Երիտասարդ թոշակառուն երիտասարդության հովանավոր
Քոչարյանը փորձում է վերակենդանացնել իր ժամանակներում ստեղծված ՀԵԿ-ը: Թեեւ վերջինս առաջիկա խորհրդարանական ընտրություններում նվազագույնի շեմը հաղթահարելու հույս ունի, սակայն չի բացառվում, որ վերջին պահին միավորվի ԲՀԿ-ի հետ, եւ մի քանի ՀԵԿ-ականներ հայտնվեն նրա ցուցակում: Հիշեցնենք ՀԵԿ-ի եւ Վահան Բաբայանի անցած ուղին. ամիսներ առաջ վերջինս Սերժ Սարգսյանի փեսայի հովանու տակ գտնվող ՄԻԱԿ-ի կազմում էր, ՀԵԿ-ն ինչ-որ պահի միավորվեց ՄԻԱԿ-ի հետ, հետո անսպասելի բաժանվեցին: Սակայն Վահան Բաբայանի քաղաքական գործունեությունը սկսվել է ընդդիմության շարքերում:
Նախ նա Իդա Մարտիրոսյանի ՔԴՄ-ի շարքերում էր, ապա՝ "Հանրապետություն" կուսակցության, 2005 թվականին հայտնվեց Հայաստանի երիտասարդական կուսակցության տաքուկ գրկում, կարճ ժամանակ անց նախագահ կարգվեց, իսկ նախագահական ընտրությունների նախօրեին լուծարելով կուսակցությունը՝ սողոսկեց թվացյալ հեռանկարային ՄԻԱԿ, որտեղ, սակայն, նրա ամբիցիաները չբավարարվեցին, ուստի վերադարձավ ՀԵԿ: Ասում են՝ դրան նպաստել է նաեւ Ռ. Քոչարյանի թիմից ստացված առաջարկը՝ ծվարել իրենց թեւի տակ:
Առաջարկը Բաբայանը համարել է հեռանկարային, քանի որ այդ պրոյեկտի մեջ խոստացել են մեծ փողեր դնել, եւ համաձայնել է: Իսկ այդպես էլ գլուխ չեկած ՄԻԱԿ-պրոյեկտի մասնակիցներն այդքան էլ թեթեւ չեն տարել Վահան Բաբայանի դավաճանությունը եւ որոշել են "հաշվեհարդար" տեսնել նրա հետ: Առնվազն իրենց ենթարկվող ԶԼՄ-ներին արգելված է Բաբայանի եւ ՀԵԿ-ի հետ կապված որեւէ նյութ հեռարձակելն ու լուսաբանելը: Սակայն Վահան Բաբայանի դեմն առնելը դժվար կլինի. նա իր անսպառ եռանդով ձեռնամուխ է եղել ՀԵԿ-ը համալրելու գործին՝ մարզեր է այցելում, նոր անդամագրումներ է կազմակերպում, իր կողմն է գրավում ՄԻԱԿ-ի դժգոհ զանգվածին: Երեկ, օրինակ, հայտարարվեց, որ ՄԻԱԿ-ի կազմից դուրս գալով՝ ՀԵԿ-ին է միանում Լոռու մարզային կառույցը:
Կուսակցաշինությանը նպաստում է նաեւ "Ստրատեգիա 2020" ծրագիրը, որի իմաստը հայոց ինտելեկտուալ երիտասարդությանը հավաքագրելն ու արժանապատիվ աշխատանքով ապահովելն է: Այս ծրագրում իրենց մասնակցությունն ունեն նաեւ ԲՀԿ-ական ջահելները: Քոչարյանական տանիքի տակ ծվարածները մտածել են, որ բարեկեցիկ ապագայի խոստումներով հազարավոր երիտասարդներ կանդամագրվեն կուսակցության շարքերում: Ավելին, ՀԵԿ-ի կազմում ստեղծել են "Վերելք" անունով մանկապատանեկան խմբակ, որով կրտսեր սերնդին իրենցով կանեն դեռեւս դեռահասության տարիքից: Քոչարյանի գրկում հանգրվանելու վերաբերյալ լուրերի մասին մեկնաբանություններ փորձեցինք լսել նաեւ Վահան Բաբայանից: Նա իր գործելաոճին բնորոշ "հստակությամբ" արտասանեց. "ՀԵԿ-ը ինքնուրույն կուսակցություն է, բարձրաձայնում է Հայաստանի երիտասարդների խնդիրների մասին ու առաջարկում ապագայում դրանց լուծումը՝ թե օրենսդիր, թե կառավարման մարմիններում: ՀԵԿ-ը դեռ չի որոշել առաջիկա ընտրություններում իր մասնակցության ձեւաչափը": Ի դեպ, ըստ որոշ լուրերի, քոչարյանական կառույցներին կցվելու ցանկություն ունի նաեւ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս դեռեւս ձմռանը հետաքրքրված էր ՄԻԱԿ-ով, նույնիսկ առաջարկել էր իր անդամակցությունը, բայց նրան լուրջ չէին վերաբերվել:
ՀԳ - Մոտ մեկ ամիս առաջ մեզ հետ հարցազրույցում Վահան Բաբայանն ասել էր, որ իրենց հովանավորը ինքը՝ տեր Աստվածն է: Փաստորեն, մի քանի ամիս անց իմացանք, թե ով է Վահան Բաբայանի կարծիքով Բարձրյալը: Մեղա, մեղա:
Կարծիքներ