենտրոնում պահելու փորձերն իրականում բանակի եւ նրա ղեկավարության վարկաբեկման եւ հեղինակազրկման փորձերի անհաջող օրինակներ են":



Մենք կարող էինք ՊՆ լրատվականի ոճով գրել, որ ձեր քիթը մի խոթեք ազատ մամուլի գործունեության դաշտ եւ մի փորձեք ձեր բարբաջանքներով տպավորություն ստեղծել, թե աշխատում եք: Սակայն չենք ասում, քանզի մենք մեզ դաստիարակված ու կիրթ մարդիկ ենք համարում եւ կարծում ենք, որ մամուլի դերը պետական պաշտոնյաներին եւ պետական համակարգերը քննադատելն է, նրանց թերությունները բացահայտելը եւ պարտադրելը, որ կատարեն իրենց պարտականությունները եւ մնան իրենց լիազորությունների շրջանակներում:



Ասում ենք նաեւ, որ հեգնանքն ու երգիծանքը գրավոր խոսքի դրսեւորումներ են, եւ նույնպես մեր իրավունքն է այդ ոճի կիրառմամբ ներկայացնել մեր տեսածն ու լսածը: Ասում ենք նաեւ, որ Սեյրան Օհանյանն ու իր լրատվական վարչությունը իրենց "հորանց" տնից չեն բերել Հայաստանի Հանրապետության բանակը եւ հաստատ այդ բանակի սիմվոլն ու մարմնացումը չեն: Մենք մեզ մեր բանակի հետ ավելի շատ ենք նույնացնում եւ կեղծ հայրենասիրության ու ճոռոմաբանությունների տակ չենք թաքնվում, երբ բանակում սպանություններ են, կոռուպցիա, բեսպրեդել:



Ասում ենք նաեւ, որ այդ նույն բանակն ու նրա ղեկավարությունը սնվում են մեր՝ հարկատուներիս միջոցներից, եւ մենք իրավունք ունենք պահանջել, որ նորմալ բանակ լինի, որտեղ մեր զավակները քաղաքակիրթ ծառայություն անցնեն, այլ ոչ թե 2 տարի կենաց-մահու պայքար մղեն՝ այնպես, ինչպես ջունգլիներում վայրի ցեղերն են մաքառել: Եվ վերջապես, երբ ընդամենը մի այցի լուսաբանման մասին է խոսքը, ինչ "բացահայտ կեղծիքների" մասին է "բարբաջում" լրատվականը եւ որ իրավունքով:



Չենք կարող չնկատել, որ այս նախարարությունն ու իր լրատվականը սկսել են ավելի ու ավելի հաճախ դուրս գալ իրենց իրավասությունների շրջանակից: Գուցե արժեր, որ ծանոթանային իրենց կանոնադրությանն ու սկսեին զբաղվել իրենց անմիջական գործառույթներն իրականացնելով:



"Հրապարակ"