Լոնդոնը Բրիտանիա չէ

Լոնդոնը Բրիտանիա չէ
Այս բառերը Լոդոնից դուրս տարածվող Մեծ Բրիտանիայում բազմիցս առիթ է լինում լսելու: Այդպես ասում էին Ուելսում, Անգլիայում, վստահ եմ, եթե Շոտլանդիայում լինեի` կլսեի նաեւ Շոտլանդիայում: Զրուցակիցներիս հետ համաձայնում էի. "Դուք ճիշտ եք, բայց... ես սիրում եմ հատկապես Լոնդոնը": Հերթական անգամ Կարդիֆում` Ուելսի մայրաքաղաքում երբ հարցրին տպավորություններս, ես էլ, սովորության համաձայն, ասացի. "Օ, Կարդիֆը սքանչելի քաղաք է, այնքան հանգիստ, ջերմ, հարազատ, ես այն շատ սիրեցի, բայց... ավելի շատ ես սիրում եմ Լոնդոնը": Բոլորը ծիծաղեցին: Ընկերներիցս մեկը, որ կողքիս էր եւ երեք շաբաթում ինձ հասցրել էր ճանաչել, "բացատրեց". "Դե իհարկե, ինքը Լոնդոնը պետք է սիրի, որովհետեւ այնտեղ է Լորդերի պալատը":



ՄԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏ



Ես Միացյալ Թագավորությունում էի համարյա ամբողջ ամռանը: Կարծում եմ՝ նման վայելքի համար նույնիսկ դեսպանատների աշխատակիցներն էին ինձ "նախանձում": Երեւանյան տապի փոխարեն ամառն անցկացնել Ատլանտյան օվկիանոսի ափին, Կարդիֆում, Thomson Foundation-ում, այն էլ մի ծրագրով, որի շրջանակում Լորդերի պալատում ես հյուրընկալվում ու ճաշկերույթի մասնակցում, Շեքսպիրի ծննդավայր` Սթրաթֆորդ-ըփոն-Ավոն ես մեկնում՝ Արքայական շեքսպիրյան թատերախմբի ներկայացում դիտելու, ITV ես այցելում ու Press Associations, հանդիպում ես միջազգային մեդիա ղեկավարների, ինչպես, ասենք՝ BBC-ի լեգենդար տնօրեն Գրեգ Դայքին, որին, ասում են, 2003-ին պաշտոնից հեռանալիս BBC-ի 30 հազար աշխատակազմն է կանգնած ծափահարել եւ մեկն էլ գրել է, թե "...արտասվում էին կանայք, տղամարդիկ եւ նույնիսկ լրագրողները":



Հասկանալիորեն ոչ թե Հայաստանից կամ ինչ-որ ԱՊՀ-ից, Արեւելյան Եվրոպայից, այլ ողջ աշխարհից հազարավոր լրագրողներ կցանկանային նման ծրագրում ընդգրկված լինել: Մինչդեռ ընտրվել էին միայն տասը հոգի ողջ աշխարհից, հիմնականում տնտեսական վերելք եւ հեռանկար ունեցող ռեգիոններից. երեքը՝ Հնդկաչինից, երեքը՝ Ծոցի երկրներից, երկուսը՝ Հարավային Աֆրիկայից: Իմ դեպքում, ինչպես Thomson Foundation-ի աշխատակիցներից մեկն ասաց, "Լուսի, մեր միակ եվրոպացին փաստորեն դու ես": Ստացվել էր այդպես:



Thomson Foundation-ը հիմնադրվել է շուրջ կես դար առաջ Լորդ Թոմսոնի կողմից, որն անցյալ դարի կեսերին բարձրացած թերեւս առաջին մեդիա-մագնատն էր աշխարհում: Բնական է, որ նրա հիմնադրամի հոգաբարձուների թվում եղել են եւ այսօր էլ կան Լորդերի պալատի զգալի թվով անդամներ: Այս տարի Thomson Foundation-ի կեսդարյա պատմության մեջ առաջին անգամ որոշվել էր ավանդական լրագրողների վերապատրաստման դասընթացներից դուրս ապագա մեդիա լիդերների մի ծրագիր ստեղծել: Այդ ծրագրում ընտրված տասը հոգու համար էին հիշատակված շփումները` ներառյալ հանդիպումն եւ ճաշկերույթը Լորդերի պալատում:



Ինչ տպավորություն եւ զգացողություն էր պալատի՞ց: Սքանչելի: Առաջին տպավորությունը խորհրդարանի ընդարձակ քարե նախասրահից էր, որտեղից գնում ես Լորդերի պալատ կամ որմնանկարներով ու արձաններով դրվագազարդ միջանցքի ճիշտ հակառակ կողմում գտնվող Համայնքների պալատ: Այդ քարե նախասրահի աուրան այնքան հանդիսավոր է եւ տպավորիչ` իր հնամենի քարերով, գոթական ճարտարապետությամբ, նեղ լուսանցքային պատուհաններով, ինչպես դրանք եղել են հարյուրամյակներ շարունակ, որ թվում է պատմական ֆիլմում ես հայտնվել: Լորդերի պալատն իր գինու (Bordeaux) գույնի թավշե բազկաթոռներով, շքեղ արքայական գահով (որին խորհրդարանի նստաշրջանների բացմանը բազմում է թագուհին), բարձրաբերձ պատերի ու առաստաղի ոսկեզօծ զարդարումներով ու որմնանկարներով գրեթե այնպիսին էր, ինչպիսին նկարներում ու կադրերում էի տեսել: Բայց իշխանության եւ հզորության աուրան զգալու համար իսկապես պետք էր այդ դահլիճում լինել: Բարոնուհի Դինը, որ մեր հյուրընկալն էր Լորդերի պալատում, կատակեց, թե. "Այս պալատում ամենքս հավասար ենք, բայց ոմանք ավելի հավասար են": Ակնարկն անշուշտ վերաբերում էր ազնվականությանը եւ ժառանգական լորդերին:



Տարբերության ինչ երանգներ էլ, սակայն, լինեն Լորդերի պալատի անդամների միջեւ, անփոփոխ են վարվեցողության ազնվականական էթիկետը,  խոսվածքն ու դրվածքները` գեղեցիկ, կիրթ եւ ջերմ: Ինքս Լորդերի պալատ գնացի նաեւ երկրորդ անգամ (հաջորդ անգամները՝ հուսով եմ, հաջորդ այցերիս), սակայն այդ երկու անգամն էլ պալատի միջանցքներում, լոբբիներում, ծառուղիներում, հանդիպումների սենյակներում ու սրահներում բավականին երկար եղա: Ուղղակի վայելք ու հաճույք էին այնտեղի էթիկետն ու ինտերիերը` այնքան ճիշտ, բովանդակալից ու կատարյալ... Չէի ասի, թե երկինքը Լորդերի պալատից այլ երանգ ունի, բայց մարդկային հասարակությունը մի քիչ տարբեր պատկեր ունի: Կյանքն ու աշխարհն այնտեղից պատճառաբանված ու կարգավորված մի շարժում են թվում, որտեղից ոչ հասկանում ես, թե ինչպես է երկրագնդի այլ վայրերում մարդկանց հաջողվում կյանքը վայրենության կամ քաոսի վերածել, կամ հանուն ինչի են դա անում: Ոչ էլ առավել եւս հասկանում ես, թե ինչպես են աշխարհի ինչ-որ վայրերում այնքան անկիրթ, անարժեք, անմիտ ու ողորմելի արարածներ հավակնում հասարակություններ առաջնորդելու, ինչպես դիցուք՝ Հայաստանի խորհրդարանում հավաքվածներն են` չնչին բացառություններով:



ԲՈՒՔԻՆԳԵՄՅԱՆ ՊԱԼԱՏԸ



Բուքինգեմյան պալատը Միացյալ Թագավորության գահակալի` Էլիզաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնական նստավայրն է: Շուրջ երկու դար առաջ, երբ գնվել է շինությունը, այն ուղղակի Բուքինգեմյան տուն է կոչվել: Հետագա տասնամյակներում  Ջորջ IV արքան եւ հատկապես Վիկտորիա թագուհին են տունը պալատի վերածել: Ամռանը Բրիտանիա մեկնելիս ընկերներիցս մեկին գրել էի, թե ամենից շատ ցանկանում եմ Ուեսթմինսթր Սիթիի նեղլիկ փողոցներում քայլել եւ Ազգային պատկերասրահ ու Բրիտանական թանգարան այցելել. եթե արքայական հավաքածուն էլ հաջողվի տեսնել, ընդհանրապես գոհ կլինեմ: Բայց որ իմ՝ Լոնդոնում գտնվելը ժամանակային առումով կհամընկնի Բուքինգեմյան պալատի պետական սրահների բացման հետ` այցելուների համար, չէի պատկերացրել: Եվ քանի որ պալատները իմ թուլությունն են ցանկացած երկրում, Բուքինգեմյան պալատ այցելելն առաջին գործերիցս մեկն էր Լոնդոնում:



Պալատը առաջին պահին, իհարկե, համեմատում էի իտալական պալացիոների հետ, եւ քանի որ Բուքինգեմյան պալատում չկան որմնանկարներ, որոշեցի, որ՝ այո, աշխարհում ոչինչ Իտալիա դառնալ չի կարող: Սակայն երբ վերջապես ինչ-որ պահի հաջողվեց Իտալիայի հետ համեմատություններ չանցկացնել, հնարավոր դարձավ հիանալ պալատի վեհությամբ եւ շքեղությամբ: Բուքինգեմյան պալատում դեսպանական մուտքից, միջանցքներից եւ պահակախմբի սենյակից հետո առաջինը Կանաչ հյուրասրահն է, որտեղ էլ, կարծում եմ, Սերժ Սարգսյանին ձմռանն ընդունել էր Էլիզաբեթ Երկրորդ թագուհին: Ամենայն հավանականությամբ, դրանով էլ ավարտվել էր Հայաստանի նախագահի մասնավոր այցը Բուքինգեմյան պալատ: Ցավալի է... եւ, իբրեւ Հայաստանի քաղաքացի, իհարկե միանգամայն ցանկանում եմ, որ Հայաստանը երբեւէ ունենա այնպիսի նախագահ, որն արժանի լինի Բուքինգեմյան պալատում պետական արարողակարգով ընդունելության:



Այդ դեպքում վստահաբար այդ նախագահը Կանաչ հյուրասրահից այն կողմ կանցնի: Իսկ Կանաչ հյուրասրահից հետո Գահի սրահն է, այնուհետեւ՝ Արեւելյան եւ Արեւմտյան պատկերասրահները, որտեղ մեծ մասամբ իտալական եւ ֆլամանդական կերպարվեստի գործեր են: Ինքս ոչ մի թանգարանում երեւի այնքան Վան Դեյքի կտավներ չէի տեսել, որքան Բուքինգեմյան պալատում տեսա, նաեւ Ռուբենսի գործեր կային, այդ թվում՝ մի հիշվող ինքնանկար: Այնուհետեւ Վիկտորիա թագուհու ժամանակ կառուցված պարասրահն է, որն այժմ հանդիսությունների սրահ է. այդտեղ թագուհին տարբեր անձանց, գահին եւ ժողովրդին մատուցած ծառայությունների համար, հանձնում է արքայական պարգեւներ: Այնուհետ պետական ճաշկերույթի սրահն է` մեծադիր հայելիներով, կտավներով, արձանիկներով, մոմակալներով, դեպի պալատի անծայրածիր պարտեզ բացվող տեսարանով եւ մի երեւի թե պատմական ճաշասեղանով: Մորուայի գրքում մի երկխոսության պատառիկ կա, որ ճաշասեղանը տեսնելով՝ դժվար էր չհիշել:



19-րդ դարավերջին Բեռլինյան կոնգրեսից առաջ ողջ Բրիտանիան, հատկապես թագուհի Վիկտորիան  վարչապետ Դիզրայելիից պահանջել են պատերազմ հայտարարել սկզբում Օսմանյան կայսրությանը (որովհետեւ թուրքերը նորից վայրագություներ էին արել Բալկաններում), հետո էլ, երբ Ռուսաստանն է պատերազմ հայտարարում Օսմանյան կայսրությանը եւ առաջանում, այժմ էլ ռուսական ցարին` կանխելու վերջինիս մուտքը Կոստանդնուպոլիս: Այնքան  են ամենքը տարված լինում քաղաքական անցուդարձով, որ արքունիքում ճաշի ժամանակ Վիկտորիա թագուհու դուստրերից մեկը Դիզրայելիին հարցնում է. "Չեմ հասկանում՝ Դուք ինչի՞ եք սպասում": Դիզրայելին նայում է արքայադստերը. "Ե՞ս... Կարտոֆիլը մատուցելուն": Թեման փակված էր: Իհարկե, վարչապետ Դիզրայելին պատերազմ չի հայտարարում: Փոխարենը առանց մի փամփուշտ կրակելու, Բրիտանական կայսրության զինված ուժերը ընդամենը զորաշարժի ենթարկելով եւ Հնդկաչինից Միջերկրական ծովին մոտեցնելով, Դիզրայելին Օսմանյան կայսրությունից ազատագրում է Աֆրոդիտեի հայրենիքը` Կիպրոսը, իսկ ռուսական զորքերն էլ ետ է դարձնում ոչ միայն Դարդանելից ու Բոսֆորից, այլեւ Արեւմտյան Հայաստանից` ներառյալ Կարսը: Այո... աշխարհում որքան պալատներ կան, դրանցում սահած ժամանակներ ու մարդկային գործեր"



Երկրորդ համաշխարհայինի տարիներին էլ ճաշկերույթի սրահը, նաեւ հաջորդ` Կապույտ հյուրասրահը գերմանական օդաչուների ռմբակոծումների վկան են եղել, մասամբ վնասվել են: Հետագայում, իհարկե, վերականգնվել են: Բարեբախտություն է, որ գերմանական վայրագություններից Բուքինգեմյան պալատի մարմարե արձանների անգնահատելի հավաքածուն չի տուժել: Դրանք համարյա բոլորը Կանովայի գործերն են, որոնց ցուցադրության համար հատուկ կառուցվել է պալատի Մարմարե դահլիճը: Դա հունահռոմեական մշակույթի գրեթե նույնպիսի տարածք է, ինչպես հունական եւ հռոմեական սրահները Բրիտանական թանգարանում: Գուցե դա Վիկտորիա թագուհու խոնարհումն է հունահռոմեական մշակույթի անհաս բարձրության եւ կատարելության առջեւ, գուցե պատմության մեջ հռոմեական կայսրերի  ժառանգորդ լինելու ձգտման կամ հավակնության արտահայտություն:





ԲՐԻՏԱՆԻԱՆ` ԼՈՆԴՈՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ



Եթե Լոնդոնում գոնե ինձ համար բոլոր զուգահեռները անցնում են Հռոմի հետ` Ուեսթմինսթր Սիթիի կայսրական վեհությունից մինչեւ Մոլ բուլվարի` արձաններն ու Ադմիրալական կամարը, Սբ Պողոսի անհնարինորեն հոյակերտ տաճարն ու Կանովայի մարմարե քանդակները պալատներում, ապա Լոնդոնից դուրս ասոցիացիաները ֆրանսիական Ռիվերիայի հետ էին: Գրքի պատկերազարդում թվացող փոքր քաղաքներ, գոթական ճարտարապետության կանոններով երկհարկանի շինություններ, ամենուր, անվերջ նատյուրմորտային գեղեցկության ծաղիկների զամբյուղներ  եւ ներդաշնակ ու հանդարտ հոսող մի կյանք:



ՍԹՐԱԹՖՈՐԴ-ԸՓՈՆ-ԱՎՈՆ



Սա այն քաղաքն է, որտեղ ծնվել է Վիլյամ Շեքսպիրը: Հրաշալի պահպանված եւ այժմ թանգարանի է վերածված տունը, որտեղ Շեքսպիրը ծնվել եւ ապրել է: Ինքս այսքան տարում չէի լսել եւ եթե այդ տանը չլինեի, գուցե երբեք էլ չէի իմանա, որ Շեքսպիրը ոչ թե թատերգություններով ու դրանց բեմադրություններով է գումար վաստակել կյանքում, այլ կաշվե ձեռնոցներ կարելով: Կաշվեգործների գիլդայի անդամ է եղել, եթե չեմ սխալվում` նույնիսկ ղեկավարներից մեկը: Քաղաքում կանգուն է եւ գործում է նաեւ շատ գեղեցիկ Սբ Երրորդություն եկեղեցին, որի պատերից ներս Շեքսպիրի, իր կնոջ, դստեր եւ դստեր ամուսնու շիրիմներն են:



Սթրաթֆորդ-ըփոն-Ավոնը գողտրիկ քաղաք է, այնքան փոքր, որ նույնիսկ չեմ հիշում՝ այնտեղ հանրային տրանսպորտ նկատեցի, թե միայն մարդատար մեքենաներ էին, անցորդներ եւ Ավոն գետում նավարկող նավակներ: Նաեւ չգիտեմ  այնտեղ որքան մարդ է ապրում, բայց բոլորն այնքան ժպտադեմ են, ջերմ ու սիրալիր, որ ցանկացած հյուրի թվում է, թե մի կյանք այդտեղ է ապրել: Որեւէ փողոցում քարտեզը հանես` կողմնորոշվելու, թե ուր կամ ինչպես ես գնում, հաստատ մեկը կմոտենա. "Դուք շփոթվե՞լ եք, կուզե՞ք օգնեմ, ո՞ւր եք գնում": Իհարկե, աշխարհում բազմաթիվ են քաղաքները, որտեղ ցանկացած անցորդի մոտենաս, մեծ սիրալիրությամբ կբացատրի, թե ուր եւ ինչպես գնալ, բայց որ առաջինը մոտենան ու հետաքրքրվեն ինչպես օգնել... Նման ուշադրություն ու սիրալիրություն երեւի միայն Բրիտանիայում կարող է լինել:



Սակայն մարդկանցից, շինություններից, շեքսպիրյան վայրերից ավելի Սթրաթֆորդ-ըփոն-Ավոնի այցեքարտը Արքայական շեքսպիրյան թատերախմբի (RSC-Royal Shakespeare Company) ներկայացումներն են: Այժմ ընթանում են շուրջ հինգ տարի տեւած RSC-ի թատրոնի շենքի ընդարձակման եւ վերակառուցման վերջին աշխատանքները: Նոյեմբերին կտրվեն ներկայացումներ արդեն թատրոնի նորաբաց երկու դահլիճներում, որոնցից մեկը գործում է դեռ Շեքսպիրի կենդանության օրերից եւ վերակառուցվել է Վիկտորիա թագուհու օրոք: Ներկա վերակառուցումից հետո նախատեսվում են ներկայացումներ ոչ միայն դահլիճներում, այլեւ թատրոնի բարձր հարկերում, որտեղ ապակե պատերից բացվող Սթրաթֆորդ-ըփոն-Ավոնի լանդշաֆտային տեսարաններն են բեմական ինտերիեր ծառայելու:



Սթրաթֆորդ-ըփոն-Ավոն մենք մեկնել էինք դիտելու Շեքսպիրի կոմեդիաներից մեկը` As you like it ("Ինչպես կուզեք"): Մինչ այդ Շեքսպիրից ես միայն երկու գործ էի տեսել իմ կյանքում (այսինքն` ինչը կարելի է կոչել Շեքսպիր տեսնել)` հենց As you like it եւ "Համլետ": Երկուսն էլ, հասկանալիորեն, Լոուրենս Օլիվիեի ֆիլմերն են եղել` իր գլխավոր դերակատարմամբ: Սակայն Օլիվիեի մեկնաբանությունն անգամ համեմատության առարկա ունենալով, RSC-ի ներկայացումից հետո միայն Ֆելինիի բառերն էին մտքումս հնչում. "Արվեստի մի ժանրում ստեղծված գործը չի կարող ներկայացվել ուրիշ ժանրում": RSC-ում As you like it դիտելուց հետո Օլիվիեի ֆիլմն այնքան անիմաստ թվաց, որքան Ֆելինի կամ Կուրասավա թատրոնում բեմադրելը պիտի թվար: RSC-ում համոզվում ես, որ Շեքսպիրը թատրոն է, միայն թատրոն եւ ոչինչ բացի թատրոնից: Իսկ ի՞նչն է թատրոն. դա արդեն հարց է:



Կարծում եմ պատասխանն է` թատրոնն այն է, ինչ եղել է Հին Հունաստանում:  Իսկ RSC-ի բեմում հունական թատրոնի կատարելություն է: Դահլիճն ամֆիթատրոն է, որտեղ գոյություն չունեն կուլիսներ, բեմում չկան դեկորացիաներ, անգամ դեկորացիայի բեկոր, լուսային ռեժիսուրան միայն լույս եւ ստվեր է, երաժշտական ձեւավորումը՝ միայն մենակատարի կենդանի երգեցողություն: Ավելորդություններից զերծ այդ բեմական դատարկության մեջ, միայն սալիկային, սպիտակ մի պատի եւ հատակի միջեւ ամփոփված տարածությունում (որտեղ սալիկները բացվում են իբրեւ դուռ, պատուհան կամ լյուկ) խաղարկվում է շեքսպիրյան թատերգություն: Թատերգության տեքստի արարները միացված են, տեսարանների միջեւ անցումները՝ գրեթե վերացված: Եվ այդ մաքսիմալ սեղմված ժամանակի ու տարածության մեջ արտիստական խաղը արարում է թատրոն:



Իրոք թատրոն, որի մասին է ասված հրաշք: RSC-ի ռեժիսուրան եւ արտիստների խաղը... որքան հոգեկան լարում, պրկված էմոցիա, անհնար արագություն եւ ճառագող էներգետիկա կար դրանցում: Առանց չափազանցության RSC-ի դահլիճի սպիտակ հատակի ու պատի միջեւ ենթադրվող անտառը թվում էր ավելի շոշափելի, քան իրական անտառը Օլիվիեի ֆիլմում: Թատրոնը աննյութական աշխարհ է. դա ակներեւաբար գիտակցել են Հին Հունաստանում` նյութական ամեն իր ու դեկոր վերացնելով բեմից: Եվ RSC-ը հասել է թատրոնի նույն կատարելությանը` այն էներգետիկ դաշտին, որտեղ լոկ հանդիսատեսի միտքը, զգացումներն ու երեւակայությունն են ծառայում նյութ, ինչից արտիստներն արարում են թատրոն: Դրա համար էլ RSC-ի ներկայացումից զգացողությունը ոչ թե դիտելու էսթետիկական հաճույք է, այլ գրեթե արարելու հոգեկան բավականություն, բացարձակ արժեքի հետ հաղորդակցում, որին ցանկանում ես վերադառնալ նորից ու կրկին:



Մինչդեռ մենք Սթրաթֆորդ-ըփոն-Ավոնում էինք ոչ այնքան էսթետիզմի կամ մշակույթի, RSC-ի ներկայացում վայելելու համար, որքան Արքայական շեքսպիրյան թատերախմբի տնօրենին հանդիպելու եւ իրենից լսելու, թե ինչպես է հնարավոր ստեղծագործական կոլեկտիվին միավորել մոտիվացիայի շուրջ եւ հասնել այն հաջողությանը, որին RSC-ն է հասել ընդամենը յոթ տարում` 2003-ին կազմակերպական եւ ֆինանսական կատարյալ ֆիասկոյի մեջ լինելուց հետո: Եվս մեկը Thomson Foundation-ի անմոռանալի հանդիպումներից:





ՈՒԵԼՍ



Մեծ Բրիտանիան կազմող երեք պետական կազմավորումներից մեկի`  Ուելսի մայրաքաղաքում է գտնվում Thomson Foundation-ը: Ուելսը տարածվում է Անգլիայից արեւմուտք, մայրաքաղաք Կարդիֆը բարձրանում է ճիշտ Ատլանտիկի ափին: Ուելսում կան դեռ երկու հազարամյակ առաջ հին հռոմեացիների կողմից կառուցված բազմաթիվ կանգուն ամրոցներ, բայց ընդհանուր առմամբ՝ դա կանաչ լանդշաֆտներով, գողտրիկ քաղաքներով ու ծաղիկների մեջ կորած գյուղակներով, անգլիական գրականության ու բնանկարների պատկերաշարի նմանվող երկիր է` խաղաղ ու ջերմ:



Բրիտանական արքայական ընտանիքում ծնվող անդրանիկ որդին ժառանգում է Ուելսի արքայազնի տիտղոսը եւ հանդիսանում է Ուելսի պետականության բարձրագույն դեմքը: Սակայն Անգլիայի եւ Ուելսի միջեւ միասնությունն արտահայտվում է ոչ միայն արքունիքի հարյուրամյա դրվածքներում, այլեւ ժողովուրդների հիշողության մեջ եւ առօրյայում: Անգլիացի հերոսներին Ուելսում են մեծարում, ուելսցի առաջնորդներով Անգլիան է հպարտանում:



Thomson Foundation-ում դասընթացների երկրորդ շաբաթվա ավարտն էր` Թիմ Ռոջերսը (TF-ի Մեդիայի եւ վերպատրաստումների ղեկավարն է) որոշեց, թե՝ բավական է կարեւոր անձինք, հանդիպումներ, այցելություններ, չգնա՞նք պիկնիկի: Գնացինք Ուելսի արեւելք, Անգլիայի սահմանին գտնվող Մանմոֆշիր: Տեղական զբոսաշրջային ծառայությունից էլ հաճույքով ուղեկցում էին` եւ տեսարժան վայրերին ծանոթացնելով, եւ բնական սննդի, ամենամյա միջազգային ուտեստի փառատոնների մասին պատմելով: Այդուհանդերձ, սննդից ավելի Մանմոֆշիրից հիշողությանս մեջ մնաց լորդ Նելսոնի եւ լեդի Համիլթոնի սիրավեպին մեր գիդի տված մեկնաբանությունը: Ճիշտ այնպիսի մեկնաբանություն էր, որոնց համար է Քամյուն ասում. «Երբ մտածում ես, թե մահիցդ հետո մարդիկ ինչեր կարող են խոսել, մահանալն անթույլատրելի է թվում»:



Ինչեւէ սակայն... անկախ մեկնաբանություններից` ադմիրալ Նելսոնին առնչվող հիշատակության վայրերը Ուելսում Անգլիայի հետ պատմության եւ հերոսների միահյուսման վկայություն են: Նելսոնն ուելսցի չէ, Մանմոֆ քաղաքում գուցե երբեք էլ չի եղել, բայց հանրահայտ Rolls-Royce ավտոմակնիշի եւ ընկերության հիմնադիր Չարլզ Ռոլսի մայրը, որ ադմիրալի երկրպագուհին էր,  հարյուր տարվա հեռավորությունից նրան պատկանած իրեր հավաքելով՝ կարողացել է 20-րդ դարասկզբին Մանմոֆում ամբողջ Նելսոնի թանգարան հիմնադրել: Մանմոֆշիր երկրամասի մեկ այլ վայրում` Կյումինում էլ անտառապատ լեռների մեջ երկհարկանի, ամրոցի մանրակերտի նմանվող մի ճաշկերույթի տուն կար կառուցված: Կառույցը հավերժացնում է ադմիրալ Նելսոնի եւ լեդի Համիլթոնի 1790-ականներին մի քանի օր այդ վայրում իջեւանելու հիշողությունը:



Բրիտանիայի միահյուսված պատմության մեկ այլ վկայություն էլ Դեյվիդ Լլոյդ-Ջորջի մեծարումն է Անգլիայում: Լլոյդ-Ջորջը Բրիտանիայի մեծագույն վարչապետներից մեկն է, Առաջին համաշխարհայինը հաղթությամբ ավարտած առաջնորդը, որը 1912-ին բրիտանական գաղութներին անկախության շնորհման գաղափարը տվեց եւ սկիզբը դրեց, իր որոշիչ մասնակցությամբ հիմնադրեց Ազգերի լիգան, 600-ամյա ընդմիջումից հետո 1917-ին հռչակեց հայկական պետության վերականգնման մասին, որ իրագործվեց Սեւրի դաշնագրով, եւ հայտարարեց «հրեական օջախի» հիմնադրման մասին Պաղեստինում: Լլոյդ-Ջորջը գուցե աշխարհում ամենահայտնի ուելսցին է, որի արձանը Լոնդոնի պառլամենտի հրապարակում է` իր ընկեր ու զինակից Ուինսթոն Չերչիլի արձանի կողքին, նաեւ Կարդիֆում է` քաղաքապետարանի հրապարակում:



ԿԱՐԴԻՖ



Թե ինչպես ստացվեց, որ անցնող տարում` Սեւրի դաշնագրի 90-ամյակին ինձ վիճակվեց եւ Նուբար փաշայի կիսանդրին տեսնել Կահիրեում, եւ Լլոյդ Ջորջի արձանը Կարդիֆում, չգիտեմ, բայց երկու դեպքում էլ դժվար էր առանց հուզմունքի այդ արձաններին նայել:



Կարդիֆը թեեւ մայրաքաղաք է, ոչնչով չի նմանվում 20-րդ դարի մեգապոլիսներին: Այնտեղ չկան երկնաքերներ, նույնիսկ բարձրահարկ շենք, չկա նաեւ մետրոպոլիտեն: Կարդիֆն իր ճարտարապետական դիմագիծը ձեռք է բերել 19-րդ դարում: Եվ այդ դիմագիծը մեծապես որոշել է մի անձնավորություն` շոտլանդացի մարկիզ Բյութը, որի ծնվելուց հետո  լրագրերը գրել են, թե ծնվեց Բրիտանական կայսրության ամենահարուստ երեխան: Երրորդ մարկիզ Բյութը բարեբախտություն է ունեցել ծնվել մի ժամանակ, երբ Կարդիֆում Բյութերի ժառանգական սեփականությունը հանդիսացող հողատարածքներում հայտնաբերվում են ածուխի հսկայական պաշարներ: Երրորդ մարկիզը ընտանիքի միակ զավակն էր եւ, ժառանգելով այդ հարստությունը, ինքնաբերաբար դառնում է Վիկտորյան դարաշրջանի Բրիտանական կայսրության (նույնն է թե աշխարհի) ամենահարուստ մարդկանցից մեկը, եթե ոչ ամենահարուստը: Ասում են՝ աշխարհում առաջին միլիոն դոլար արժողությամբ բանկային չեքը կանխիկացվել է Կարդիֆում (բնականաբար՝ պատկանել է մարկիզ Բյութին):



Բացի հարստությունը, մարկիզ Բյութը ստացել է փայլուն կրթություն, տիրապետել քսանմեկ լեզուների, ֆինանսատնտեսական գիտելիքների եւ հիացմունք պատճառող նրբաճաշակության: Ֆրանսիացի ճարտարապետ Բուրգեի հետ Կարդիֆի երկուհազարամյա ամրոցը մարկիզն այնպես է վերափոխել ու շքեղորեն հարդարել (չեմ հիշում քանի կիլոգրամ ոսկի միայն Արաբական սենյակի առաստաղի զարդարումների վրա էր ծախսվել), որ մի ամբողջ դար հետո էլ ամրոցը մնում է Ուելսի մայրաքաղաքի այցեքարտը: Թեեւ Կարդիֆի գլխավոր այցեքարտն իհարկե Ատլանտիկի ծովեզրն է մինչեւ հորիզոն ձգվող ալիքներով: Ծովեզրին հանգստի եւ բիզնես գոտի է` նորակառույց Հազարամյակի կենտրոնով:



Եվ վերջապես, քաղաքի հպարտություններից մեկն էլ Կարդիֆի համալսարանն է նեոկլասիցիզմի շքեղությամբ կառուցված մասնաշենքերով եւ աշխարհում հայտնի գիտական կենտրոններով: Ժուռնալիստիկայի ասպարեզում Կարդիֆի համալսարանը միջազգային հռչակ է վայելում, ինչով էլ բացատրվում է Thomson Foundation-ի` Կարդիֆում հաստատվելը: TF-ը գտնվում է Կարդիֆի կենտրոնում` քաղաքապետարանի, Ազգային թանգարանի եւ համալսարանի հարեւանությամբ` Park Place 37 հասցեում, որ այնքան հարազատ էր դարձել ամենքիս: Սակայն հարազատությունից կամ որեւէ զգացումից ավելի հետաքրքիր է այն, թե Լորդ Ռոյ Թոմսոնի կողմից հիմնադրված Thomson Foundation-ն ինչպես է կարողացել լրագրողական վերապատրաստումների ամենահզոր եւ հայտնի կառույցը մնալ աշխարհում կես դար շարունակ, երբ գոնե տեխնիկական միջոցների առումով 1960-ականների եւ այսօրվա լրագրության միջեւ չկա ոչինչ ընդհանուր: