Ո՞ւմ հաշվին եք շրջագայում

Ո՞ւմ հաշվին եք շրջագայում
Պարզվում է՝ ՀՀ պետական պաշտոնյաներն այս տարի արտասահմաններում ֆռֆռացել են՝ իրենց չխնայելով: Տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ ամեն ինչ օր օրի թանկանում է, մեր պաշտոնյաները պետական փողերը ծախսում են առանձնակի դաժանությամբ. արդեն սպառել են շրջագայությունների համար նախատեսված տարեկան բյուջեն ու 50 մլն դրամի լրացուցիչ ծախսի տակ գցել պետությանը: Թե ով է փակելու այդ ծախսերը, չինովնիկներին չի հետաքրքրում: Ավելին՝ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը կառավարության այսօրվա նիստում 50 մլն դրամ լրացուցիչ գումար է ուզելու՝ արտասահմանյան շրջագայությունների ծախսերը փակելու համար: ԱԱԾ պետը հիմնավորել է, թե "նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ"։



Ընդ որում՝ 2010 թ. պետական բյուջեով "Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր" հոդվածով ՀՀ ՊՊԾ-ին հատկացվել է 75 մլն դրամ։ Ներքին հոդվածային վերաբաշխման արդյունքում այս հոդված է տեղափոխվել եւս 18 մլն։ Սակայն սա էլ չի բավականացրել արտասահմաններում հարկատուների հաշվին ֆռֆռացող չինովնիկներին, ու տարվա կեսերին 93 մլն դրամից մնացել է 2 մլն 164 հազար դրամ։ "Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք Ձեզ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պետական պահպանության ծառայությանը 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածով լրացուցիչ հատկացնել 50 000.0 հազար դրամ՝ ՀՀ ՊՊԾ զինծառայողների 2010 թ. երկրորդ կիսամյակի գործուղումների ծախսերը վճարելու համար",- ասվում է որոշման նախագծի մեջ։ Կարծում ենք՝ ՀՀ  կառավարությունը պետք է հրապարակի պաշտոնյաների այցերի ցուցակը եւ պարզի, թե հանրությունը համաձա՞յն է, որ իր հաշվին պաշտոնյաները ֆռֆռան արտասահմաններում: