Ծառուկյանը մեղք չունի. ասում է Խաչիկ Գալստյանը
- Ի՞նչ գաղափարական տարբերություն կա ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ:
- ՀՀԿ-ն իր համար որդեգրել է ազգային պահպանողական գաղափարախոսությունը, եւ մենք տեսնում ենք, որ որոշակի հետեւողականությամբ նրանք այդ գիծն իրականացնում են: ԲՀԿ գաղափարախոսությունը, Հանրապետականի հետ ընդհանուր քրիստոնեադեմոկրատական արժեհամակարգի մեջ տեղավորվելով, ավելի ընդգծված լիբերալ մոտեցումներ ունի: Հատկապես սոցիալական ուղղվածությունը մեր կուսակցության էական տարբերություններից է:
- ԲՀԿ-ին չի՞ խանգարում այն փաստը, որ սոցիալապես անապահով բնակչությունը Ձեզ համակրում է՝ նյութական շահով առաջնորդվելով, որովհետեւ գիտի, որ ձեր լիդերը փող եւ օգնություն է բաժանում:
- Նախկինում, երբ պարոն Ծառուկյանը նոր հրապարակային գործունեություն էր իրականացնում, այո, սոցիալական շեշտադրումը եւ անապահով խավի մղումը դեպի այս կուսակցություն տարբեր ակնկալիքներով ավելի շատ տեղ ուներ: Բայց այսօր իրավիճակը փոխվել է: Այսօր ԲՀԿ-ին հարում են ավելի կայացած մարդիկ, այսինքն՝ որոշակի սոցիալական դիրք ունեցող: Չմոռանանք, որ պարոն Ծառուկյանն ունի ընդգծված բարեգործական ուղղվածություն իր հասարակական գործունեության մեջ, ինչը նա շարունակելու է ամեն դեպքում: Նա ինքը դա անում է իր հոգու մղումով, ոչ թե PR նպատակներով: Նա իր համար որոշել է, որ եթե Աստված իրեն շատ է տվել, այդ ունեցածից հսկայական բաժին պետք է հասցնի դրա կարիքն ունեցողներին: Իհարկե, սոցիալական վիճակն այնպիսին է, որ իրենք իրենց քաղաքական նախապատվությունները ստիպված են լինում տալ՝ որոշակի նյութական շահերով առաջնորդվելով:
- Ասում եք, որ PR չի, բայց "Կենտրոն" հեռուստատեսությունն անընդհատ հենց այդ ակցիաներն է ցույց տալիս: Օրինակ, թե ոնց է Գագիկ Ծառուկյանը կարտոֆիլ բաժանում:
- Եթե գտնեք մի նյութ, որտեղ ասվում է ավելին, քան արվում է, գուցե համաձայնեմ Ձեզ հետ:
- Մի նյութը մի քանի անգամ են պտտում:
- Կատարված գործի ցուցադրության մեջ վատ բան չեմ տեսնում:
- PR չե՞ք տեսնում:
- Այո, կարտոֆիլի հետ կապված կարող եմ ասել, որ դրա բարձր գները որոշ մարդիկ կապեցին նաեւ Ծառուկյան ընտանիքի գործունեության հետ: Բայց փաստ է, որ միայն գարնանը 1000 տոննայից ավելի բարձրորակ կարտոֆիլի սերմացու բաժանվեց մեր երկրի սահմանամերձ շրջանների 200-ից ավելի համայնքներում, իսկ դա մարդկանց հանապազօրյա հացի խնդիրը լուծելու օրինակ էր:
- Գյուղացին օգնություն ստացավ, բայց եկամուտ ստանալը դադարեց: Շուկան տուժեց: Գեղարքունիքի մարզի բնակիչները նշում են, որ Ծառուկյանն ահռելի հողատարածքներ է գնել եւ կարտոֆիլի գինը գցել է, եւ այս տարի նրանք վաճառքի համար չցանեցին:
- Նախ, անցած տարի նման հողային ձեռքբերումներ տեղի չեն ունեցել: "Մուլտի ագրո" գիտաարտադրական միավորումը, որը "Մուլտի կոնցեռնի" բաղկացուցիչ մասն է, Գեղարքունիքի մարզում արդեն մի քանի տարի է, ինչ ունի հողատարածքներ:
- Ոչ միայն "Մուլտի ագրոյի" հողերն են իրենը:
- Միայն դա է: Մի քանի հարյուր հեկտար է: Եթե կարտոֆիլի շուկան ուսումնասիրենք, տարեկան արտադրվում է մոտ 300- 500 հազար տոննա, ցանքատարածքները մոտ 30-35 հազար հեկտար են: Պարոն Ծառուկյանին կամ "Մուլտի ագրոյին" պատկանող հողատարածքներն ընդամենը 200 կամ 300 հեկտար են, ինչն ամբողջ ցանքատարածքների մեկ տոկոսից էլ պակաս է, ինչը որեւիցե ազդեցություն գների վրա չէր կարող ունենալ: Գեղարքունիքի մարզի բնակիչները որոշակիորեն տուժում են, բայց խնդրեմ, եթե նրանք ավելի ճիշտ մարկետինգ իրականացնեն, այս տարի հսկայական գերշահույթներ կարող են ունենալ: Իսկ բանակին "Մուլտի կոնցեռնը" արդեն 3 տարի է՝ կարտոֆիլ չի մատակարարում:
Կարծիքներ