Երդում եւ օրհնանք

Երդում եւ օրհնանք
Այս տարվա սեպտեմբերի 1-ն անշուշտ տարբերվում է նախորդներից: Էլ երդման արարողություն, էլ կաթողիկոսի օրհնանք: Գիտելիքի օր չէ՝ իսկական հոգեւորական տոն է: Ընդհանրապես, վերջին մեկ-երկու տարում "հոգեւորը" սկսել է գերակշռել մեր կյանքում: Գուցե պատճառը մեր աստվածավախ վարչապե՞տն է, որը երկուշաբթիները աշխատանքայինից ոչ աշխատանքային դարձնելու, մեռելոցի ու գերեզմանների նկատմամբ մի յուրահատուկ սեր ունի: Իսկ գուցե երբ իրական հոգեւորը պակասում է, սկսում են "հոգեւորի" սպեկուլյացիանե՞րը, եւ դա այնքան գայթակղիչ է, որ դրան դիմանալ չեն կարողանում անգամ նժդեհականները, զորօրինակ՝ Արմեն Աշոտյանը, որը եկեղեցու, երդում-օրհնանքների նկատմամբ այսպիսի սիրով առաջներում կարծես աչքի չի ընկել: Հնարավոր է, որ այս "հոգեւորի" տարափը աշակերտների պակասից է, եւ սա նաեւ "նյութականից" զրկված ուսուցիչներին մխիթարելո՞ւ միջոց է: Հատկապես այն ուսուցիչներին, որոնց ավագ դպրոցների ստեղծման պատրվակով "մեղմորեն" դուրս վռնդեցին դպրոցներից, եւ որոնք զբաղված են աշխատանքի փնտրտուքով: Գուցե կաթողիկոսի օրհնանքն ու բարեմաղթանքները կօգնեն նաեւ այն դպրոցների ավագ դասարանների աշակերտներին, որոնք ստիպված են այս տարվանից երկար ճանապարհ կտրել դպրոց հասնելու համար, քանի որ իրենց թաղի դպրոցը դարձել է հիմնական, իսկ մոտակա ավագ դպրոցը կամ երկու "կվարտալ", կամ երկու գյուղ այն կողմ է: Թեեւ հնարավոր է, որ օրհնանք ավելի շատ պետք է այն աշակերտներին, որոնք հենց այդ հեռավորության պատճառով կհրաժարվեն ուսումը շարունակելու մտքից, քանի որ երեք տարի այդքան ճանապարհ կտրելը նաեւ ծախսեր է ենթադրում, իսկ ավագ դպրոցի տված ուսումն առանձնապես հավատ չի ներշնչում: Մի խոսքով՝ տխուր սեպտեմբերի 1 է՝ անգամ երդման ու օրհնանքի պայմաններում: