Ինքնիշխան եւ հպարտ

Ինքնիշխան եւ հպարտ
Երեկվանից սկսվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Ադրբեջան: Ասում են՝ քննարկվելու է հատկապես Ղարաբաղի հարցը: Այս այցը, թերեւս, տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու եւ Հարավային Կովկասում ռուսական մեծապետական քաղաքականությունն առաջ տանելու նպատակ ունի: Եթե այցելել է Երեւան, ապա անպայման պետք է այցելեր նաեւ Բաքու. դա է պահանջում մեծ դիվանագիտությունը: Ռուսաստանի նման մեծ պետությունը կարող է իրեն թույլ տալ ինքնուրույն եւ միայն իր շահերից բխող քաղաքականություն վարել: Մեր պետության նման փոքր ու չկայացած երկրներն է, որ նման քայլեր անելու իրավունք իրենց չեն վերապահում. ինքնուրույն քաղաքականություն վարելու համար պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես` տարածաշրջանում եւ առհասարակ: Պետք է ինքնուրույն տնտեսություն եւ անկախ երկրի կարգավիճակ ունենաս: Դրանից էլ բխում է այն խեղճությունն ու մեծ եղբորն ուղղված համազգային քծնանքը, որը մենք արձանագրեցինք օրեր առաջ՝ Մեդվեդեւի այցի օրերին: Այդ կախյալությամբ պայմանավորված այլ քայլեր ու գործողություններ էլ են կատարվում, որ վրիպում են մեր ուշադրությունից: Ասենք, ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին տասը տարում առաջին անգամ Արցախի անկախության օրը Ստեփանակերտ չայցելեց Հայաստանի նախագահը: Նա բավարարվեց միայն շնորհավորական ուղերձ հրապարակելով: Մինչդեռ այս տոնը Ղարաբաղում հանդիսավորությամբ նշելը դարձել է ավանդույթ, որը, որպես կանոն, պահպանել են ՀՀ նախագահներն ու Հայաստանի բարձրաստիճան չինովնիկները: Այս անգամ Ղարաբաղ մեկնեցին ՀՀ վարչապետն ու այլ չինովնիկներ, բայց ոչ Սերժ Սարգսյանը: Գուցե սա կապված է Մեդվեդեւի՝ Բաքու կատարած այցի հե՞տ: Գուցե ա՞յլ պատճառներ կան, որոնց մասին մերոնք լռում են: